Ռուսական համայնքի դերը բավական տեսանելի է Հայաստանի մշակութային կյանքում. Ելենա Հակոբյան
ՄշակութայինԱզգային փոքրամասնությունների օրը Հայաստանում արդեն տարիներ շարունակ նշվում է առանձնակի ջերմությամբ եւ խորհրդանշական կերպով։ Տարբեր համայնքներ, որոնք ապրում են Հայաստանում, այս օրը միախառնում են իրենց ավանդույթները՝ մեկ ընդհանուր տոնական մթնոլորտում։
Այս տարի եւս տոնական միջոցառումն անցկացվեց բարձր տրամադրությամբ, համերգային ելույթներով, ավանդական ուտեստների ցուցադրություններով եւ արվեստի նմուշների ներկայացմամբ։ Այդ տոնական բազմազանության մեջ առանձնանում էր նաեւ ռուսական համայնքի տաղավարը, որտեղյուրաքանչյուրայցելուկարողէրզգալռուսականմշակույթիեւհյուրասիրությանիսկականոգին։
Այս կապակցությամբ «Իրավունք»-ը զրուցել է ռուսական համայնքի ներկայացուցիչ, «Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ ԵԼԵՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
— Տիկին Հակոբյան, ի՞նչ է Ձեզ համար Ազգային փոքրամասնությունների օրը, եւ ինչպե՞ս է այն ընկալվում ռուսական համայնքի ներսում։
— Այս տոնը մեզ համար պարզապես միջոցառում չէ։ Այն մեծ հնարավորություն է նորովի ցույց տալու մեր ինքնությունը, մեր արմատները եւ այն մշակութային ժառանգությունը, որը մենք պահպանում ենք սերնդեսերունդ։ Ռուսական համայնքը Հայաստանում գոյություն ունի դարեր շարունակ, եւ մեր նպատակը միշտ եղել է պահպանել մեր ավանդույթները՝ միաժամանակ լինելով Հայաստանի հասարակության լիարժեք մասնիկը։
Այս տոնը մեզ միավորում է մյուս համայնքների հետ, ստեղծում փոխադարձ հարգանքի եւ մշակութային փոխանակման միջավայր։ Երբ կողք կողքի ցուցադրված են հայ, եզդի, ռուս, վրացի, ասորի, ուկրաինացի եւ այլ ազգերի տաղավարներ, դու զգում ես, որ բազմազանությունը ոչ թե բաժանում է, այլ` հարստացնում։
— Ինչպե՞ս եք նախապատրաստվել այս տարվա տոնին։ Ինչպիսի՞ նոր տարրեր եք ներառել համայնքի ներկայացուցչական ծրագրում։
— Պատրաստությունները սկսվել էին դեռ մի քանի շաբաթ առաջ։ Մեր համայնքի կանայք համախմբվել էին՝ պատրաստելու ավանդական ուտեստներ։ Այս տարի որոշեցինք մեր սեղանը դարձնել առավել բազմազան. ներկայացրել էինք ոչ միայն ավանդական ուտեստներ եւ պիրոժկիներ, այլեւ տարածաշրջանային բաղադրատոմսերով ճաշատեսակներ՝ օրինակ սիբիրյան պելմենիներ եւ գյուղական ուտեստներ:
Բացի դրանից, մենք մեծ ուշադրություն էինք դարձրել ձեւավորմանը. տաղավարը զարդարված էր ռուսական ժողովրդական մոտիվներով, ձեռագործ կերպով պատրաստված ծածկոցով եւ մետաքսե կտորներով, իսկ սեղանի կենտրոնում դրված էր գեղեցիկ ձեւավորված սամովար, որը մեր մշակույթի անբաժանելի խորհրդանիշներից է։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել էին նաեւ տարբեր ավանդական ուտեստներ՝ ռուսական ավանդույթները խորհրդանշող, որոնք էլ հյուրասիրում էինք բոլոր անծանոթներին:
— Բացի խոհանոցից, ի՞նչ մշակութային տարրեր էիք ընդգծել այս տարի։
— Այս տարի որոշեցինք ուշադրություն դարձնել ռուսական ժողովրդական արվեստին։ Մեր տաղավարում ցուցադրված էին մատրյոշկաներ, ձեռագործ փայտյա գդալներ եւ ավանդական ոճի սպասք։ Յուրաքանչյուր աշխատանք իր մեջ կրում էր ձեռքի ջերմությունը, որովհետեւ դրանք պատրաստվել էին մեր համայնքի անդամների կողմից։
Մենք նաեւ կազմակերպել էինք երաժշտական ծրագիր․ մեր երիտասարդները կատարեցին ռուսական ժողովրդական գեղեցիկ երգեր: Մթնոլորտն իսկապես տոնական էր՝ լի ժպիտներով եւ անկեղծ հաղորդակցությամբ ։
— Ինչպիսի՞ն էր անծանոթների հետաքրքրությունը ռուսական տաղավարի նկատմամբ։
— Պետք է խոստովանեմ՝ շատ բարձր։ Մեր սեղանի մոտ միշտ մարդաշատ էր: Շատերը գալիս էին համտեսելու մեր ուտեստները, իսկ շատերն էլ պարզապես զրուցելու, հետաքրքրվելու ռուսական ավանդույթներով։ Հաճախ հյուրերը պատմում էին, որ իրենց ընտանիքներում էլ երբեմն պատրաստում են նույն հենց ռուսական ուտեստներից, եւ դա մեզ շատ է ուրախացնում։
Մեզ համար սա ոչ միայն մշակութային միջոցառում էր, այլեւ կենդանի շփում։ Երբ մարդիկ փորձում են քո ազգային ուտեստները, հնչում է երաժշտությունը, եւ բոլորը ժպտում են՝ դու հասկանում ես, որ նպատակը կատարված է։
— Ռուսական մշակույթը մեծապես կապված է արվեստի, գրականության եւ երաժշտության հետ։ Արդյո՞ք այս տարրը նույնպես ներկայացված էր տոնի շրջանակում։
— Իհարկե։ Մեր աղջնակը, որն իր անզուգական ձայնով կատարեց հայտնի «Մատուշկա» երգը՝ նրա հագուստի բոլոր դետալներն անգամ նախապես մտածված էին: Ավելին ասեմ, այդ ամենն իր կարեւոր նշանակությունը նաեւ ունի, քանի որ հագուստից մինչեւ գլխարկի վրա պատկերված նշաններն անգամ ունեն իրենց խորհուրդը:
— Ինչպիսի՞ մթնոլորտ էր տիրում տոնի ընթացքում։ Կարո՞ղ ենք ասել, որ սա իսկապես բարեկամության տոն է նաեւ:
— Այո՛, առանց չափազանցության։ Այստեղ զգացվում է մի յուրահատուկ ջերմություն։ Երբ քայլում ես տաղավարների միջով, լսում ես տարբեր լեզուների խոսք, տարբեր երաժշտություններ, բայց բոլորն էլ միեւնույն ուրախությամբ են շփվում։ Տպավորությունն այնպիսին էր, թե մի մեծ ընտանիք է հավաքվել մեկ ընդհանուր սեղանի շուրջ։
Հաճելի էր տեսնել, թե ինչպես են այլ ազգերի ներկայացուցիչները մոտենում մեր տաղավարին՝ հետաքրքրությամբ հարցեր տալով կամ պարզապես ժպիտով շնորհակալություն հայտնելով անցնում: Այս փոխադարձ հարգանքը մեզ ուժ է տալիս՝ շարունակելու մեր աշխատանքը եւ պահելու մեր ավանդույթները։
— Ինչպե՞ս կբնորոշեիք ռուսական համայնքի դերը Հայաստանի մշակութային կյանքում։
— Կարծում եմ՝ մեր դերը բավական տեսանելի է։ Ռուսական դպրոցները, մշակույթի տներն ու ստեղծագործական խմբերը շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել։ Մենք համագործակցում ենք հայ մշակութային հաստատությունների հետ, կազմակերպում համատեղ համերգներ, ցուցահանդեսներ եւ այլ աշխատանքներ տանում։
Մեր նպատակը ոչ թե առանձնանալն է, այլ ներդրվելը ընդհանուր մշակութային դաշտում՝ միաժամանակ պահպանելով մեր ինքնատիպությունը։ Այդ համադրությունն է, որ ստեղծում է Հայաստանի մշակութային դիմագծի ամբողջականությունը։
— Եվ վերջում, ի՞նչ կմաղթեիք այս տոնի առթիվ։
— Ամեն ինչից առաջ նախ խաղաղություն եւ բարեկամություն։ Թող ժողովուրդները ապրեն կողք կողքի՝ հարգելով միմյանց լեզուն, հավատքը, մշակույթը։
Մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր տուն՝ Հայաստանը, եւ որքան էլ տարբեր լինենք, միասին ենք ձեւավորում նրա գեղեցկությունը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
