ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտՀոկտեմբերի 2-6-ը, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայանալու է Սամբոյի պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությունը, որին բնականաբար մասնակցելու է նաև Հայաստանը։ Տարվա կարևորագույն մարզական միջոցառմանը լավագույնս ներկայանալու համար, Հայաստանի սամբոյի հավաքականը տասնօրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում։ Սեպտեմբերի 26-ին, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Գյումրիի «Օլիմպիկ» մարզական համալիրում հանդիպեց հավաքականի մարզիկների և մարզչական կազմի հետ, այդ թվում հավաքականի գլխավոր մարզիչ ՎՈՎԻԿ ԽՈՋԱՅԱՆԻ ու պատանիների, երիտասարդների հավաքականի մարզիչ ՀԱՅԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։
Iravunk. com -ի մարզական լրագրողը ևս ներկա է գտնվել։ Հանգամանալից ամփոփվեց կատարված աշխատանքը, տրվեցին վերջին ու կարևոր խորհուրդները, կարևորվեցին մարզիկների ֆիզիկական, հոգեբանական, կարգապահական, ընդհանուր պատրաստվածությունը և պատասխանատու վերաբերմունքը ցանկացած գոտեմարտի, ցանկացած մարզական դրվագի հանդեպ, որն էլ ըստ էության ուսումնամարզական հավաքի գլխավոր նպատակն էր։ Հայկական սամբոյի պատասխանատուները վստահ են, որ մեր պատանի ու երիտասարդ մարզիկները պատրաստ են չեմպիոնության և մրցանակների համար դժվարին պայքարին։
Երիտասարդ, նպատակասլաց մարզիկ, պատանիների Եվրոպայի չեմպիոն, ծնունդով Աբովյանից ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ Գյումրիում հանդիպման ժամանակ նշեց. «Գյումրիում շատ հիանալի պայմաններ կան ուսումնամարզական հավաք իրականացնելու համար։ Շատ եմ հավանել այս քաղաքը։ Ինչպես Դուք ականատես եղաք մեր պարապմունքներին, մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի հանդես գալ Աշխարհի առաջնությանը։ Ես պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի կարողանամ նվաճել ոսկե մեդալ»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
