ԱՄՆ-ն պարզապես արդեն ստիպված է լուծել Ռուսաստանի հետ հարցերը
ՎերլուծությունԱյն, որ «Թրամփի միջանցք» կոչվածը (Տես նաեւ https://iravunk.com/?p=324188&l=am), Արեւելք-Արեւմուտք ուղղվածության նախագծի բաղկացուցիչ, մեծ բիզնեսի տեսանկյունից բանի պետք չէ, ի սկզբանե էր պարզ: Սահմանափակ ծավալներ, իհարկե, հնարավոր են, ասենք «Թյուրքական աշխարհի» մասշտաբներով: Սակայն այս դեպքում էլ պետք է հաշվի առնել ռուս-իրանական գործոնը Կասպից ծովում: Բայց այդ դեպքում Թրամփի ինչի՞ն է պետք նման «միջանցքը»: Չնայած, եթե գործը տեղից դեռ չի շարժվում, դա ընդամենը ստորագրված թուղթ է, ուրիշ ոչինչ:
Իհարկե, խոսքն այն մասին է, որ այդ նախագծով փորձեն շրջանցել Ռուսաստանը եւ Իրանը: Նրանց մասնակցությամբ, նախագիծը, իհարկե, կաշխատի: Բայց այս դեպքում էլ, եթե լինեն պայմանավորվածություններ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ, ինչպես նաեւ լուծումներ Իրանի ուղղությամբ: Այսինքն` շարունակում է հիմնական հարց մնալ, թե Մոսկվան եւ Վաշինգտոնը, ի վերջո, կգա՞ն գլոբալ համաձայնությունների:
Ռուս-ամերիկյան թեմայով ուշագրավ տեղեկատվություն հայտնվեց: Այսպես, Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիտկոֆը, ով զբաղվում էր Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցություններով, կարող է լքել իր պաշտոնը տարեվերջին: Ուիտկոֆն աշխատում էր նաեւ Գազայի հարցի վրա, այդ ուղղությամբ, նման է, որ նախօրեին Թրամփի ներկայացրած կարգավորման ծրագիրը կարող է հանգուցալուծում դառնալ, ու, թերեւս, դա էլ հիմք դարձավ նրա հեռանալու մասին խոսակցություններին: Բայց եթե իրոք հեռանում է, նշանակո՞ւմ է դա, որ չեղարկվում են նրա մասնակցությամբ ձեռքբերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները: Թե՞ հաշվարկը նրա վրա է, որ մինչեւ տարեվերջ կլինեն այնպիսի զարգացումներ, որոնց պարագայում Ուիտկոֆի մասնակցությունն արդեն էական չի լինի:
Թերեւս, այս բոլոր հարցերի անուղղակի պատասխանը կարող է տալ այն աննախադեպ միջոցառումը, որը երեկ տեղի ունեցավ Պենտագոնում: Այն է՝ պաշտպանության նախարար Հեգսեթի հրամանով աշխարհի բոլոր հատվածներից Պենտագոն էին հրավիրվել ամենրիկյան առանցքային գեներալները: Իսկ նման հավաքի աննախադեպությունը էն գլխից էր հուշում, որ խոսքը նույնքան աննախադեպ որոշումներ կայացնելու մասին է: Եվ պատահական չէր, որ դեռ մինչ հավաքը Washington Post-ը հայտնեց, որ նպատակը` Պենտագոնի նոր գլոբալ ռազմավարությունը ամերիկյան գեներալիտետին ներկայացնելն է: Ըստ աղբյուրի, խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ն կրճատում է զորքերի թվաքանակը Եվրոպայում, ասենք նաեւ մյուս բոլոր հատվածներում: Բացառությամբ, թերեւս միայն չինական ուղղությունից. Չինաստանը մնում է` որպես թիվ 1 հակառակորդ:
Այն, որ Թրամփը վաղուց էր ակնարկում նման որոշման մասին, հայտնի բան է: Իմաստը սա է. հին ռազմավարությունը, որը հիմնված էր այն գաղափարի վրա, որ երկրի համար լավագույն պաշտպանությունը արտերկրում ուժեղ ռազմական դաշինքներ ստեղծելն ու պահպանելն է, դարձել է ծայրահեղ ծախսատար՝ չտալով որեւէ ռեալ էֆեկտ: Թրամփը կարծում է, որ նման ռազմավարությունը միայն ԱՄՆ-ին ներքաշում է թանկարժեք պատերազմների մեջ՝ ներքին շահերը պաշտպանելու փոխարեն: Արդյունքում՝ հսկայական, արդեն անլուծելի դարձող պետական պարտք, բյուջեի դեֆիցիտ, տնտեսական անկումներ, ու այս պահին էլ ամերիկյան կառավարությունը կանգնած է հերթական շատդաունի առաջ:
Բայց, եթե նաեւ Եվրոպայում է ԱՄՆ-ն իր ռազմական ներկայությունը կրճատում հենց այն պահին, երբ եվրագլոբալիստները շարունակում են աղմկել «ռուսական վտանգի» մասին, հիմա էլ սկսել են հիստերիա սարքել, թե ռուսներն ամեն օր անօդաչուներ են ուղարկում եվրոպական տարածքներ, ապա նշանակում է, որ այդ ամենին Վաշինգտոնում պարզապես լուրջ չեն վերաբերվում: Իսկ դա, նման է, որ խորքում այլ ակնարկ ունի՝ Ուիտկոֆը կարող է իր գործն ավարտել նաեւ ռուսական ուղղությամբ՝ մինչ հեռանալը:
Այսպիսով, շատ ավելի լուրջ են դառնում Թրամփի վերջին հայտարարությունները, թե՝ Ուկրաինան եթե ուզում է, թող շարունակի կռվել, բայց միայն Եվրոպայի, այլ ոչ թե ԱՄՆ-ի օգնությամբ: Ու եթե իրականում էլ բանը հասնի զորքերը հնարավորինս Եվրոպայից հանելուն, այն է՝ եվրագլոբալիստներին այդպես էլ չհաջողվի կանխել Թրամփի այդ քայլը, ապա նրանց համար էլ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ կանգնեցնելը կարող է դառնալ միակ տարբերակ:
Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ մի քանի ճակատով պատերազմելու ԱՄՆ-ի պոտենցիալն այդպես էլ չի բավարարում: Դրա արդյունքում թիվ 1 հակառակորդի՝ Չինաստանի խնդիրը ոչ միայն մնում է չլուծված, այլ ավելին, այսպես ասած՝ չինական տեմպերով զարգացումը Պեկինին արդեն հասցրել է այն սահմանին, որից այն կողմ նրա հետ հակամարտությունը հաղթելու շանսեր Վաշինգտոնին այլեւս չի մնում: Օրինակ, վերջին ժամանակներս Պենտագոնից հաճախ են լսվում դժգոհություններ՝ այլ հակամարտությունների պատճառով ռազմական պոտենցիալի շարունակական անկման մասին: Այն պարագայում, երբ Չինաստանի պոտենցիալն աճում է աչքի առաջ: Ու շատ նման է, որ սա հենց այն պահն է, երբ Վաշինգտոնը ստիպված է ընտրություն կատարել՝ ռազմական բոլոր ուղղություններից ո՞րն է նախապատվելին, թեեւ այստեղ ընտրելու բան էլ չկա:
Ու եթե ընդունենք, որ ԱՄՆ-ն իրականում էլ հասել է այն ծայրակետին, երբ պարզապես ստիպված է լուծել ռուսների հետ հակամարտության թեման, ապա նման լուծումներ, իհարկե, պետք է սպասել նաեւ հարավկովկասյան հարթակում: Ու անկախ այն բանից՝ Թրամփը ստորագրե՞լ է «Թրամփի ուղու» մասին պայմանագիր, թե՝ ոչ:
