Փաշինյանը՝ Շերլոկ Հոլմս, պետությունը՝ «դետեկտիվ» կինո
ՎերլուծությունՓարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ցնցեց ոչ միայն համայնքը, այլ՝ ողջ հանրությանը։ Բայց ավելի ցնցող էր, թե ինչպես գործադիր իշխանության առաջին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանը, առանց որեւէ քննչական գործողության ավարտի, առանց դատարանի վճռի, առաջինը շտապեց հրապարակել իր՝ որպես, ինչպես կասեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ուչաստկովիի» վարկածը՝ խոսելով վենդետայի մասին։
Եվ ի՞նչ, Փաշինյանը հիմա մեզ պիտի համոզի, թե նա ոչ միայն վարչապետն է, այլ նաեւ՝ քրեագետ, փորձառու դատաբժիշկ, փորձաքննության մասնագետ ու վերջապես՝ Շերլոկ Հոլմս։ Միակ տարբերությունն այն է, որ Շերլոկը առաջինը բացահայտում էր, հետո՝ մեկնաբանում։ Փաշինյանն առաջինը մեկնաբանում է, հետո՝ հուսով է, որ Քննչական կոմիտեն կամ դատախազությունը կհարմարվեն իր «դետեկտիվ» սցենարին։
Գրիգորյանի սպանության գործով արդեն ձերբակալվել է 20-ամյա Հ. Հարությունյանը։ Մինչ այդ, կալանավորվել էր Ն. Օհանյանը։ Բայց սրանք ընդամենը կատարողներ են։ Սովորաբար, նմանատիպ քաղաքական հնչեղություն ունեցող սպանությունները պատահաբար չեն իրականացվում։ Ինչպես ճիշտ արձանագրել է իրավապաշտպան Գոհար Մելոյանը՝ եթե Փաշինյանը վենդետայի սպառնալիքի մասին տեղեկություն ուներ, ապա ինչո՞ւ անվտանգության անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեցին ընդդիմադիր համայնքապետի համար։ Արդյո՞ք իշխանությունն ուղղակի սպասում էր՝ որ հարմար պահի ազատվի անհարմարից։ Իսկ միգուցե ավելի ճիշտ է հարցը ձեւակերպել այսպես՝ արդյո՞ք իշխանությունը նույն ինքը՝ պատվիրատուն չէ։
Հիշենք՝ այս իշխանությունը նույն կերպ վարվեց Գեղարքունիքի ողբերգական դեպքի ժամանակ, երբ մեկ գիշերվա ընթացքում հրդեհից զոհվեց 15 զինծառայող։ Քրեական գործ կա, բայց դատապարտյալ չկա։ Այո՛, չկա։ Փաշինյանն այնտեղ էլ առաջ անցավ ամեն ինչից։ Գործող սպայի մասին սյուժե ներկայացրեց կառավարության նիստում, նույնիսկ հրդեհի պատճառները նկարագրեց գրեթե վայրկյանային ճշտությամբ։ Բենզին, վառարան, վախ, տարրա… Իսկ այժմ պարզվում է, որ բենզինի առկայությունը դեռ պետք է փորձաքննությամբ պարզվի: Այսինքն՝ նախնական տվյալներ չկան, բայց Փաշինյան Նիկոլն ունի վերլուծություն:
Փաշինյանը խոսում է բենզինով վառարանի վառման փորձից, որը հետո դարձավ 15 զինվորի սպանության պատճառ։ Բայց զորամասի հրամանատարը՝ հենց այն մարդը, որը իրականում տեղում է եղել, հայտարարում է՝ բենզին զորամասում ընդհանրապես չի եղել։ Ո՞ւմ հավատալ։ Քաղաքացիական հագուստով վարչապետի աթոռը զբաղեցնողի՞ն, թե՞ զինվորական համազգեստով հրամանատարին։
ՔՆՆՉԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՎԵՆԴԵՏԱՅԻ ՍՏՎԵՐՈՒՄ
Վալոդյա Գրիգորյանը, ըստ բազմաթիվ վկայությունների, համայնքում ակնառու կուսակցական չէր։ Նա չէր կրում «իմքայլական» կամ «ընդդիմադիր» պիտակ, բայց ընտրություններում ջախջախեց ՔՊ-ին։ Եվ ահա, ՔՊ-ի պարտությունը դարձավ նրան ուղղված մահվան վճիռ։
«Ապրելու երկիր» կուսակցության (այս կուսակցությունով էր առաջադրվել Վալոդյա Գրիգորյանը) համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը երեկ հրապարակած իր հայտարարությամբ ուղղակի մատնանշում է այս սպանության քաղաքական դրդապատճառները։ Նա փաստում է, որ Վալոդյա Գրիգորյանը ոչ մի առնչություն չի ունեցել փետրվարյան միջադեպերի հետ, որոնց շուրջ փորձ էր արվում կառուցել «վենդետայի» սցենարը։ Նրա եղբոր նկատմամբ քրեական գործը՝ ընդամենը հին մեթոդ է՝ նախապատրաստել հանրային կարծիքը գալիք բռնաճնշման համար։
ՆԳՆ-ի եւ Քննչական կոմիտեի խայտառակ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը բացահայտվեց հենց երկրորդ ձերբակալության պահին։ Փետրվարյան դեպքերը որպես մղիչ ուժ ներկայացնելը նման էր դատարանի որոշում տալու՝ առանց դատարանի։ Ո՞ւմ էր դա պետք։ Իշխանությանն էր պետք՝ թաքցնելու համար իրական պատվիրատուներին:
Վենդետայի անհաջող վարկածը շղարշ էր։ Փաշինյանն իր Շերլոկ-թատրոնով պարզապես ծածկում է, թե իրականում ովքեր են պատվիրատուները, ով է օգտվում համայնքապետի մահից, ում ձեռքն է իշխանությունը մնում, երբ ընդդիմությունը գլխատվում է։
Ո՞ՒՐ Է ՕՐԵՆՔԸ, Ո՞ՒՐ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարցերը մնում են օդում կախված՝ եթե Փաշինյանը գիտեր վենդետայի հնարավորության մասին, ինչո՞ւ չկանխեց։ Եթե չէր կանխել, դա անզորությո՞ւն էր, թե՞ դիտավորյալ լռություն։ Եթե սպանության պատճառները քաղաքական են, ապա՝ որտեղ են պատվի տվողները։ Եթե սպանության հետ կապ չունեցող մարդիկ են ձերբակալվում, ապա ինչո՞ւ ենք վստահում քննչական համակարգին։
Նիկոլ Փաշինյանը փորձում է լինել ե՛ւ քննիչ, ե՛ւ դատախազ, ե՛ւ դատավոր։ Նա առաջինն է մեկնաբանում, նա է բացահայտում, նա է եզրակացնում։ Բայց ցավալին այն է, որ այդ ամենն անում է՝ մինչ իրավական համակարգը քայքայվում է, իսկ հանրությունը կորցնում է հավատը արդարադատության նկատմամբ։ Շերլոկ Հոլմսը գոնե գրքի հերոս էր՝ խաղում էր խաղի կանոններով։ Փաշինյանն իրականության մեջ խաղում է մարդկանց կյանքերով։
ՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍԿՍՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՈՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ
2020 թվականի այս օրերին պատերազմ էր: Այն ողբերգական պատերազմը, որի հետեւանքները մինչեւ այսօր շարունակում են ծանրությամբ ընկնել մեր ժողովրդի ուսերին։ Պատերազմ, որի ժամանակ ունեցանք հազարավոր զոհեր, կորցրինք Արցախի հողերը, արժանապատվությունը ու կայունության զգացումը, կարող էր չլինել, եթե չլիներ մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։
Ոմանք այսօր փորձում են պատերազմը ներկայացնել որպես ճակատագրի անխուսափելիություն, գլոբալ ուժերի բախման հետեւանք, պատմության անողոք ընթացք։ Սակայն իրականությունը շատ պարզ է․ 2018 թվականի մայիսի 9-ին վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանը գործնականում արեց ամեն ինչ, որպեսզի պատերազմի տանող ճանապարհը բացվի, լայնանա եւ ավարտվի այն ողբերգությամբ, որի հետեւանքները վերականգնելի չեն։
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հենց առաջին ամիսներից սկսվեց Արցախի հարցում տարիներով ձեւավորված բանակցային ձեւաչափի քանդման գործընթացը։ Նա ինքնավստահությամբ, զուրկ որեւէ դիվանագիտական փորձից, հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։ Այդ հայտարարությունը, որ գուցե հնչում էր «հայրենասիրական», փակեց բանակցային ամեն հնարավոր պատուհան, որի շուրջ տարիներով կառուցվել էր համազգային կոնսենսուս։ Միեւնույն ժամանակ, Փաշինյանը խորացրեց հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։ Կասկածի տակ դրվեցին ռազմավարական գործընկերությունը, չհամաձայնեցված քայլերով կասկածի տակ դրվեց ՌԴ շահագրգռվածությունն Արցախի հարցում։ Այդ թուլությունը միանշանակ օդում բռնեցին Անկարան եւ Բաքուն: Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին շտապել։ Նրանք տեսան այն, ինչ չպետք է տեսներ թշնամին՝ Հայաստանն անկայուն է, իշխանությունը թուլամորթ, բանակը՝ վարկաբեկված։ Այս ամենից հետո այլեւս տեղին չէ հարցնել՝ ով է մեղավոր։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մեղավոր է, այլ նաեւ պատասխանատու է։ Նրա քաղաքական անմեղսունակությունն ու պոպուլիզմը դարձան մեր ազգային պարտության հիմքը։ Իսկ այսօր նա փորձում է խոսել մայրերի անունից, փորձում է նրանց ցավը դարձնել իր անձնական վահանը։ Բայց հայ մայրը չի մոռանում՝ ով տարավ իր որդուն մսաղաց, ով խաբեց, ով չկանգնեցրեց պատերազմը ժամանակին: Հայ ժողովուրդն ունի պատմական հիշողություն։ Եվ այդ հիշողության մեջ սեպտեմբերի 27-ը կապվելու է ոչ միայն պատերազմի սկիզբի, այլեւ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Նա պարտության խորհրդանիշն է։ Եվ թող չփորձի պատմությունը գրել իր սցենարով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
