Հիմա էլ Սուրբ Մաշտոցին են մերժում
ՎերլուծությունԵրբ քաղաքական իշխանությունը կորցնում է գաղափարական կայունությունը, սկսում է ոչնչացնել այն ամենը, ինչն անցյալում արժեք է կրել։ Այսօր արդեն մեր սուրբ արժեքներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցը, դառնում է իշխանական քմահաճույքի զոհ։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե որոշել է Առակացի առաջինն անգիր սովորել աշխարհաբարով, մենք հասկանում ենք՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան թվում է առաջին հայացքից։
«Ճանաչել զիմաստություն եւ զխրատ». մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել: Գուցե պրոբլեմ է Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից մինչեւ հիմա, որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը: Մենք խնդիր ունենք հասկանալու մեզ: Ես որոշել եմ կարդալով չբավարարվել, անգիր անել եւ առիթներով դա ներկայացնել»,- ասել է նա՝ տպավորություն ստեղծելով, որ հիմա էլ թիվ մեկ մեղավորը ամեն ինչում Մաշտոցն էր:
Ո՛չ, սա այլեւս միամիտ նախաձեռնություն չէ։ Սա սիմվոլիկ գործարք է՝ իշխանության եւ ազգային հիշողության միջեւ։ Մեսրոպ Մաշտոցը, ում անունով են երդվել, ում կերպարով պաշտպանել ենք մեր ինքնությունը՝ այսօր իշխանության համար ընդամենը QR կոդ է, մեդիաֆայլ՝ հեռախոսի էկրանին։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե դպրոցներում պետք է արգելել բջջային հեռախոսների օգտագործումը։ Շատ լավ։ Առաջին հայացքից՝ իդեալական նախաձեռնություն։ Բայց մեկ վայրկյան՝ ի՞նչ էր ասում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա հպարտությամբ ներկայացնում էր, որ Մեսրոպ Մաշտոցի եւ այբուբենի մասին նյութերը հանվել են Այբբենարաններից եւ ներկայացվել QR կոդերով։ Այսինքն՝ եթե երեխայի ընտանիքը չունի սմարթֆոն, չունի ինտերնետ՝ նա ուղղակի չի իմանա՝ ով է Մաշտոցը։ Իսկ եթե ունի՝ երեխան պետք է օգտվի հենց այն սարքից, որի օգտագործումը արգելելու մասին հայտարարում է Ավինյան Տիգրանը։
Այսքանից հետո հարց է առաջանում՝ պարոն Ավինյան, տիկին Անդրեասյան, դուք իրար հետ առհասարակ խոսո՞ւմ եք, թե՞ սա համաձայնեցված դիվերսիա է Փաշինյան-Ավինյան-Անդրեասյան տրիոյի կողմից։ Քաղաքապետարանը արգելում է հեռախոսը, նախարարությունը՝ այն դարձնում ուսումնական միակ միջոց։ Սա պարզապես լուրջ կառավարչական խզում է, որ աշակերտն առաջին դասարանում չկարողանա սովորել այբուբենի պատմությունը՝ առանց հավելվածների։
Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ, Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ
Մաշտոցը մեր մշակութային կոդն է։ Նա ոչ միայն այբուբեն տվեց, այլեւ՝ պետություն, ինքնություն, դիմադրության հիմք։ Երբ QR կոդով ենք ներկայացնում Մաշտոցին, ապա նույն հաջողությամբ վաղը կարող ենք QR կոդ դարձնել Մովսես Խորենացուն, Ներսես Շնորհալուն, Նժդեհին… Այսինքն՝ վերածել արժեքները խոցելի, կախված եւ տեխնոլոգիապես մոբիլ մի հարթակի, որտեղ նրանք այլեւս անշոշափելի են, անմատչելի՝ առանց գաջեթի, ինտերնետի եւ Google-ի։
Ու եթե այս ամենին գումարենք նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ Մաշտոցի թարգմանած Առակաց գրքի անգիր սովորելու մտադրության մասին, ապա սա այլեւս դառնում է ուղերձ. իշխանությունը սկսում է քարոզել այն, ինչ ինքը քանդել է։ Փաշինյանը խոսում է Առակներից, բայց հենց իր ղեկավարած կառավարության որոշմամբ Առակների թարգմանիչը՝ Մաշտոցը, դուրս է մղվում դասագրքերից որպես վիզուալ, տեքստային ներկայություն։
Հրաժարվելով Մաշտոցից՝ հրաժարվում են նրանից, ով իրենց բառ է տվել։ Եվ այս հրաժարումը ծրագրային է։ Նախ դպրոցներից հեռացնում են Մաշտոցին՝ հղում անելով «թվայնացման արդիականությանը», հետո երեխաների աչքից հեռացնում են գիրքը՝ դարձնելով այն հավելված, իսկ դրան զուգահեռ՝ քարոզում են հեռախոսներից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Սա չի կարող լինել պատահականություն: Սա համակարգային արժեքազրկման գործընթաց է, ինչպես Արարատ լեռը խորհրդրդանիշների շարքից ջնջելը:
Ո՞վ է պատասխան տալու երեխաների կրթական այն բացերի համար, որոնք առաջանալու են այս հակասական որոշումների պատճառով։ Վերջիվերջո, երբ նույն պահին Մաշտոցին հանում են տեքստից, ներկայացնում են իբրեւ հավելված, բայց արգելում են այդ հավելվածն օգտագործել, սա այլեւս որեւէ տրամաբանությունից դուրս է: Սա ճշգրտորեն կարելի է անվանել արժեքային ինժեներիա՝ նպատակաուղղված կերպով արժեզրկելով ավանդույթը, գրագիտության արմատը՝ ազգային կրթական մոդելի հենքը։ Բայց ամենակարեւոր հարցն այն է, թե ինչը կամ ով է լինելու հաջորդը: Սկզբում դասագրքերից հանում են Մաշտոցին, իսկ վաղը կապամոնտաժեն Մատենադարա՞նը…
ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ՆԻԿՈԼԸ ՉՎԵՐԸՆՏՐՎԻ
Ստեղծված իրավիճակում, թե որն է ելքը, թերեւս ամենակառուցողական լուծման բանալին ներկայացրել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ ձեւավորել համահայկական ճակատ, որը մի օրակարգ կունենա՝ «Նիկոլ, հեռացիր»։
«Համահայկական ճակատը, երբ արդեն կգա ընտրությունների պահը, պետք է հանդես գա մեկ թիմով: Տեսեք` Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե իրենք առանձին են, հետո Սամվել Կարապետյանն ասաց, թե իրենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ չեն գնա ընտրության, այնուհետեւ ԱԺ լսումներին Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը չի գնա նրանց հետ ընտրությունների: Այս ամենը պետք է դադարեցնել, եթե չենք ուզում, որ Նիկոլը վերընտրվի: Համահայկական ճակատը, որի մասին նույն լսումներում ասաց Տիգրան Աբրահամյանն իր ելույթում, պետք է մեկ մարմին ձեւավորի նախընտրական, եւ էլ ոչ մեկը չտարանջատի այդ միասնականությունը՝ պայմանով, որ կլինի Նիկոլ եւ Համահայկական ճակատ՝ ընտրողի համար: Այդ դեպքում կլինի շատ պարզ՝ քաղաքացին Նիկոլին է ուզում, թե` Համահայկական ճակատը», - ընդգծում է Բաբուխանյանը:
Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում վստահաբար կարելի է ասել, որ Նիկոլը դատապարտված կլինի պարտության։ Համահայկական ճակատը մեկ տարի ժամանակ կվերցնի՝ նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Այն ժամանակ արդեն թող ՀԱԿ-ը առանձին գնա ընտրության, Ռոբերտ Քոչարյանը՝ առանձին, Սամվել Կարապետյանը՝ առանձին, ՍԻՄ-ը՝ առանձին:
«Այդ ժամանակ մարդիկ դուրս կգան եւ կասեն` այո՛, մենք կողմ ենք Համահայկական ճակատին, եւ ոտքի կկանգնեն: Արդեն կհասկանան, որ ընդդիմությունը՝ գոնե մի 20 կուսակցություն, 30 ՀԿ, միավորվեցին մեկ լոզունգի տակ` «Ո՛չ Նիկոլին, իմպիչմենտ՝ Նիկոլին»։ Հակառակ դեպքում, եթե էլի ամեն մեկն իր ցուցակով գնաց սովորական ընտրության, Նիկոլն էլի կհաղթի», - զգուշացնում է Բաբուխանյանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
