ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
ՍպորտՍեպտեմբերի 27-ին լրացավ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի 5-րդ տարելիցը։ Այդ օրը, Արտաշատի «Ռազմիկ Գոլեցյանի» անվան Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար, որին մասնակցել են ըմբիշներ ողջ հանրապետությունից։
Այս մասին, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց Տարոնի եղբայրը ՆԱՐԵԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ։ Նա հավելեց, որ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Տարոնի հայրը Հարություն Անդրեասյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Տարոնի եղբայրը անվանի ըմբիշ Արման Անդրեասյանը, մյուս անվանի ըմբիշներ Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Սլավիկ Գալստյանը, մարզասերներ։ Հուշամրցաշարը կայացել է առաջին անգամ։ Ներկայացվել է Տարոնի կենսագրությունն ու մարտական ուղին, նրա մղած հերոսական պայքարը հանուն հայրենիքի։ Միջոցառման ժամանակ մեդալներով ու հավաստագրերով են պարգևատրվել Տարոնի հայրը, համայնքի ղեկավարը, Աշխարհի մրցանակակիրներ, ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ։ Մրցաշարը անցել է թեժ ու դիտարժան գոտեմարտերով։ Հաղթող մարզիկները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
