Թրամփն ԱՄՆ-ն եւս մեկ քայլով մոտեցրեց քաղաքացիական պատերազմին
ՎերլուծությունԵրբ վերջերս ԱՄՆ պատերազմի նախարար Պիտ Հեգսեթը, ավելի ճիշտ` նրա միջոցով Թրամփը բոլոր ամերիկացի գեներալներին շտապ «տուն» կանչեց ` ԱՄՆ ընդհանուր հավաքի Քվանտիկո ռազմական բազայում, համաշխարհային հանրությունը լարվեց։ Եվ ամերիկացիներն ավելի անհանգստացան՝ ի՞նչ կպատահի։ Շատերը կարծում էին, որ Թրամփը կհայտարարի Երրորդ համաշխարհային, կամ գոնե ինչ-որ հատվածում լոկալ պատերազմ...
ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԹՐԱՄՓԸ
Պատերազմը, նման է, կլինի: Միայն թե ամենահավանական թատերաբեմը Միացյալ Նահանգներն է։ Ամեն դեպքում, փորձագետների հիմնական մասը հենց այդ ենթադրությանն է եկել նախ` Հեգսեթի, ապա` Թրամփի ելույթից:
Հեգսեթի երկար-բարակ ելույթի ամենահիշվող դրվագն էր նրա միտքը, թե` «Ամերիկան վերադառնում է բնականոն կյանքին»: Այն է` «Այլեւս ոչ մի զգեստավոր տղա, ոչ մի հպարտության ամիսներ, ոչ մի կլիմայի փոփոխության պաշտամունք եւ ոչ մի սեռային խառնաշփոթ. մենք վերջ ենք դնելու այս անիմաստությանը»,- հայտարարեց նախարարը։ Այն է` ԱՄՆ-ից պետք է վերացվեն ուլտրալիբերալ բոլոր «արժեքները»` տարաբնույթ ԼԳԲՏ-ներով, երրորդ սեռերով, իրավունքներով, բանակում` ծիածանագույն գեներալներով եւ մնացած բաներով: Ու այստեղ առաջ եկող հիմնական հարցն այն չէ, թե պատերազմի նախարարի ի՞նչ գործն է այն բանի մասին խոսելը, որը քաղաքական գործիչների գործառույթների մեջ է, այլ այն, թե տեսնես ինչպե՞ս է պատրաստվում դրան հասնել:
Հենց այդ վերջին հարցի պատասխանն է, որ երեւաց արդեն Թրամփի ելույթում: Սկսեց սովորականի պես` ինչքան լավն է ինքը, որքան է ԱՄՆ-ի բախտը բերել նման նախագահ ունենալով, ինչքան է աշխարհն իրեն պարտական տասնյակ պատերազմներ դադարեցնելու համար, որքան է հիասթափված Պուտինից եւ այդպես շարունակ: Ապա անցավ ամերիկյան բանակին, թե որքան է այն հզոր, քանի միջուկային սուզանավ ունի Ռուսաստանի ու Չինաստանի ափերի մոտ, որոնք ո՛չ ռուսները, ո՛չ էլ չինացիները (կամ նույնիսկ, երբեմն, ամերիկացիներն իրենք) երբեւիցե չեն կարող հայտնաբերել: Ու հետեւեց գլխավոր մտքերից մեկը` գալիք տարի մեկ տրիլիոն դոլարի ռազմական բյուջե կլինի: Մինչ փորձագետները փորձեցին մարսել, թե այդ փողով ինչեր է արվելու` մտածելով, որ հիմա Թրամփը կանցնի Երրորդ աշխարհամարտ սկսելուն: Ամերիկյան գեներալների աչքերն էլ Թրամփին ուղղված երախտագիտությամբ լցվեցին (կատակ բան չէ, մեկ տրիլիոն են ստանալու), Թրամփը բացատրեց, թե այդ փողով ինչ է անելու ամերիկյան բանակը` հնչեցնելով, թերեւս, այդ հավաքի գլխավոր միտքը: Այն է` հրամանագիր է ստորագրվում, որը նրան լիազորում էր օգտագործել բանակը՝ երկրում` ԱՄՆ-ի ներսում կարգուկանոն վերականգնելու համար:
Այսինքն, ոստիկանությունն ու Ազգային գվարդիան այլեւս բավարար չե՞ն անօրինական ներգաղթյալների, թմրավաճառների եւ «Անտիֆա» եւ «Սեւամորթների կյանքը կարեւոր է» եւ այլ արմատական ընդդիմադիր շարժումների դեմ պայքարելու համար, ու արդեն նաեւ բանա՞կն է պետք ներգրավել: Դրա համա՞ր Թրամփը շտապ կանչեց գեներալներին (մինչեւ դեմոկրատները կարողանային գործողություններ ձեռնարկել) եւ իր «քաղցր» ձայնով խոստացավ նրանց մեկ տրիլիոն՝ նրանց աջակցությունն ապահովելու համար: Ամեն դեպքում, տպավորություն է, որ Թրամփը, Հեգսեթի հետ միասին, նշանակված X ժամին կտան ամերիկյան քաղաքներում զորքեր տեղակայելու հրաման: Դա, հասկանալի է, պետք է հաստատվի նույն այդ գեներալների կողմից տեղում, որի խնդիրը Թրամփը լուծեց` որպես բիզնեսմեն` մեկ տրիլիոն:
