Տեսնես հիմա՞ ինչու Նիկոլն ու Ալիեվը որոշեցին հանդիպել
ՎերլուծությունԱյս օրերին կարելի է նկատել նաեւ, որ Թրամփը փորձում է արագացված լուծումներ գտնել նաեւ Մերձավոր Արեւելքի հետ կապված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=324344&l=am): Դա կարելի է հասկանալ. եթե Վաշինգտոնի համար հիմնական առաջնահերթություններ են մնում ներքին խնդիրներն ու չինական ուղղությունը, դա հուշում է, որ Մերձավոր Արեւելքն այն հիմնական բալաստներից մեկն է, որից պետք է հնարավորինս շուտ ազատվել: Իհարկե, այդ տրամաբանության մեջ պետք է տեսնել Գազայի խնդրի կարգավորման այն ծրագիրը, որը Թրամփը ներկայացրեց օրերս, եւ որի հետ շտապեց համաձայնել տարածաշրջանի առանցքային երկրների հիմնական մասը: Բայց ՀԱՄԱՍ-ը մերժում է այդ ծրագիրը, որը նախատեսում է այս խմբավորման զինաթափում, եւ հարցը, թե Թրամփի առաջարկը կստանա՞ ընթացք, այդ թվում՝ կունենա՞ ռազմական պարտադրանքի տեսք, դեռ մնում է օդից կախված:
Բայց, ամեն դեպքում, ԱՄՆ-ն նաեւ պաշտոնապես հայտարարում է Մերձավոր Արեւելքում ունեցած ռազմական կոնտինգենտը հնարավորինս շուտ կրճատելու մասին, ինչը, թերեւս, այն տրամաբանության մեջ է, որը ներկայացվեց ամերիկյան գեներալիտետի` օրերս տեղի ունեցած հավաքի ժամանակ:
Այստեղ, սակայն, իհարկե, նաեւ Հայաստանին վերաբերող առանցքային հարց կա: Եթե Թրամփն իրոք սկսի ամերիկյան ուժերը կամ դրանց որոշակի մասը տարածաշրջանից դուրս բերել, այդ դեպքում ինչպե՞ս է ապահովելու «Թրամփի ուղի» կոչված միջանցքի անվտանգությունը, եթե, իհարկե, այդ միջանցքն, ի վերջո, կառուցի: Հաշվի առնելով, որ տարածաշրջանում ներկա ուժային բալանսն արդեն իսկ այդ հարցը պահում է օրակարգում: Ըստ այդմ, արդյոք դրա հետ չի կապված «Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքների բացակայությունը, որի մասին օրերս տրտնջում էր Նիկոլ Փաշինյանը: Կամ, երբ ամերիկացիները մեծ շոուով այդ թուղթը ստորագրեցին, ու հիմա զարգացումներ չկան, եւ չգիտես էլ, թե երբ կլինեն, դա եւս մեկ ազդակ չէ՞, որ Նիկոլի այդքան քարոզած «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը, Ալիեւի հետ մինչ այդ ունեցած այլ պայմանավորվածությունների օրինակով կտեղափոխվի «բարի ցանկությունների» թղթապանակ՝ նորից նույն անորոշ վիճակի բերելով հայ-ադրբեջանական թեման, որը կար Վաշինգտոնից առաջ:
Միգուցե հենց սա՞ էր Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթաժողովի շրջանակներում երեկ կայացած Նիկոլի եւ Ալիեւի մի փոքր անսպասելի հանդիպման իմաստը: Խոշոր հաշվով, անհասկանալի է, թե ինչից են խոսել Նիկոլն ու Ալիեւը, ինչպես դրանից ոչ շատ առաջ՝ Միրզոյան Արոն եւ Բայրամովը: Ալիեւի պայմանը հստակ է՝ նախ փոխեք Սահմանադրությունը, ապա պայմանագիրը կստորագրենք: Ու այնքան է դրա մասին խոսել, որ հետ քաշվելը կդառնա հեղինակության հարված: Նիկոլն էլ իր հերթին է մի հազար անգամ պատասխանել՝ չեմ կարող, ընտրություններից հետո՝ միգուցե: Մնացած ամեն ինչը, եթե արդեն նախաստորագրել են, պետք է հաստատված, համաձայնեցված լինի. խոսելու բան պարզապես չկա:
Եթե միայն հաշվի չառնենք նոր իրողությունները: Այսինքն, մի կողմից, երկուսով ընդամենը ամիսուկես առաջ Թրամփին էին հավատարմության երդում տալիս, թեեւ ԱՄՆ առաջնորդն արդեն այդքան էլ «լավ չի հիշում» թե ում հետ է հանդիպել եւ ինչի համար: Մյուս կողմից, նույն Թրամփը փաստացի «պատերազմ» է հայտարարում լիբերալական «արժեհամակարգին», որը միանշանակ ցույց է տալիս՝ արեւմտյան աշխարհում կա արդեն իրար հետ «պատերազմող» երկու բեւեռ, որոնք ուր որ է, կսկսեն մնացած աշխարհի հետ խոսել «կամ-կամ» սկզբունքով: Կոնկրետ դեպքում ո՞ւմ հետ է Ալիեւը, եւ որ էլ ավելի սուր է դրվելու՝ Նիկոլը: Այն է, այդ «կամ-կամ»-ի պարագայում է՞լ են շարունակելու «Թրամփի ուղուց» խոսել, թե՞ պետք է շրջվեն մյուս «կամ»-ի՝ գլոբալիստների կողմը, ավելի ճիշտ՝ իրենց գործերը նրանց հետ բռնեն, այն է, կրկնենք, Թրամփի հետ ստորագրած թղթերը տեղափոխեն «բարի ցանկությունների» թղթապանակ:
Իսկ ընդհանրական իմաստով, իհարկե, Կոպենհագենում Նիկոլն ու Ալիեւը, բացի փոխադարձ հարցերից, նախ պետք է գլուխ հանեն, թե որ ուղղությամբ է արեւմտյան աշխարհը զարգանալու, որն էլ նրանց հետագա քայլերի ուղին կդառնա: Այսինքն, մասնավորապես այդ նույն հավաքում ի՞նչ պատասխան են պատրաստում եվրոպացիները՝ ընդդեմ Թրամփի, կամ միգուցե կորոշեն միանգամից հանձնվե՞լ, թեեւ դա քիչ հնարավոր է:
Իհարկե, սա էլ դեռ ամբողջը չէ, հաշվի առնելով, որ Նիկոլն իր ողջ արեւմտամոլական հայտարարություններով հանդերձ, որոնք վերջին ժամանակներս այդքան հաճախակի են դարձել, չի մոռանում նաեւ մեկ-մեկ «հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչին» այցի գնալ՝ ցույց տալով, որ բացի արեւմտյան երկու «աթոռից», կա նաեւ ռուսական «աթոռը»: Ու ասել, թե Ալիեւը, իր ներկայիս ընդգծված ռուսատյացությամբ հանդերձ, իր հերթին ռուսական «աթոռի» փաստը լիովին հանել է օրակարգից, միամտություն կլինի:
Մի խոսքով, շատ խառը վիճակ է, այդպես էլ դեռ չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել, թե որ մի «խաղաղության պայմանագիրը», եւ որ ամենակարեւորն է՝ որտեղ են ստորագրելու, որ կամ ինչ անվամբ «միջանցք» են բացելու: Միայն թե Նիկոլը շտապելու խնդիր ունի. մի ամբողջ շոու է սարքել, թե էս է, «խաղաղություն» եմ բերում: Ու եթե մինչեւ գոնե գալիք տարեսկիզբ վերջնական ստորագրած թուղթ ձեռքին չունենա, ամբողջ ներկայացումը կարող է ձախողվել:
