Հացի շուկայում գնաճը գերազանցում է 5 եւ անգամ՝ 7 տոկոսը․ Բաբկեն Պիպոյանը ահազանգում է
Սպառողի անկյունԻշխանությունը պատրաստվում է հեշտացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը: Օրերս հայտարարվեց՝ եթե քաղաքացին կարծում է՝ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Այս որոշումը միայն տեխնիկականով պայմանավորված չէր, այլ նաև զանգվածային դժգոհությամբ, նման կարծիք է հայտնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ընդգծելով․
-Ուրախանալ ու արձանագրել, թե ամեն ինչ լավ է, սա էլ չեմ կարող ասել: Կհիշեք, երբ պարտադիր կենսաթոշակային համակարգը ներդրվում էր, հնչեց ձևակերպում՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված, հիմա այս ձևակերպումը շատ արագ կարող է դառնալ այս համակարգի մասը, որովհետև գլոբալ իմաստով սա ոչ թե գործընթացի դադարեցում է, այլ մարդու փոխարեն ինքնակամ անել, այսինքն՝ իրենք են անում այն, ինչ պետք է աներ քաղաքացին:
Այս պարագայում ինքնաշխատ ձևով կանեն, լրացուցիչ հարկեր չեն առաջանա, տուգանքներ չեն լինի, և կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով բոլորը կարող են շունչ քաշել, բայց փաստացի մենք դեռևս ունենք գործող իրավանորմ, որը շատ հանգիստ կարող է տրանսֆորմացիայի ենթարկվել՝ արդեն համապատասխան բազաների հիման վրա:
Այս որոշումը միայն տեխնիկականով պայմանավորված չէր, այլ նաև զանգվածային դժգոհությամբ, որովհետև եղան մարդիկ, որոնք իսկապես մեծ աշխատանք տարան սրա դեմ: Բայց պետք է ընդգծեմ նաև, որ այս նախագիծն ի սկզբանե չմտածված էր ու հում, որն անհնար էր իրականացնել, ի տարբերություն մյուս հում նախագծերի, որոնց պարագայում քարոզչական մեկ-երկու դետալ գոնե կարողանում են հանրությանը հրամցնել:
Ինչևէ, այս փուլի համար հասարակության համար ցանկալի արդյունք է: Ամբողջ ծավալով հնարավոր կլինի գնահատական տալ, երբ հնարավոր կլինի ծանոթանալ նախագծի ամբողջ տեսքին: Նախագծի անոնսը վատը չէ, բայց պետք է հասկանանք, թե անոնսից զատ ի՛նչ կա:
-Պարոն Պիպոյան, սրան զուգահեռ նոր գնաճի տենդենց է նկատվում ինչպես կանթնամթերքի, այնպես հացեղենի շրջանում։ Նախորդ շաբաթվանից հայաստանյան կաթնամթերքի շուկայում թանկացումներ են գրանցվել, որի պատճառը կաթնամթերքի տուփերի վրա QR կոդերի առկայության պարտադիր պահանջն է։ Այս պահանջն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից, եւ տեղական արտադրողներն արդեն ահազանգում են, որ լրացուցիչ ծախսեր են անելու։
-Այո, կաթնամթերքի շուկայում գների տեսանկյունից մանեւր է իրականացվել, ընկերությունները մրցում են իրար հետ։ Դա բերում է նրան, որ, օրինակ, x ընկերությունը որոշել էր իր ապրանքը թանկացնել ու դարձնել 500 դրամ, իսկ y ընկերությունը որոշել էր, որ ինքը վաճառելու էր 480 դրամով, բայց երբ ինքը տեսնում է, որ մյուսը 500 դրամով է վաճառում, ինքն էլ է դարձնում 500։ Վերջին օրերին քննարկվեց QR կոդերի հարցը, բայց գնաճը միայն դրանով չէ պայմանավորված, այլ գործոններ եւս կան։ Թե որոնք են այդ գործոնները, էկոնոմիկայի նախարարությունը թող ուսումնասիրի ու հանրայնացնի։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր իրականության մեջ գնաճը չի անհանգստացնում գործադիրին, որովհետեւ Վիճակագրական ծառայությունը միջինացված գին է նկարում բոլորիս համար, ասում են՝ ինչո՞ւ եք այդպես խառնվել իրար։ Բայց մյուս կողմից ասում են՝ մենք ավել հարկ հավաքեցինք, որովհետեւ ամեն թանկացում իր հերթին գեներացնում է ավել տոկոս հարկ։
Տեսեք, ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 12-ամսյա գնաճը, այսինքն՝ այս տարվա սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է 3,7 տոկոս։ Այդ թվում՝ սննդամթերքի շուկայում 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 5,8 տոկոս գնաճ։ 3,7 տոկոսը միջինացված գնաճն է, այդ գնաճի մեջ մտնում են ապրանքներ, որոնցից միշտ չէ, որ մարդիկ օգտվում են։ «Հետեւաբար, երբ մենք գնահատում ենք գնաճն ու սոցիալական վիճակի լավացումը, այստեղ միայն պաշտոնական վիճակագրությամբ ամրագրված միջինացված թիվը չպետք է վերցնել։ Պայմանական ասենք՝ մենք փողկապի շուկայում գնաճ չունենք, բայց եկեք հասկանանք, թե միջին վիճակագրական սպառողը մեկ տարվա մեջ է փողկապ գնում, թե՞ 5 կամ 10 տարվա մեջ։ Այսինքն՝ երբ մենք քննարկում ենք շուկայում գների փոփոխությունները, պետք է արձանագրենք, թե հիմնական ապրանքախմբերում ինչ է կատարվում։ Եվ եթե այդ ուսումնասիրությունն արվի, կտեսնենք, որ պատկերն էականորեն տարբերվում է։ Լայն սպառում ունեցող ու առաջին անհրաժեշտության ապրանքների մեջ երեւի մեկ ապրանք չենք գտնի, որը 3,7 տոկոս գնաճի տակ է։ Շատերն ասում են՝ լավ է, գոնե հացը չի թանկացել, բայց անգամ հացի դեպքում, եթե նայենք պաշտոնական վիճակագրությունը, կտեսնենք, որ թանկացում կա։ Հացի շուկայում նաեւ թաքնված գնաճ կա, դա այն է, երբ հացի քաշը նվազեցնում են։ Հետեւաբար, նրա խոսքով, հացի շուկայում գնաճը գերազանցում է 5 եւ անգամ՝ 7 տոկոսը։

