Մոսկվան եւ Թեհրանը մեծացնում են հարավկովկասյան ուղղությամբ ճնշումները
ՎերլուծությունԱյն, որ ներկա փուլում Մերձավոր Արեւելքի հարցը կրկին գլոբալ քաղաքականության առաջնային պլան է դուրս եկել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=324742&l=am), շատ գործոններ են ցույց տալիս: Սկսած Քաթարի վրա իսրայելյան աղմուկ հանած հարձակումից, այդ ֆոնին Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջեւ կնքված ոչ պակաս աղմուկ հանած ռազմական պայմաններից, իրավիճակը շարունակում է համալրվել նորանոր ոչ պակաս աղմկոտ տեսանելի եւ ստվերում մնացող նման գործողություններով:
Գազայի հետ կապված հայտնի «Թրամփի պլանը» թեեւ արաբական երկրները, անգամ Թուրքիան միանգամայն ընդունելի համարեցին, բայց հաստատ նաեւ հասկանալով, թե դրանից հետո անգամ Թրամփի խոստացած «Մերձավոր Արեւելքում հարատեւ խաղաղությունը» չի լինելու: Ընդհակառակը, Գազայում լուծումը, այն էլ՝ Թրամփի հաշվին եւ Նեթանյահուի համար լավագույն տարբերակով իրականում Իսրայելի համար մեկ բան է նշանակում: Այն է՝ դրանով ապահովում է Իսրայելի թիկունքը եւ հիմա շրջվելու է դեպի հիմնական «հարվածային ուղղություն»: Ո՞րն է դա լինելու. փորձագետները շարունակում են խոսել երկու տարբերակից: Այն է՝ Իրանը, կամ Սիրիայի վերջնական մասնատումը:
Ահա այս ֆոնին, իհարկե, պատահական չէ, որ Իրանում փորձագիտական, ավելին՝ նաեւ պետական մակարդակով կտրուկ ակտիվացել է Իսրայելի հետ նոր պատերազմի թեման: Եվ այն, որ դա ունի հավանականության բավականին մեծ աստիճան, հասկանում են բոլորը: Իրանական փորձագետները հնարավոր հարձակման նախանշան են համարում նախ այն կասկածերը, որ թալիբներն իրականում համաձայնվել են Բագրամի ավիաբազան ամերիկացիներին փոխանցել, ինչի մասին վերջերս Թրամփը կոշտ պահանջ էր ներկայացրել: «Թալիբանի ներկայացուցիչները սկզբում մերժել են Վաշինգտոնի առաջարկը, սակայն Դոնալդ Թրամփի կողմից Քաբուլին «վատ բաներով» սպառնալուց հետո՝ Աֆղանստանի իշխանությունները համաձայնվել են։ Իրանը կարծում է, որ փողի կամ ԱՄՆ ճնշման տակ»,- կարծում է իրանական փորձագետը: Այսինքն, որ դրա արդյունքում Իրանը կհայտնվի Աֆղանստան-Ադրբեջան-Քաթար եռանկյան մեջ (քարտեզում)՝ դառնալով առավելագույնս խոցելի: Իսկ այս սցենարից ապահովագրվելու ցանկությունը, իհարկե, կարող է Թեհրանի կողմից Բաքվի ուղղությամբ ճնշումներ ավելացնելու հիմք դառնալ:
Իրանցի փորձագետները նաեւ լուրջ նախանշան են համարում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա ներկայիս հռետորաբանության կոշտացումը, այդ թվում՝ Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու թեմայի վերաբերյալ:
Այսքանից զատ, իրանցի շատ փորձագետներ նաեւ սպասվող պատերազմի նախանշանների թվում են դասում այն, որ ներկա փուլում Իրանն ակտիվորեն զենք է ստանում ոչ միայն ռուսներից, այլ նաեւ՝ չինացիներից: Այն է՝ իրանցիներն արդեն այդ թեման ուշադրության տակ են պահում ամեն հերթական ռազմաբեռնատար ինքնաթիռի վայրէջքի մակարդակով: Այդ թվում՝ այս մեկը եկավ ՌԴ-ից, այս մեկը՝ Չինաստանից, Բելառուսից, անգամ՝ Հայաստանից: Խոսքը միանգամայն ժամանակակից սպառազինության մասին է՝ ռուսական С-400- ներ, Սու-35 ինքնաթիռներ, չինական J-10 կործանիչներ եւ այլն:
Թեեւ մյուս կողմից այս բոլոր փաստերը կարող են նաեւ ընկալվել` որպես հանգստացնող գործոններ: Այսինքն, եթե Իրանը ստանում է նման առաջնակարգ տեխնիկա, ապա դա իրականում միայն նվազեցնում է այդ երկրի վրա հարձակվելու ցանկությունը: Ու խնդիրը միայն բուն տեխնիկան չէ, այլ փաստը, որ այդ ամենը մատակարարելով, Ռուսաստանն ու Չինաստանը պարզ ցույց են տալիս, որ կանգնած են Իսլամական պետության թիկունքին:
Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան ներկայիս լարվածության թեմային, ապա դա, իհարկե, կապված է նաեւ Իրանի հետ, ավելի ճիշտ՝ Իրանի հարցում Մոսկվայի դիրքորոշման: Բայց կա նաեւ այն հարցը, թե իրականում է՞լ վիճակն այդքան մտահոգիչ է, որքան պատկերացնում են իրանցի (եւ ոչ միայն) փորձագետները: Անգամ հաշվի առնելով Թրամփի վերջին հայտարարությունը, թե գործնականում որոշում է կայացրել Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու վերաբերյալ: Իրականում կա՞ նման դրական որոշում. հարցականները մնում են շատ, առավել եւս, որ հենց Թրամփը նման հայտարարությունը շարունակեց «բայց»- երի դաշտում՝ եթե այսպես, պետք է պարզեմ եւ այլն: Չնայած, խնդիրն անգամ դա չէ, այլ այն, թե ինչ կնշանակի Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ տալը: Խոսքը միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռների մասին է, եւ դրանցով Ռուսաստանի հարվածելու հետեւանքն ամենեւին էլ միայն Պուտինի նախազգուշացումը չէ, թե՝ դրանով կզրոյանան Թրամփի հետ հարաբերությունները: Նման հարվածի իրական հետեւանքը շատ ավելի լուրջ է: Անկախ այն բանից, թե դա ում կողմից է արձակվելու, որքանով դրան մասնակից կլինեն ամերիկացիները, այն կներկայացվի, որպես ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ-ից ձեռքբերված եւ ուկրաինացիների կողմից արձակված, թե մեկ այլ բան, միեւնույնն է, միջուկային մարտագլխիկ կրելու ունակ առաջին իսկ հրթիռի արձակման դեպքում կգործի ՌԴ միջուկային դոկտրինը: Ըստ դրա, միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հրթիռի հարձակումը մեխանիկորեն գնահատվում է` որպես միջուկային հարձակում. ռուսները չեն կարող վստահ լինել` տվյալ պահին այդ հրթիռներն ունե՞ն միջուկային մարտագլխիկ, թե` ոչ, եւ պարտավոր են հիմք վերցնել վատագույն տարբերակը` ունեն: Հենց դա էլ պարտադրում է ոչ թե միայն հարվածող հրթիռների դեմ պաշտպանություն, այլ պատասխան համարժեք հարված: Ընդ որում` ուղղված ոչ միայն արձակման վայրին, այլ` արձակող կողմին, որը, կրկնենք, կարող են լինել միայն ամերիկացիները: Դա հասկանում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ` Վաշինգտոնում:
Կգնա՞ Թրամփը մի այնպիսի ռիսկի, որի ամենահավանական հետեւանքը Երրորդ աշխարհամարտն է. քիչ հավանական է:
Եթե սրան ավելացնում ենք Թրամփի մյուս բոլոր ներքին եւ արտաքին խնդիրները, ապա նոր պատերազմը, լինի դա Իրանի հետ կամ թե Մոսկվայի ուղղությամբ սրացումների տեսքով, մնում է քիչ հավանական:
Իսկ մյուս կողմից, երբ Մոսկվան եւ Թեհրանը շարունակում են ակտիվորեն զարգացնել հարաբերությունները, ապա սա արդեն իսկ տրամաբանություն տալիս է հարավովկասյան ուղղությամբ ճնշումների ավելացմանը. վերջին հաշվով, պետք է լուծել Ռուսաստան-Իրան լոգիստիկայի հարցերը: Եվ այս գործընթացը դեռ կշարունակվի:
