Ալիեվն իրոք Պուտինի հետ հաշտվելու լուրջ պատճառներ ունի
ՎերլուծությունՉէ, ինչ էլ ասեք, Նիկոլ Փաշինյանի վիճակը վիճակ չէ: Հազիվ Բրյուսել էր հասել, «եվրոպայավայել» արտահայտություն տվել դեմքին, ու հայտնի դարձավ, որ այնտեղից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթաժողովին: Պուտինն էլ է այնտեղ, ու հիմա պատկերացրեք, թե ինչ արագությամբ դեմքի այդ «եվրոպայավայել» արտահայտությունից պետք է անցնել «ռուսավայելին»:
Չնայած, գոնե մեկ «լավ բան» Տաջիկստանում կա. Ալիեւն էլ է այնտեղ լինելու: Հեյդարովիչն էլ օրերս դեմքի «թուրքավայել» արտահայտությամբ էր, կարելի է ասել՝ «ամենաթուրքավայել», քանի որ ընդունել էր Թյուրքական կազմակերպության գագաթաժողովը, որտեղ կոչ արեց համատեղ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանում: Ու դրանից հետո ոչ միայն ԱՊՀ առաջնորդների նիստին է մասնակցելու, այն նաեւ հանդիպում է Պուտինի հետ. պետք է, չէ՞ իր հերթին արագորեն «ռուսավայել» դեմքի անցնի, կարող է Նիկոլի հետ փորձի փոխանակում անցկացնել:
Չնայած, Նիկոլը պետք է որ մի փոքր Ալիեւից «նեղացած լինի»: Մի ամբողջ ՄԱԿ-ի ամբիոնից գոռում էր, թե հերիք է «Զանգեզուրի միջանցք» ասեք, զզվեցրիք: Հետո Ալիեւին տեսնելու, իր այդ «վրդովմունքը» անձամբ փոխանցելու առիթ եղավ: Բայց Հեյդարովիչի հեչ վեջը չէ՝ բերեց, ու «Զանգեզուրի միջանցքը» մտցրեց Թյուրքական կազմակերպության գագաթաժողովի եզրափակիչ հայտարարություն: Ու դա քիչ էր, Բայրամովն էլ նորից ՀՀ Սահմանադրությունը փոխել է պահանջում, թե այլապես ոչ մի «խաղաղության պայմանագիր»: Ընդ որում, իրենք տերմինաբանությամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» կապելով նորից «Միջին միջանցքի» կամ «Թյուրքական միջանցքի» գաղափարին՝ որպես դրա մասնիկ: Կարճ ասած, որ ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, մի կողմ, կարեւորը «Թյուրքական միջանցքն» ու դրա կցորդ «Զանգեզուրի միջանցքն» է, որ դրանով թուրքերը գնան Ադրբեջան՝ զորավարժանքների: Ու դա, անկախ նրանից, թե Նիկոլն օրվա մեջ քանի անգամ «խաղաղություն» կգոռա:
Ահա այն ֆոնը, որը ստեղծվել է ԱՊՀ այս գագաթաժողովի շեմին: Բայց միայն այն, որ դրանից երկու օր առաջ հայտարարվեց, որ Ալիեւը զանգահարել է Պուտինին, ապա, որ նրանք հանդիպելու են, կարող է նաեւ ընդհանուր իրավիճակի փոփոխություն դառնալ: Հաշվի առնելով նաեւ, որ դեռ միայն վերջերս՝ ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում, թեեւ ադրբեջանական կողմը շատ ջանաց, բայց նման հանդիպում չկարողացան կազմակերպել: Ուրեմն, հիմա ինչ-որ բան փոխվել է:
Մի շարք տեսանելի փոփոխություններ, իհարկե, կան: Նախ, ամենակարեւորներից: Մինչ այս բրիտանական MI6-ը ղեկավարում էր Ռիչարդ Մուրը, որն էլ համարվում էր հարավկովկասյան բոլոր հայտնի խաղերի հիմնական ջատագովն ու կազմակերպիչը: Նա հեռացել է, իսկ MI6-ի նոր ղեկավարության համար շատ ավելի առաջնային է չինական ուղղությունը: Այսինքն, այստեղ արդեն լուրջ գործոնի փոփոխություն կա:
Երկրորդը: Կարելի է արդեն ակնհայտ ասել, որ Իրանի մի մասն Ալիեւին նվիրելու օպերացիան չաշխատեց: Ավելին, Թրամփն ակնհայտորեն աշխատում է Մերձավոր Արեւելքում հետագա թեժացումները կանգնեցնել՝ ունենալով շատ ավելի առաջնային խնդիրներ: Ու նույն գործոնը կարող է նաեւ հանգեցնել ուկրաինական պատերազմի հանգուցալուծման հարցում: Այդ երկու դետալն էլ Ալիեւի համար խթան են՝ ռուսական ուղղությամբ լարվածությունը գոնե թուլացնելու համար:
Հաջորդը. Ադրբեջանի ուղղությամբ Մոսկվայի ճնշումները ոչ միայն կանգ չեն առնում, այլ շարունակում են միայն խորանալ: Միաժամանակ Իրանը սկսում է կամաց-կամաց Հեյդարովիչին կապել Ռայիսիի սպանության հետ: Հանրագումարում, Ռուսաստանում միանգամայն ակտիվ է ընդհուպ՝ Ադրբեջանում ռազմական գործողությունների հարցը: Ու եթե չկա Իրանի հաշվին տարածքներ ընդլայնելու այդքան հրապուրիչ հեռանկարը, իսկ ապագան գնալով միայն մշուշոտ է դառնում, ապա Ալիեւի համար Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելը դառնում է գործնականում միակ տարբերակ:
Այլ հարց է, թե ինչ սպասելիքներով Պուտինը համաձայնեց հանդիպել Ալիեւի հետ: Մինչ հանդիպումը Պեսկովը մեկնաբանել էր՝ «Կայանալիք հանդիպման փաստը խոսում է երկու առաջնորդների՝ բոլոր հրատապ հարցերը քննարկելու մտադրության մասին»: Իսկ ավելի ռեալ, Ալիեւը պետք է որոշի՝ ո՞ր աշխարհաքաղաքական դաշտում է մնում, եւ դա, իհարկե, գալիս-հասնում է նաեւ հայ-ադրբեջանական թեմատիկային ու, իհարկե, նաեւ «Թրամփի ուղու» պատմությանը: Իսկ այն, որ Նիկոլն էլ է այնտեղ, դա երեւի կօգնի: Ամեն դեպքում, թե ինչ փոփոխությունների կտանի Պուտինի եւ Ալիեւի հանդիպումը, դեռ չշտապենք ենթադրություններում՝ սպասելով զարգացումներին:
