Ինչու հանկարծ Նիկոլը որոշեց ՄԱԿ-ում բողոքել Ալիեվի դեմ
ՎերլուծությունԱհա գլոբալ ներկա բարդ ֆոնին էր (Տես նաեւ https://iravunk.com/?p=324139&l=am), որ Նիկոլ Փաշինյանը որոշեց մեկնել Մոսկվա, ապա՝ Վաշինգտոն, հետո նաեւ Եվրոպա: Այս աշխարհագրությունը հուշում է, որ Նիկոլը այս բարդացող իրավիճակից գլուխ հանելու խնդիր ունի: Բայց նաեւ, որ առանց այս ամենի էլ կան բազմակողմ խնդիրներ, որոնք բոլոր ուղղություններից ճնշում են:
Թե Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման «փակ» մասում ինչից են խոսել, դեռ ժամանակ է պետք գնահատումների համար: Իսկ ահա հանդիպման «բաց» մասում որոշակի ազդակներ եղան: Մասնավորապես, Պուտինը հիշեցրեց, որ Հայաստանի հետ առեւտուրը նվազման փուլում է. «Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առեւտրաշրջանառություն ունենք…»: Ի պատասխան, Նիկոլը տրտնջաց. «Դուք ընդգծեցիք փոխադարձ առեւտրաշրջանառությունը, ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առեւտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին»: Իրականում, եթե դիվանագիտական ժեստերը հանում ենք, ապա տակը մնում է այն «չոր» փաստը, որ այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանի արտաքին առեւտուրը կրճատվել է մոտ 40, արտահանումը՝ մոտ 50 տոկոսով, ինչը հիմնականում Ռուսաստանից կամ Ռուսաստան ապրանքներ ներմուծում-վերարտահանում ուղղությամբ խորը անկումների պատճառով է: Սա է Նիկոլի ասած «որոշ անկումը», որից հետո փորձում է հասկանալ՝ ի՞նչ է պետք նախկին մակարդակը վերականգնելու համար: Իսկ այդ եւ այլ ուղղություններով ինչ է պետքը պետք է որ քննարկված լինի հանդիպման «փակ» մասում:
Բայց երեւում է, որ այդ «փակ» մասը ոչ թե պարզապես ոգեւորել, այլ նաեւ «դուխ է տվել» Նիկոլին: Ամեն դեպքում, երբ նա հանդգնեց ՄԱԿ-ի ամբիոնից մի փոքր հոխորտալ Ալիեւի հասցեին, այդ տեսքն ունի: Այսինքն, սկսելով «հին ու բարի» խաղաղությունից, եկավ-հասավ Թրամփին ու «Թրամփի միջանցքը» գովերգելուն, ապա, թե՝ պետք է նրան Նոբելյան մրցանակ տալ: Ու հասավ Ալիեւին, թե. «Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի Հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում` այս ամբիոնից, օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում… Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում…»: Ավելին՝ «Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի` իբր կապիտուլյացիայի մասին»:
Լավ է, որ կարող է գոնե այսքանը ասել Ալիեւի հասցեին, եւ այստեղ է այն հարցը, թե դա կապ ունի՞ մոսկովյան այցի ու ռուս-ադրբեջանական վատթարացող հարաբերությունների հետ:
Բայց մյուս կողմից, ինչո՞ւ հանկարծ միայն հիմա Նիկոլին այդպես «զայրացրեց» «Զանգեզուրի միջանցք» ասվածը, երբ Ալիեւն այդ մասին խոսում էր մինչ Վաշինգտոնի փաստաթղթերի ստորագրումը, այդ ստորագրումից հաշված րոպեներ անց եւ մինչ հիմա՝ այն ներկայացնելով «Միջին միջանցքի» կամ «Թյուրքական միջանցքի» բաղադրիչ: Իհարկե այն, որ Թրամփը սկսել է հաճախակի մոռանալ Հայաստանի եւ Ադրբեջանի անգամ անունները, օրերս չէր էլ հիշում, որ նրանց «հաշտեցրել» է, խոսվում է այն մասին, որ վաղը-մյուս օրը կարող է նաեւ «Թրամփի ուղու» մասին «մոռանալ»: Եվ եթե այդպես է, իսկ Ալիեւն էլ մի գլուխ «Զանգեզուրի միջանցք» է մեյդան բերում, ապա կարող է Վաշինգտոնում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից բանն այն կողմ չանցնել: Ու ի՞նչ, պետք է էլի Մոսկվայի «փեշերի՞ց կախվել»: Չնայած, դեռ հասկանալ է պետք, թե գլոբալ քամիները դեպի ուր են փչում…
