Հիմա Քոչարյանը Թրամփի՞ ընկերն է, թե՝ Պուտինի
ՎերլուծությունԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախօրեին տրված ասուլիսի հիմնական իմաստը շատերը համարում են սեփական թիմին լավատեսական ազդակներ ուղարկել ապագայի եւ, մասնավորապես, սպասվող ընտրությունների հետ կապված: Բայց ոչ միայն, Քոչարյանի խոսքում կարելի էր նաեւ տեսնել միանգամայն հստակ արտաքին քաղաքական ազդակներ, որոնք մի շարք լուրջ հարցեր են առաջացնում:
ԲԱ ԻՐԱ՞ՆԸ
Այն, որ Քոչարյանն իր խոսքը սկսեց «Թրամփի միջանցքի» թեմայից, իհարկե, պատահական չի կարող լինել: Մի կողմից, նրա ղեկավարած հայաստանյան թիվ 1 խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ հոդաբաշխ կարծիք չէր հայտնել վաշինգտոնյան փաստաթղթերի մասով: Հասկանալի է, ինչ-որ կցկտուր քննադատական խոսք եղավ, բայց այնպես չէ, որ «իրենց էին կոտորում», թե երկիրը տանում են ոչնչացման կամ հակառակը, որ լավ քայլ է արվում: Իսկ այն, որ այդ անորոշությունից բխում է նեգատիվ հանրային ռեակցիա, իհարկե, երեւի նաեւ Քոչարյանի թիմում են տեսնում, եւ պետք էին որոշակի հստակեցումներ:
Բայց ոչ միայն ներհայաստանյան դաշտի համար: Խոշոր հաշվով, Քոչարյանն, իհարկե, նաեւ արտաքին հարթակում պատահական մարդ չէ, եւ կոնկրետ հարցում նրա գնահատականները, իհարկե, նաեւ դրսի համար են հետաքրքրություն ներկայացնում: Իսկ այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, այն է՝ հայ-ադրբեջանական թեմատիկան եւ Մեղրիի երկաթուղու ճակատագիրը, իհարկե, Հայաստանի արտաքին ուղղվածության հիմնական հարցերի թվում են, որոնցից բխում է նաեւ երկրի աշխարհաքաղաքական վեկտորի ուղղվածության հարցը:
Քոչարյանը, իհարկե, ընդհանուր առմամբ, կամ ավելի ճիշտ՝ առերեւույթ բավականին ընդունելի գնահատականներ տվեց հատկապես «Թրամփի ուղու» հարցին: Այն է, որ եթե «Թրամփի ուղին փորձում են ներկայացնել որպես «խաղաղության խաչմերուկ» կամ դրա բաղադրիչ, ապա դա սովորական «աֆյորա» է: Այսինքն` Հայաստանն ամենեւին էլ չունի այն տրանզիտային պոտենցիալը, որ դրա համար աշխարհի մասշտաբներով «քյալլա տան»: «Առաջարկում եմ նայենք քարտեզին ու հասկանանք, թե ինչ է նշանակում «խաղաղության խաչմերուկը», և ինչ տրանզիտային ներուժ ունի Հայաստանը։ Թուրքիան ու Վրաստանը ունեն բոլոր հնարավորությունները, շրջանցելով Հայաստանը, հաղորդակցվել իրար հետ։ Թուրքիա–Ռուսաստանը ևս կարող են, Վերին Լարսում թուրքական մեքենաները շատ ավելի շատ են, քան հայկականները։ Վրաստան–Ադրբեջանի դեպքում ևս ամբողջությամբ հնարավորությունը կա, տրանսպորտային կապը կա, և հիմնական ակտիվ աշխատող միջանցքը Կասպից և Սեւ ծովերի միջեւ հենց սա է։ Իրանը և Ադրբեջանը եւս բոլոր հնարավորություններն ունեն…»։
Ըստ այդմ էլ՝ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի, բայց մեկ «բացառություն կա»՝ Ադրբեջան–Թուրքիան. «Ադրբեջան–Թուրքիա հարաբերություններում ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի, և դա ունի մի քանի բաղադրիչ։ Որպես թուրքական պրոյեկտ` ինքն իսկապես ունի տրանզիտային ներուժ…»:
Բայց նման բացատրությունները խորքային լուրջ հարցեր են թողնում: Այդ թվում՝ ինչո՞ւ Քոչարյանը մի կողմ թողեց Իրան-Վրաստան, այստեղից՝ Ռուսաստան հաղորդակցությունը եւ դրանում Հայաստանի դերը` «բացառություն» համարելով Թուրքիա-Ադրբեջան ուղղությունը: Ուզում է ասել, որ Իրանը կարող է Վրաստան, ապա՝ Ռուսաստան հասնել նաեւ Ադրբեջանո՞վ: Բայց այդ տրամաբանությամբ նախ Թուրքիան եւս կարող է Ադրբեջան հասնել եւ հասնում է Վրաստանով. էլ ինչների՞ն է պետք հայկական ուղղությունը: Երկրորդը. եթե Իրանին հայաստանյան ուղղությունը հետաքրքիր չլինի, ինչո՞ւ մեծագույն ջանքերի գնով հասան նրան, որ Սյունիքով անցնող` հյուսիս տանող ճանապարհ կառուցեն: Ընդ որում, այդ ֆոնին Քոչարյանը միգուցե նաեւ կբացատրի՞, թե իր օրոք ինչո՞ւ նման նախագիծ չմտավ գործնական օրակարգ. Իրա՞նը չէր ուզում, թե՞ Հայաստանն էր արգելափակում:
Թե ինչու է Իրանին պետք Հայաստանով՝ Վրաստան եւ Ռուսաստան (խոշոր հաշվով՝ սեւծովյան գոտի) հասնելու ուղի ունենալը, նույնքան պարզ տրամաբանություն ունի, որքան Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցք» ունենալու ցանկությունը: Այսինքն, Թուրքիան Վրաստան-Ադրբեջան կապը խոցելի է համարում Ռուսաստանին շատ մոտ եւ խոցելի լինելու պատճառով: Թուրքիա-Իրան-Ադրբեջան կապը եւս կա, բայց դա էլ Անկարայի համար ընդամենը ճանապարհ է: Այսինքն, Թուրքիայի համար «միջանցք» է այն ուղին, որը չի գտնվում Ռուսաստանի կամ իրանի ազդեցության գոտում, պետք է դրանց շրջանցի: Միակ հարմար տարբերակը մնում է Հայաստանը, թեեւ այստեղ էլ Ռուսաստանի կամ Իրանի ազդեցության մասով, իհարկե, հարցեր կան. հենց դրանցով էլ պայմանավորված, որ «Զանգեզուրի միջանցք» այս պահին գոյություն չունի: Ու նույնը ՌԴ-ի եւ Իրանի դեպքում է. ունենալ լոգիստիկա, որը կշրջանցի թուրքական (ՆԱՏՕ-ական), ըստ այդմ, նաեւ ադրբեջանական (կախված նրանից, թե Ադրբեջանը վերջնարդյունքում որ աշխարհաքաղաքական տիրույթում կմնա) գոտին: Այլապես կունենան ընդամենը ճանապարհ, որը կարող է ցանկացած պահի փակվել:
Ի դեպ, սրանք պարզագույն դասագրքային իրողություններ են, եւ երբ Քոչարյանը, ով, անշուշտ, շատ լավ տիրապետում է այդ իրողություններին, շրջանցում է Հայաստանի տրանզիտային պոտենցիալն Իրան-Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ, ընդ որում, բացառություն համարելով Թուրքիա-Ադրբեջան ուղղությամբ Հայաստանի դերը, առնվազն «տարօրինակ է»:
ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱ՞Վ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻ» ԿՍԱՐՔԵՐ
Բայց գանք գլխավորին` «Թրամփի ուղու» մասին Քոչարյանի կարծիքին: Ընդհանուր երանգներով խոսքին քննադատող, դատապարտող տեսք տալով, երկրորդ նախագահի մոտ, այնուամենայնիվ, նկատելի չէր ռեալ միտք, որ «Թրամփի ուղին» վատ բան է, եւ պետք չէր նման բան ստորագրել: Իսկ քննադատությունը վերաբերում էր հարցի տեխնիկական կողմին, թե ո՞րն է երաշխիքը, որ եթե այդ ուղին սկսի գործել, կկառուցվի (կվերականգնվի) Նախիջեւանից Հայաստան՝ Երասխ հասնող գիծը: Տպավորությունն այն է, որ Քոչարյանի կարծիքով, Նիկոլի սխալը ոչ թե Վաշինգտոն գնալն ու ինչ-որ բաներ ստորագրելն էր, այլ որ վատ թուղթ է ստորագրել: Ու, որպես «ճիշտ թուղթ», պետք էր անել հետեւյալը. «Ի՞նչ է կարելի այստեղ անել, (որովհետեւ լրագրողները սիրում են հարցնել, թե Դո՞ւք ինչ կանեիք): Հայաստանը կարող էր պնդել, որ «Թրամփի ճանապարհը» լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ 4-5 անգամ ավել, մինչեւ Երասխ: Նույն պայմաններով կողմերի համար: Այդ դեպքում միջանցքի աշխատանքի պատասխանատվությունը մնում է ԱՄՆ-ի վրա` այդ ողջ երկայնքով…»:
Ու հիմա էլ նա առաջարկում է այս մեխանիզմը. «Ինչ է կարելի անել հիմա: Ես համոզված եմ, որ կա երկու տարբերակ: Առաջին տարբերակն է` փորձել մեծացնել այս ծրագիրը Միացյալ Նահանգների հետ (Նախիջեւանը ներգրավելով): Եթե չհաջողվի, որովհետեւ, կարծում եմ, Ալիեւը մերժելու է, ուրեմն երկրորդ տարբերակը պարզ է` շնորհակալություն հայտնել Ալիեւին եւ ասել, որ այս ճանապարհը կկառուցենք մենք: Անունը էլի կմնա «Թրամփի ճանապարհ», բայց կոնտրոլը կմնա Հայաստանին»:
Քոչարյանը կարծում է, որ եթե Նախիջեւանում ԱՄՆ-ի վերահսկողության հարցը լիներ, Ալիեւը կմերժեր ընդհանուր գաղափարը: Բայց եթե չմերժե՞ր: Ասենք, Թրամփը գնար ծանրագույն ճնշումների, կողքից էլ Իսրայելը խնդրեր (հենց Քոչարյանն է վստահ, որ «Թրամփի ուղին» նաեւ Իսրայելին է շատ պետք), եւ Ալիեւը համաձայնվեր: Կամ եթե Հայաստանը կառուցի այդ 42 կիլոմետրանոց ճանապարհը, ու նորից Նախիջեւանից Երասխ ուղին մնա բաց, դրանից մեզ ի՞նչ: Վերջապես, ո՞րն է երաշխիքը, որ՝ «կոնտրոլը կմնա Հայաստանին»:
Ու այս ամենով հանդերձ, Քոչարյանի համար «Թրամփի ուղին», ստացվում է, որ ոչ թե մերժելի է, այլ այն, ըստ այդմ՝ մեր տարածաշրջանում ամերիկյան վերահսկողության գոտին դեռ մի բան էլ կարելի է 4-5 անգամ մեծացնել: Ու դեռ դրանից հետո խոսում է, որ Իրանի համար խնդիր է իր սահմաններին ամերիկյան ուժերի տեղակայումը:
Ու ամենակարեւորը. անկախ նրանից, Երասխի գիծ կլինի թե՝ ոչ, ինչ մեխանիզմ կգործի, այն, որ «Թրամփի ուղի» կոչվածը ոչ թե տնտեսական (ներկա տեսքով), այլ զուտ աշխարհաքաղաքական ծրագիր է, հաստատում է հենց Քոչարյաը: Նախ, միանգամայն տեղին պնդելով, որ ԱՄՆ-ն այստեղ տնտեսական շահ չունի եւ հիմնական նպատակը Չինաստանին այդ ուղղությունից կտրելն է: Երկրորդը, երբ դատողություններ էր հնչեցնում տրանզիտային առնվազն ցածր պոտենցիալի մասին: Ու երբ այս ամենով հանդերձ, նա ցույց է տալիս, որ «Թրամփի ուղին», եթե դետալներն իր ասածի պես լինեն, ընդունելի տարբերակ է, եթե ինքը լիներ, մի 4-5 անգամ ավելի մեծ ամերիկյան վերահսկողության գոտի կաշխատեր ստեղծել, ապա դա արդեն նմանվում է աշխարհաքաղաքական կողմնորոշման: Այն է՝ լինի «Թրամփի ուղի», որի դեպքում, հասկանալի է, չի լինի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ պայմանավորվածությունների հիմքով երկաթուղու վերագործարկում: Ընդ որում, այն դեպքում, երբ այս մի նախագիծը ապահովում է Քոչարյանի հիմնական պայմանները, մինչդեռ դրա մասին նա անգամ չհիշեց: Այսինքն, նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններով, պետք է վերականգնել ոչ թե ընդամենը Մեղրիի գիծը, այլ, առհասարակ, տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, մինչ Քոչարյանի հետ կապված այդպես էլ չի դադարում «Պուտինի ընկեր» ընկալումը, նա, ըստ էության, «Թրամփի միջանցքի» հարցում Նիկոլի մոտեցումներից ընդամենը դետալային տարբերություններով տեսանկյուն է առաջ տանում: Այսինքն, եթե հիմա Նիկոլն ապացուցի, որ Երասխի գիծն իր տարբերակով բացվելու է, Քոչարյանը լիովին համաձայնվելո՞ւ է նրա հետ. համենայնդեպս, քննադատելու բան չի ունենա:
Չնայած` դա սպասելի էր: Ժամանակին կար «Մեղրիի միջանցքի» սցենարը, որը երեւի միայն դետալներով է տարբերվում «Թրամփի ուղուց»: Այն առաջ էր տանում Քոչարյանի 10 տարվա ԱԳ նախարարը, ով, իհարկե, շատ ավելի ամերիկամետ է, քան երեւի անգամ Նիկոլը:
Այսպիսով՝ ո՞ւմ «ընկերն է» Քոչարյանը, Պուտինի՞, թե՝ Թրամփի: Չնայած, նա նաեւ պատմեց, որ գնացել է Մոսկվա եւ ոչ մի ռուս պաշտոնյայի հետ անգամ չի փորձել հանդիպել. սրանից «լավ ընկերության» տպավորություն չի առաջանում: Իսկ ահա հայկական լրատվական դաշտն էլ պնդում է, թե հանդիպել է, բայց մերժել են: Դա արդեն կարող էր «Թրամփի ընկեր» դառնալու պատճառ լինել:
