Ռոբերտ «անհաղթն» էլի փիլիսոփայում է
ՎերլուծությունԵթե փիլիսոփա Դավիթ Անհաղթը միջնադարյան Հայաստանով չբավարարվեց ու հռչակ ձեռք բերեց անգամ հունական աշխարհում՝ շնորհիվ իր գիտելիքների եւ բանավիճելու վարպետության, ապա այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է որոշել նույն ճանապարհով գնալ՝ փնտրելու իր փառքի փշրանքները։ Ռոբերտ Քոչարյանը, ով 2021-ի ընտրություններում պարտվեց պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանին, այժմ փորձում է ընդդիմադիր բանավիճողի դիրքերից՝ «փիլիսոփայությամբ» ու «բացահայտումներով» արժանանալ անհաղթ դափնիներին։
Միայն թե, տարբերությունն այն է, որ Դավիթ Անհաղթն իր անվան մեջ լիարժեք արդարացրեց «անհաղթ» ձեւակերպումը, մինչդեռ Քոչարյանի դեպքում՝ վերջին հինգ տարվա խղճուկ ընդդիմադիր գործունեությունը, փոշիացած վարկանիշը, մանդատ նետած թիմակիցները եւ օրեցօր պառակտվող ընդդիմադիր դաշտը այլ տպավորություն են թողնում։
Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նստած մնալ իշխանության ղեկին՝ բոլոր ներքին եւ արտաքին ճնշումներին դիմակայելով, Քոչարյանը նորից խոսում է «սոցիոլոգիաներից», «շանսերից» ու «վերլուծություններից», ակամա հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է իրականում Ռոբերտ Քոչարյանը. «Ռոբերտ Անհաղ՞թը», թե՞ հուսահատ փիլիսոփա, որ կրկին մոլորվել է քաղաքական անորոշության լաբիրինթոսում։
Այս հարցը մնում է օդում կախված՝ հատկապես նրա վերջին ասուլիսից հետո, որը վերլուծության կարիք ունի ոչ թե որպես քաղաքական իրողություն, այլ թե ինչպես չպետք է հանդես գա ընդդիմադիր առաջնորդը:
ԿԱՐԵՎՈՐԸ ԻՐԵՆՔ ԵՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՆ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը, մեղմ ասած, չարդարացրեց հանրային սպասելիքները։ Տեղի ունեցավ ոչ թե ընդդիմության զարթոնք, այլ վախվորած մենախոսություն՝ լի հակասություններով, պնդումներով՝ առանց հիմնավորման, եւ ինչն առավել մտահոգիչ է՝ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու մանեւրներով։
Ասուլիսի ընթացքում Քոչարյանը հայտարարեց, թե 2026թ․ ընտրություններում երկու ընդդիմադիր ուժ կարող են անցնել Ազգային ժողով՝ «Հայաստան» դաշինքը եւ գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ կուսակցությունը։ Ըստ նրա՝ ՔՊ-ն ընդամենը «փոքր մարժայով» է առջեւում. «Այսօր երեւում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան՝ շատ չեն զիջում ՔՊ-ին, բավական փոքր մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորն արդեն շեշտակի ավելի են»։
Լավ, իսկ հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդ վստահությունը։ Նույն «սոցիոլոգիաներով» 2021-ին էլ խոստանում էին հաղթել, իսկ իրականությունը բոլորին հայտնի է։ Այդ ժամանակ «Հայաստան» դաշինքն իսկապես ուներ հանրային վստահության պաշար, թարմ, ցավոտ պատերազմից հետո ընդդիմությունն ուներ մոբիլիզացիոն ներուժ։ Իսկ հիմա՞։ Հինգ տարի ընդդիմության գլխին կանգնած լինելով՝ ոչ միայն չկարողացան հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այլեւ պարալիզացրին ընդդիմադիր դաշտը՝ վերածելով այն լռության թատերաբեմի։ Իսկ հիմա ասում է, ինչպես հայտնի ֆիլմում. «Կարեւորը մենք ենք ու Ամերիկան»:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆ Է
Քոչարյանն ասում է՝ իրենք դեռ չեն քննարկել, թե ինչպես կմասնակցեն ընտրություններին՝ միասին թե առանձին։ Բայց մի՞թե մոռացանք, որ հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն էր, ով 2021-ին փլեց ընդդիմության հնարավոր միասնական ճակատը՝ ընտրելով սեփական դաշինքը։ Հիմա էլ նույնը. ասում էր միայնակ ենք գնալու ընտրություններին, հիմա «միասին ավելի ենք», իսկ քաղաքական իմաստով, «միասին» ասելով, նկատի ունի ոչ թե ընդդիմության միավորում, այլ՝ սեփական թիմը եւ Կարապետյանի կապիտալը ներկայացնող նոր նախագծերը։
Ի դեպ, եթե սրան ավելացնենք այն փաստը, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած քաղաքական ուժը հայտնվել է նրա խոսքի մեջ՝ առանց քննադատական, նույնիսկ զուսպ դիտարկումներով, հարց է առաջանում՝ էլ «զադերշկան» ինչո՞ւմ է, որ չեք միավորվում:
ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ՝ ԲԱՅՑ ՈՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Ասուլիսում Քոչարյանն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանության գործողություններին՝ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին հոգեւորականներին բանտերն ուղարկելու մեջ։ Նա ասաց. «Եկեղեցու վրա հարձակումները, միանշանակ, ռեյտինգ չեն բերում ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ ՔՊ-ին... Նա ցանկանում է, որ Կաթողիկոսի տեղում հայտնվի մեկը, ով վերջապես կսկսի ենթարկվել իրեն»։
Էհ, հասկացանք։ Բայց ինչ-որ մեկի ցանկություններից խոսելու փոխարեն՝ գուցե գլխավոր ընդդիմության առաջնո՞րդը քայլեր ձեռնարկեր՝ ի պաշտպանություն Հայ եկեղեցու: Քոչարյանն ասում է՝ այդ ամենը կանխատեսել էր։ Իսկ ի՞նչ արեց դրա դեմ։ Ոչ մի հրապարակային կամ վճռական քայլ։ Այսօր, երբ, օրինակ, Սամվել Կարապետյանն անազատության մեջ է հենց եկեղեցու վերաբերյալ դիրքորոշման պատճառով, Քոչարյանը վայելում է իր խաղաղ առօրյան՝ հեռու քաղաքական ռիսկից։
Քոչարյանը նաեւ քննադատեց Փաշինյանին վերջինիս ստերի համար. «Մենք ունենք հազարից ավելի գրանցված ստեր։ Ես մի անգամ օգտագործել եմ մի տերմին, որ ստախոսության բիոսարք է։ Ուղղակի ստում է»։ Նա մատնանշեց, որ Թրամփի ուղու վերահսկողությունն իրականում այլ երկրի ձեռքում է լինելու, եւ դա ակնհայտ է․«Դուք մտածում եք, թե այդ ճանապարհի վրա, որի հետեւում կանգնած է լինելու Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է լինելու ինչ-որ բան թելադրե՞լ։ Իրո՞ք։ Այդքան միամի՞տ ենք մենք»։
Բայց այստեղ կա մի մեծ լռություն։ Ոչ մի խոսք՝ Ռուսաստանի դերի մասին: Առնվազն, այստեղ կարող էր Քոչարյանը հանդես գալ հայտարարությամբ, որ՝ Պուտին ջան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ճիշտը չկա, այս հարցն այսպես թողնել չի կարելի: Թեպետ էլ ինչ պահանջեց, եթե անգամ Մոսկվայում որեւէ լուրջ հանդիպման մասին լուրերն էլ Քոչարյանը հերքեց. «Ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում, երկու օրով՝ շաբաթ, կիրակի։ Մասնավոր, անձնական ինչ-որ հարցերով եւ վերադարձել եմ երկուշաբթի օրը»։ Այսինքն՝ ինչպես միշտ՝ ոչ պաշտոնական, ոչ քաղաքական, ոչ էլ՝ հանրային ասելու բան չկա։ Եվ կրկին՝ անորոշություն, որը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան` պատասխաններ տալիս։
ԻՍԿ Ի՞ՆՉՆ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Ռոբերտ Քոչարյանի այս ասուլիսը ավելի շատ ցուցադրեց քաղաքական սպառվածություն, քան ծրագրավորված ընդդիմություն։ Նա անընդհատ խոսում է մարդկանց միամտությունից, բայց մոռանում է, որ իրականում հենց այդ մարդկանց ձայներն է ակնկալում 2026-ին։ Իսկ երբ ամբողջ ասուլիսի ընթացքում միակ շեշտը դրվում է Փաշինյանի քննադատության, ոչ թե իր քայլերի արդարացման վրա, հարց է ծագում՝ իսկ ի՞նչն է Քոչարյանին դարձնում այլընտրանք։
Քոչարյանն իր ասուլիսով ոչ թե հստակեցրեց ընդդիմության դերը առաջիկա քաղաքական գործընթացներում, այլ՝ ավելի խճճեց այն՝ փոխանակ պատասխանների՝ թաքնվելով հռետորական հարցերի ու քաղաքական հնացած մարտավարության հետեւում։ Այսքանից հետո՝ մեզ մնում է արձանագրել՝ ո՞ւմ համար դեռ պարզ չէ, որ այսօրվա ընդդիմադիր դաշտի պառակտվածության եւ անգործության գլխավոր պատասխանատուներից մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է։
ԻՍԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Այս ամենի ֆոնին ողջունելի է, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում համարձակորեն պայքարել մի ողջ համակարգի դեմ՝ ենթարկվելով ամենաստոր եւ նենգ ճնշումների իշխանության կողմից: Այո՛, նա այսօր դեռեւս միակ բարձրաստիճան պաշտոնյան է, ով հայտարարում է, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը հնարավոր է պաշտպանել միայն Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը մաս կազմելու միջոցով: Ընդ որում՝ նա այս հարցում մենակ չէ: Երեկ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի այցը Գյումրի եւ հանդիպումը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ՝ հենց այդ մասին էր։ Հայկ Բաբուխանյանը շարժման անունից լիակատար աջակցություն հայտնեց նրան, ինչը նշանակում է, որ պրոռուսական ուժերի համախմբման պոտենցիալ կա եւ գնալով ավելի է ակտիվանում: Այնպես որ, ամեն ինչ կորած չէ, եւ դեռ այս խորը եւ համապարփակ անդունդից դուրս գալու հույս կա՛:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