Շատ փորձագետներ այդ ամենից եկել են եզրակացության՝ միայն իր այդ ելույթով, անկախ, թե ինչ գործնական հետեւանքներ կլինեն, Թրամփն արդեն այս պահին եւս մեկ քայլով Ամերիկան մոտեցրեց քաղաքացիական պատերազմին։ Եվ իրոք, ընդհանրական պատկերը նման է դրան: ԼԳԲՏ-ականության եւ տարաբնույթ նման այլ լիբերալ «արժեքները», ըստ էության, արգելելուն միտված հայտարարությամբ Հեգսեթը ցույց տվեց, որ Թրամփն անցնում է այն գիծը, որից հետ քաշվելու հնարավորություն այլեւս չի ունենա, եթե անգամ ցանկանա. հետ քաշվելը կդառնա ոչ թե պարզապես վարկանիշային հարված, այլ` պարտության նախանշան: Այդ գիծը վերաբերում է նաեւ գլոբալիստներին. եթե այս պահին չկարողանան պահել այն «արժեհամակարգային» դիրքերը, որոնք ստեղծել են երկար տարիներ եւ որոնք տարածելով ամենուր, փորձում էին հասնել ամբողջական աշխարհակալության, ապա վաղը-մյուս օրը, երբ Թրամփը սկսի նաեւ բանակի ներգրավմամբ վերահսկել ամերիկյան քաղաքները, այլեւս ոչինչ անել հնարավոր չէ: Քանիցս ենթադրություն հայտնել էին, որ ներկայիս գործընթացները ակնարկում են հենց այդ մասին՝ Թրամփը պատրաստվում է վերջնական «պատերազմի» գլոբալիստական թեւի հետ: Քվանտիկո ռազմական բազայում, շատ նման է, որ հենց դա տեղի ունեցավ՝ «պատերազմը» հայտարարված է: Կվերածվի՞ այն ներքին բախումների, հիմա արդեն դա կապված է գլոբալիստների պատասխանից:
Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՆ
Բայց Քվանտիկո ռազմական բազայում տեղի ունեցածի հետ կապված` մեկ այլ խորքային հարց եւս կա: ԱՄՆ-ն պրագմատիկ երկիր է, եւ նրա բանակն էլ աշխարհով մեկ տեղավորված է հենց այդ սկզբունքից ելնելով. որտեղ ինչ քանակություն պետք է, նվազագույն հաշվարկներով` ավելորդ փող չծախսելու համար: Ու հիմա, եթե պետք են ԱՄՆ-ի ներսում հավելյալ ուժեր (արդեն կան նաեւ հաշվարկներ, թե ինչ կարգի ուժեր են պետք ԱՄՆ-ի ներսում կարգուկանոն վերականգնելու համար` մոտ կես միլիոնի չափ), ապա դրանք պետք է բերել դրսից: Չինական ուղղությունը Թրամփը հազիվ թե թուլացնի, մնում են Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը: Այն, որ Պենտագոնն անմիջապես էլ հայտարարեց Իրաքից զորքերը հանելու մասին, իսկ Եվրոպայում աղմկում են, որ ամերիկյան ռազմական կոնտինգենտն էապես կկրճատվի, այդ մասին է վկայում:
Իսկ ահա Եվրոպայի հետ կապված` մինչ Թրամփի այդ հայտարարություններն էլ, հիմնական օրակարգային թեմա էին դարձել ամերիկյան ռազմական կոնտինգենտի էական կրճատման հարցը: Ընդ որում, այդ մասին բաց ակնարկների տեսք ունեին ԱՄՆ-ից տարածվող հայտարարությունները հատկապես արեւելաեվրոպական ուղղությամբ ֆինանսավորման կրճատման մասին, ինչը դրված է նաեւ մեկնարկող պետբյուջեում՝ այդ հատկացումների բացակայության տեսքով: Եվրոպայում փորձեցին «ռուսական վտանգ», ավելի կոնկրետ՝ «ռուսները հարձակվում են» սցենար խաղարկել, թերեւս հուսալով, որ դա կփոխի Թրամփի ծրագրերը: Բայց դատելով Քվանտիկո բազայում տեղի ունեցածից, հասկանալի է դառնում, որ այդ խաղը չաշխատեց: Ու դա միանգամայն սպասելի էր, հաշվի առնելով, որ ամերիկագլոբալիստների դեմ հայտարարված «պատերազմը» իրականում «պատերազմ» է նաեւ եվրագլոբալիստների դեմ:
Իսկ եթե ամերիկյան զորքերն իրականում էլ սկսեն Հին աշխարհը, որտեղ են Երկրորդ համաշխարհայինից ի վեր, ապա այստեղ այլ հարցեր են առաջանում: Նման իրավիճակում որքանո՞վ է իր ֆունկցիոնալությունը պահպանում ՆԱՏՕ-ն, ըստ այդմ, ինչպե՞ս է Եվրոպան լուծելու իր անվտանգային հարցերը, որը մինչ այս հիմնականում կապված էր ամերիկյան բաղադրիչի հետ: Դա նախ, պահանջում է բազմատրիլիոնանոց ներդրումներ՝ առանց բացառության բոլոր հիմնական ռազմական ուղղությունները առաջ տանելու համար: Պետք է երկար ժամանակ, որը միգուցե ավելի մեծ խնդիր է, քան փողի պակասը: Ու դա պետք է կարողանան իրականացնել ներքին սրվող ճգնաժամը եւ ուկրաինական հակամարտության փաստը հաշվի առնելով:
Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ԶԵԼԵՆՍԿԻՆ
Իսկ ի՞նչ է անելու Զելենսկին: Հիշեցնենք նրա հետ ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում վերջին հանդիպումից հետո Թրամփի արած հայտարարությունը՝ եթե ուզում ես հաղթել «թղթե վագր» Ռուսաստանին, գնա ու հաղթիր, բայց Եվրոպայի օգնությամբ: Ու երբ սրան ավելանում է նաեւ Եվրոպայում ամերիկյան զորքերն առնվազն կրճատելու մասին նման միանգամայն թափանցիկ ակնարկը, ապա նշանակում է, որ ստիպված է լինելու Թրամփի հենց այդ խորհրդով էլ շարժվել: Կամ դրա այլընտրանքային տարբերակով՝ ընդունել այն պայմանները, որոնք առաջադրել է Մոսկվան, հաշվի առնելով, որ Եվրոպայից օգնություն այս իրավիճակում սպասելը գնալով ավելի անհույս գործ է դառնում: Եվրագլոբալիստները, ճիշտ է, շարունակում են խոսել ռուսական սառեցված մոտ 300 միլիարդ փողերն Ուկրաինային ֆինանսավորման միջոց դարձնելու մասին, բայց Մակրոնը զգուշացրեց՝ պետք չէ: Պատճառը միանգամայն հասկանալի է, ամեն դեպում, Մոսկվան եւս մեկ անգամ բացատրեց: Բացի այն, որ դա նշանակում է մեծամասշտաբ գողություն, որի համար պատասխան տալու պահը կգա, նաեւ պատրաստված է Ռուսաստանում առկա արեւմտյան ակտիվները (որոնք գրեթե համարժեք են Եվրոպայում սառեցված ռուսական միջոցներին) պետականացնելու որոշում՝ ստորագրման պատրաստ հրամանագրի տեսքով: Իսկ դրանք լուրջ ակտիվներ են, հիմնականում հանքահումքային եւ էներգետիկ ընկերություններում բաժնեմասի տեսքով, որոնք արեւմտյան ընկերությունները հեռանալով, հանձնել են կառավարման: Ընդ որում, հատկապես մեծ է ֆրանսիական կապիտալը, եւ, դրանց կորստին նպաստելով, Մակրոնը նաեւ այդ ընկերությունների հետ է սուր խնդիրներ ունենալու:
Այսպիսով, ֆինանսավորման հետ կապված խնդիրը հասել է այն աստիճանի, որ արդեն ուկրաինական աղբյուրներն են այդ մասին խոսում ամենօրյա ռեժիմով: Դրան էլ, իհարկե, պետք է գումարել ռազմական խնդիրները, որոնք օրերս ուկրաինական արժանահավատ փորձագիտական աղբյուրը, ելնելով ողջ առաջնագծի մասով ռազմական փորձագետների գնահատումներից, ամփոփել էր՝ ներկայացնելով նման պատկեր. «Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են գրեթե աղետալի վիճակում բոլոր ուղղություններում… Ուկրաինայի զինված ուժերը սպառում են իրենց պաշարները։ Ճակատի խոշոր փլուզումը սպասվում է։ Միակ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա եւ որքան մասշտաբային կլինի: Պոկրովսկի անկման դեպքում դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարի»: Մնացածը որոշելն արդեն Զելենսկու խնդիրն է:
