Հանրությանը սպառնում են լրջագույն խնդիրներ՝ կյանքի որակի և տևողության հետ կապված, Նուբարաշենի աղբավայրը ամեն վարկյան կարող է շնչահեղձ անել քաղաքը
Հանդիպում«Մեր քաղաքային իշխանությունները պետք է զբաղվեն օդի որակով, սա ամենակարևորն է, որ պետք է անեն: Երրորդ տարին է արդեն, որ Երևանի քաղաքապետարանը «հնձում» է Երևանի բոլոր ծառերը, ծախսում է միլիարդավոր դրամներ Երևանի հետ կապ չունեցող գնդիկ-բոքոնիկ ծառերի համար, ծախսում են միլիարդներ՝ ստանալով զրո արդյունք: Այդ գումարները պետք է ուղղվեն նոր աղբավայրի նախագծի իրականացմանը, 30 տարի է՝ ես լսում եմ Կամո Արեյանից, որ իրենք արդեն սկսել են աղբավայրի հարցով զբաղվել, ի վերջո, մենք կտեսնե՞նք, որ ինչ-որ բան արված է, ինչքան կարելի է առնչվել նույն խնդրին»,-անդրադառնալով հարցին, թե Նուբարաշենի աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհներն ի՞նչ հետևանք կունենան մայրաքաղաքի օդի որակի վրա, ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը․
-Լինելով հանրային առողջապահության փորձագետ՝ ասում եմ, որ մեր հանրությանը սպառնում են լրջագույն խնդիրներ՝ կյանքի որակի և տևողության հետ կապված: Մարդիկ պետք է շնչելու օդ ունենան, այն ռիսկերը, որոնք կան, ուղղակիորեն անդրադառնում են մեր առողջության վրա: Ամենախոցելին սակայն մեր երեխաներն են, նորածին երեխայի առողջությունն այսօր վտանգված է, ու Նուբարաշենի աղբավայրը ամեն վարկյան կարող է շնչահեղձ անել քաղաքը։ Երևանի քաղաքապետը հայտարարում է, թե օգոստոսին ու սեպտեմբերին օդի որակը եղել է լավ կամ գերազանց: Ես չգիտեմ, թե նա ո՛ր քաղաքի մասին է խոսում, որովհետև այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, իսկ այն, ինչ հայտարարում է ինքը, լրիվ տարբեր իրականություններ են:
Ամեն անգամ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տալիս է փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների 2-3 անգամ գերազանցումներ, Երևանի քաղաքապետարանն ասում է, թե դա ընդհանրապես խնդիր չէ: Վերջերս քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալը զանգվածային լրատվամիջոցներով հայտարարում էր, թե դա վտանգավոր չէ առողջության համար: Այն, ինչ տեսնում ենք անզեն աչքով, ու այն, ինչ ասում է քաղաքապետարանը, երկու տարբեր Երևաններ են: Ցանկացած մարդ, որը դուրս է գալիս Երևանից ու վերադառնում Երևան, ակնհայտորեն զգում է փոփոխությունը իր առողջության վրա: Մարդիկ ասում են՝ քաղաքից դուրս գիշերը լավ են քնում, գլխացավ չունեն, առավոտյան անհասկանալի հազ, փռշտոց, արցունքահոսություն չունեն, ու, ի վերջո, կարիք չկա բնակարանի մակերեսները կես ժամը մեկ սրբել, որովհետև փոշի է նստում, էլ չեմ խոսում աղբավայրի խնդրի մասին:
Եթե դու ունես ելակետային սարսափելի ցուցանիշներ ու ռիսկի գործոններ, ապա ինչպե՞ս կարելի է ասել, որ ունես առողջ ու օդի լավ որակ: Աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհները օդի աղտոտվածության հավելյալ գործոն են: Եթե նայենք ընդհանուր գումարելիների մեջ, ապա անընդհատ ունենք այս վտանգը, որն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ էֆեկտներ մեր առողջության վրա: