Փայփայված ընդդիմություն, թիրախավորված քաղաքապետ
ՎերլուծությունՀոկտեմբերի առաջին օրերի Ազգային ժողովի հարցուպատասխանը կառավարության հետ քաղաքական դաշտ բերեց այնպիսի բառամթերք, որը միայն սոցցանցերին է հարիր՝ հոպարի «գանձից» մինչեւ համայնքի ընտրված ղեկավարին «շպրտել»: Այս ամենով նիզակահարվում է ոչ թե միայն ընդդիմությունը, այլ ինստիտուցիոնալությունը, ֆեյսբուքյան վիրավորանքը վերափոխվում է օրենսդրական-տրիբունալ տրամաբանության մեջ։
«Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզ: Ձեզնից եւ ձեր ֆրակցիայից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի, եւ մենք դրա համար ձեզ այդպես փայփայում ենք», - ԱԺ ամբիոնից անկեղծացավ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորներին:
Ինչ խոսք Փաշինյան Նիկոլի ցինիզմը սահմաններ չունի, բայց որ նրա լեզուն այսքան երկարացրել է հենց այդ գանձ-ընդդիմությունը, ոչ պակաս անհերքելի է: Ժամանակին էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Աստծո պարգեւ համարում այդ գլխավոր ընդդիմությանը: Դե գանձ են, բա ինչ են, եթե 7 տարի է` այս իշխանությանը ոչ միայն չեն հեռացրել, այլեւ նրանց հետ նստած հարցուպատասխան են անում եւ ապահովում խորհրդարանական բնականոն աշխատանքը: Եվ ամենատարօրինակը Նիկոլի «գանձ»-ը լինելու հետ համակերպված նույն ընդդիմադիրների արձագանքն էր: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հարց է բարձրացնում. «Բա որ իր համար գանձ ընդդիմություն ենք, ինչո՞ւ է ձերբակալում»:
Փաստորեն, իշխանությունը գոռում է ժողովրդավարության բաստիոն լինելուց, բայց ընդդիմախոսը դառնում է կա՛մ «գանձ», կա՛մ «շպրտվող»։ Ահա վերջինի մասին էր Նիկոլ Փաշինյանի թիրախավորումը՝ Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին: Ըստ էության, ժխտելով ընդդիմության քաղաքական գոյության իրավունքը՝ Փաշինյան Նիկոլը հիմա էլ նոր բաժանարար գիծ է դնում՝ եթե մեր «գանձը» չես, ուրեմն՝ դու պետք է ենթարկվես քաղաքական հետապնդումների ու հալածանքների:
ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԹՐՔԱՀՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Այն միտքը, որ արդեն 6 ամիս է Գյումրիի քաղաքապետն է Վարդան Ղուկասյանը, հանգիստ չի տալիս Փաշինյան Նիկոլին: Եվ պատճառը ոչ միայն հայրաքաղաքում ընդդիմադիր քաղաքապետ լինելու փաստն է, այլ այն, թե ինչ գաղափարախոսությամբ Վարդան Ղուկասյանը մտավ ընտրապայքարի եւ ստացավ ոչ միայն ընտրողների, այլեւ անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր մյուս ուժերի քաղաքական աջակցությունը:
Երբ հետեւողականորեն Վարդան Ղուկասյանը խոսում է Հայաստանի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը մաս կազմելու անհրաժեշտության մասին, դրանից ջղաձգվում է Թուրքիա-Ադրբեջան արդեն իսկ դե յուրե գոյություն ունեցող միութենական պետության հետ ակտիվ հարաբերություններ ձեւավորող Նիկոլ Փաշինյանը: Աբսուրդ է չէ՞, վերջինս ԱԺ ամբիոնից գոռում է ինքնիշխանության մասին, բայց երկիրը տանում է՝ թրքահպատակության՝ հրաժարվելով անգամ խորհրդանիշ Արարատ լեռից, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, պատմական Հայաստանի երազանքից, Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունն էլ ասում է, թե պետք է թուրքին ու ադրբեջանցուն, դա էլ կփոխենք:
Սա է այն խորքային բանավեճը, որն ունեն այսօր Նիկոլ Փաշինյանն ու Վարդան Ղուկասյանը: Առաջինը խաղում է մարդկանց էմոցիաների վրա, թե՝ Վարդան Ղուկասյանը հրապարակայնորեն կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ Գյումրի քաղաքապետն արձագանքում է շատ հստակ՝ այդ միութենական պետությունը Հայաստանի պետականությունն է պաշտպանելու. «Ես հիմա նորից նույն խոսքերն եմ ասում՝ հայոց պետականությունը պահելու համար, մենք պետք է որեւիցե մի միության մեջ լինենք։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ես ասել եմ՝ ով իմ այս խոսքերին հակադարձի, քոմենթներ գրի փողով, սրիկա շան որդի է, թուրքահպատակ։ Ես դա եմ ասել ու չեմ փոշմանել»։
Այս կոնֆլիկտում կարեւոր է հասկանալ գլխավորը՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը չի՛ հանդիսանում անկախության ստորացում: Պատմությունը հարուստ է օրինակներով, երբ փոքր պետություններ անդամակցել են լայն կառույցների եւ պահպանել ու ամրապնդել են իրենց պետականությունը՝ զորացնելով տնտեսությունը, զարգացնելով ենթակառուցվածքները եւ ապահովելով երկրի անվտանգությունը։ Ավելին՝ բերենք իրենց սիրելի Արեւմուտքից օրինակ. հստակ է՝ եվրոպական մի շարք պետություններ, որոնք քաղաքական-տնտեսական ինտեգրման մեջ են, չեն դարձել «անիշխան», նրանց նկատմամբ ստորադասման կամ անկախության «կորստի» փաստ չկա՝ առնվազն երբ խոսքը հաշվետու, ինստիտուցիոնալ կազմակերպված միությունների մասին է։ Ավելորդ է հիշեցնել, որ անկախությունը չի չափվում միայն պաթետիկ խոսքերով, այլ չափվում է քաղաքական ինստիտուտների, դատարանների, մամուլի անկախության ու քաղաքացիական հասարակության ինքնուրույն գործելու կարողությամբ: Վիզը ծուռ այս իշխանությունը այդ ե՞րբ գործեց ինքնուրույն: Եթե սկզբում ակնառու էր Արեւմուտքի դուդուկի տակ պարելը, հիմա թուրքի ու ադրբեջանցու մուղամի տակ են պերֆորմանսներ անում: Հետեւապես, ընտրությունը քաղաքացունն է՝ կամ դու միութենական ես, կամ՝ թրքահպատակ: Ահա այս հստակությունն է, որ Փաշինյանին գցում է տվայտանքների մեջ: Մինչդեռ իր գլխավոր ընդդիմությունն այս հարցում իրեն պահում է, իրոք, «գանձի» պես՝ կա՛մ լուռ է, կա՛մ շրջանցում է, կա՛մ էլ համաձայն է Փաշինյանի լալահառաչ ելույթների հետ՝ չեղած անկախության մասին: Վերջիվերջո, նույն այդ գանձ-ընդդիմությունն էլ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալու գաղափարից ոչ թե պետք է «հուշտ» լինի ու արդարանա ՔՊ-ականների մոտ, թե իրենք այդ թեմայում չկան, այլ ընկալի, որ նույն այդ միութենական պետությունն աշխատելու է գերազգային հաշվետվությամբ, օրինականությամբ, ժողովրդավարական վերահսկողությամբ եւ պարզ մեխանիզմներով՝ ծառայելով Հայաստանի անվտանգությանը ու զարգացմանը՝ առանց անկախության դե ֆակտո կորստի։
ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՏԻՄ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները Գյումրիի քաղաքապետի հասցեին, բացում են նաեւ այլ խորքային խնդիր, ինչի մասին բարձրաձայնում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Վենդետա 2» օպերացիա են պլանավորո՞ւմ... Զավեշտ է, երբ վերջին ՏԻՄ ընտրություններում կեղծիքներով հազիվ 37% հավաքած ուժի ներկայացուցիչն ավագանի անցած ընդդիմադիրների կողմից ընտրված քաղաքապետին անվանում է «թյուրիմացություն» եւ բացահայտ սպառնում է իշխանազավթմամբ... Նիկոլ Անհողը բացահայտ հասկացնում է, որ թքած ունի ժողովրդի ընտրության վրա եւ ինչ ուզենա, այն էլ կանի... Ալիեւի ասած «հարբեցող ծաղրածուն» միայն ունակ է գրավել իշխանությունը պարտված համայնքներում... Մյուս տեղերում տալիս է ու տալիս... Հատկապես հաճույք է ստանում թուրքին տալով... », - գրում է քաղաքագետը:
Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Գյումրիում ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար։ Պետությունն ու ժողովրդավարությունը պետք է իրենք իրենց պաշտպանելու մեխանիզմները կատարելագործեն»։ Վարդան Ղուկասյանն էլ, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, շեշտել էր. «Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել։ Բոլոր լրագրողները տեսել են, ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Դեպքեր են եղել, երբ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել։ Ամբողջ հանրապետության ՔՊ-ականներին բերել-լցրել էիք Գյումրի, ավտոբուսներով մարդիկ էիք բերում, ցուցակներ էիք կազմում։ Հիմա ես փաստ կարող եմ ասել, որ մի տան վրա 57 հոգի էիք գրանցել։ Մյուսն ասեմ՝ քաղաքում փլված շենքներ կան, որոնք գոյություն չունեն, բայց ընտրությունների ժամանակ այդ շենքները կային նրանց համար»։
Մեղադրանքներով, ընտանիքի անդամների վրա գործեր կարելով, բեսպրիդելով՝ այսպես ամեն ինչ անում են իշխանությունները, որ Հայաստանում Տեղական ինքնակառավարման մարմին չլինի: Ամեն ինչ կառավարում է մեկ մարդ՝ Փաշինյան Նիկոլը: Այ քեզ ժողովրդավարության բաստիոն: Եվ տեղին է ասում Վարդան Ղուկասյանը. «Եթե ՀՀ վարաչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է. «Պետք է դուրս շպրտվի», ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
