«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԱՋ ՁԵՌՔՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Բուլղարիայի Ալբենա քաղաքում կայացած Բազկամարտի Աշխարհի առաջնությունում հանդես են եկել Հայաստանի ներկայացուցիչները։ Պատանիների, երիտասարդների, մեծահասակների հավաքականներն ընդհանուր հաշվարկով նվաճել են 12 մեդալ, որից 5 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։ Նշենք, որ այս մրցաշրջանում հայ բազկամարտիկները Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններից Հայաստան են բերել 28 մեդալ։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել երիտասարդների կազմում ոսկե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Մարիամ, փայլուն հաղթանակի, Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 65 կգ քաշային կարգում։ Եզրափակչում աջ ձեռքով հաղթեցի թուրք մրցակցիս։ Նշեմ, որ այս տարի Եվրոպայի առաջնության ժամանակ կրկին այս թուրք մարզիկին ես հաղթել էի։ Շատ աննկարագրելի զգացողություններ ունեցա, քանի որ սա արդեն Աշխարհի առաջնությունում էր։ Մինչև թուրքին հաղթելը, հաղթեցի նաև Չեխիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի ու Ղազախստանի ներկայացուցիչներին։ Իսկ ձախ ձեռքով նվաճեցի բրոնզե մեդալ։ Այս հաղթանակս նվիրում եմ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած հերոս ՄԽԻԹԱՐ ԳԱԼԵՅԱՆԻ պայծառ հիշատակին։
- Մարիամ, ինչ տվեց քեզ այս հաղթանակը։
- Այս հաղթանակը ինձ տվեց ինքնավստահություն, մեծ փորձ ու հեռանկար, որ կդառնամ պրոֆեսիոնալ մարզիկ ու մեծահասակների կազմում ևս հանդես կգամ։ Ֆինանսական առումով ասեմ, որ ինձ ֆեդերացիայից աջակցել են, որ կարողանամ մասնակցել։ - Շնորհակալություն, Մարիամ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Զգացված եմ մշտապես ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
