Ալիևի մահափորձը «բեմականացված վտանգ» էր սեփական շահերի համար. Գրիգորի Այվազյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, կովկասագետ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ՝ ինչպես Իլհամ Ալիեւի դեմ շրջանառվող մահափորձի թեմայի, այնպես էլ նաեւ տարածաշրջանային այլ կարեւոր հարցերի շուրջ:
— Ալիեւի անվան շուրջ շրջանառվող մահափորձի թեման շարունակում է մնալ ակտուալ։ Որքանո՞վ այն կարող է իրական լինել եւ որքանո՞վ՝ վարչակազմի կողմից բեմադրված հերթական սադրանք։
— Այսպիսի խոսակցությունները նորություն չեն։ Ադրբեջանի ներսում եւ նրա սահմաններից դուրս միշտ էլ եղել են շահագրգիռ ուժեր, որոնք փորձում են շրջանառել տեղեկություններ Ալիեւի դեմ մահափորձի կամ հարձակումների մասին։ Պատճառը պարզ է․ Ադրբեջանում իշխանության կայունությունը կախված է մեկ անձից՝ առաջին դեմքից։ Իսկ նման համակարգերում միշտ առկա են ե՛ւ ներքին դժգոհություններ, ե՛ւ արտաքին ուժերի շահերը։
Այդ տեղեկատվական արտահոսքերը հաճախ կազմակերպվում են հենց վարչակարգի կողմից։ Դրանք ծառայում են միաժամանակ երկու նպատակի․ ներսում ամրապնդել Ալիեւի «անփոխարինելի» կերպարը եւ դրսում ստեղծել պատրանք, թե իշխանությունն իբր վտանգված է։ Այսպիսով վարչակարգը փորձում է ցույց տալ, որ եթե չլինի Ալիեւը, ապա երկիրը կմտնի անկայունության փուլ։
Բնականաբար, չի կարելի լիովին բացառել, որ իրական վտանգներ էլ կան։ Ադրբեջանում կան տարբեր խմբեր, որոնք դժգոհ են ե՛ւ սոցիալ-տնտեսական խնդիրներից, ե՛ւ կոռուպցիոն համակարգից։ Սակայն այս ամենը հազվադեպ է վերածվում իրական մահափորձի, քանի որ ռեժիմը խիստ վերահսկողության տակ է պահում ե՛ւ հասարակական կյանքը, ե՛ւ անվտանգության ոլորտը։
Այնուամենայնիվ, պետք է հասկանալ. այս տեղեկությունները միշտ էլ կօգտագործվեն վարչակարգի կողմից։ Դրանք ծառայում են ե՛ւ ներքաղաքական նպատակներին՝ հասարակության վախերը կառավարելու, ե՛ւ արտաքին քաղաքականությանը՝ ցույց տալու, թե երկիրը գտնվում է թշնամիների թիրախում։ Ադրբեջանական իշխանությունների համար հիմնական «թշնամիները» մշտապես նույնն են՝ Հայաստանը, Ռուսաստանը եւ Իրանը։
— Տարբեր հրապարակումներում շրջանառվում է նաեւ այն վարկածը, որ ադրբեջանական կողմը կանխամտածված ձեւով է կազմակերպում նման միջադեպեր՝ հետագա սադրանքների համար։ Ի՞նչ կասեք այս տեսակետի մասին։
— Այո, նման տարբերակը եւս հնարավոր է։ Ես արդեն նշեցի՝ վարչակարգը պարբերաբար օգտագործում է «բեմականացված վտանգները»՝ սեփական շահերի համար։ Երբ իշխանությունը ներկայացնում է, թե իբր մահափորձ է կանխվել, դա ունի քարոզչական հստակ նպատակ․ ցույց տալ, որ Ալիեւը «ազգային առաջնորդն» է, առանց որի երկիրը կկործանվի։
Այդ պատմությունները ծառայում են նաեւ արտաքին դաշտում։ Ցանկացած հարմար պահի վարչակարգը կարող է օգտագործել դրանք՝ արդարացնելու իր գործողությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, եւ թե՛ Իրանի նկատմամբ։ Այսինքն՝ եթե վաղը Ադրբեջանը ձեռնարկի ագրեսիվ քայլեր, կարող է դրանք ներկայացնել որպես պատասխան իբր գոյություն ունեցող սպառնալիքներին։
Հետեւաբար, պետք է շատ զգոն լինել։ Ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը կառուցված է հենց այս տրամաբանությամբ։ Խաղաղասիրության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Եթե ուշադիր հետեւենք Ադրբեջանի պաշտոնական մամուլին եւ խորհրդարանական հայտարարություններին, կտեսնենք, որ նրանք շարունակում են քարոզել իրենց ծրագրերը, այսպես կոչված` «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարով։ Այդ խոսույթն ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ։
Այստեղ կարեւորը հասկանալն է․ անկախ այն բանից՝ մահափորձի մասին լուրերը իրական են, թե բեմադրված, դրանք երբեք չեն փոխելու Ադրբեջանի ռազմավարական նպատակները։ Այդ նպատակը պարզ է՝ Հայաստանի նկատմամբ ճնշման շարունակություն։
— Այս իրավիճակում ի՞նչ կարող ենք ասել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Այսօր դրանք որքա՞ն կայուն են։
— Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին անցնում են բավականին լարված եւ նուրբ փուլով։ Այս իրավիճակի հիմքում առաջին հերթին գտնվում է Արցախի հարցը, որը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության եւ քաղաքական հավասարակշռության հիմնական գործոններից մեկը։ Արցախի ստատուս-քվոյի փոփոխությունը եւ դրա հետեւանքները ստեղծեցին նոր իրականություն՝ նոր դինամիկայով, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Իրանի եւ այլ տարածաշրջանային դերակատարների շահերը մշտապես դիմակայում են իրար։
Ռուսաստանը այսօր փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները տարածաշրջանի բոլոր կողմերի հետ՝ ընդգրկելով թե՛ Ադրբեջանը, թե՛ Իրանը, միեւնույն ժամանակ ամրապնդելով ռազմավարական դիրքերը նաեւ Հայաստանի հետ։ Սակայն սա դժվարին դինամիկա է Հայաստանի համար, քանի որ երկկողմանի եւ բազմակողմանի ճնշման ներքո այն ստիպված է սահմանափակվել՝ պահպանելով հարաբերությունների որոշակի դինամիկություն՝ առանց էական կորուստների։
Այս պահին կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները, եթե չենք ասում «սառեցված», ապա դրանք խիստ զգուշավոր եւ անվստահության վրա հիմնված են։ Երկու կողմերն էլ զգուշավոր են՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները։ Միեւնույն ժամանակ, Հայաստանը փորձում է բազմաբեւեռացնել իր արտաքին քաղաքականությունը, ամրապնդելով կապերը Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ այլ գործընկերների հետ, ինչը, սակայն, չի կարող լիովին փոխարինել ռազմավարական ու տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, քանի որ հայկական տնտեսությունը դեռ զգալի չափով կախված է ռուսական շուկայից, էներգետիկ աղբյուրներից եւ ներդրումներից։
Հայաստանի շահերից բխում է հարաբերությունների հնարավոր բարելավումը։ Ռուսաստանն այսօր ակտիվ համագործակցում է Ադրբեջանի հետ ռազմական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում, եւ այս ֆոնին մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն չվատթարացնել մեր երկկողմ հարաբերությունները, այլեւ հնարավորինս օգտագործել դրանք որպես ապահովագրություն տարածաշրջանային ճգնաժամերի ժամանակ։ Ռուսական շուկան Հայաստանի համար շարունակում է մնալ բաց եւ կարեւոր՝ մասնավորապես գյուղատնտեսության, էներգետիկայի եւ արդյունաբերության որոշ ճյուղերի համար, ուստի դիվանագիտական ու տնտեսական հաշվարկները շատ ռեալ են։
Բացի տնտեսական եւ քաղաքական նկատառումներից, պետք է հիշել նաեւ հասարակական-սոցիալական տարրը։ Ադրբեջանում սերունդներ են մեծանում հակահայ քարոզչության պայմաններում, ինչը նորություն չէ։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում ադրբեջանական դպրոցական դասագրքերում եւ զանգվածային լրատվամիջոցներում մշտապես տարածվել են ոչ միայն հակահայ, այլեւ հակառուս, հակաիրանական եւ հակառուսական տարրեր։ Սա ենթադրում է, որ Ադրբեջանը, որպես պետություն, հավատարիմ է իր տարածքային պահանջներին եւ տարածաշրջանային շահերին, ինչը պետք է հաշվի առնել ցանկացած ռազմավարական եւ դիվանագիտական որոշման դեպքում։
Այս իրավիճակում Հայաստանի դերը կարող է լինել երկակի․ մի կողմից՝ անհրաժեշտ է ամրապնդել իր պաշտպանունակությունը, ավելացնել ռազմավարական եւ քաղաքական պոտենցիալը, պատրաստ լինել ցանկացած սպառնալիքի, մյուս կողմից՝ առավելագույնս օգտագործել այն պահերը, երբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները լարվում են, ինչը կարող է Հայաստանին տալ որոշակի դիվանագիտական եւ քաղաքական հնարավորություններ՝ իրավիճակը հավասարակշռելու եւ որոշակի առավելություններ ձեռք բերելու համար։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս կայուն են միայն հարաբերական իմաստով․ դրանք խիստ կախված են տարածաշրջանային զարգացումներից եւ բազմակողմանի քաղաքական հաշվարկներից, եւ դրանց ապագան մեծապես կապված է ինչպես Արցախի, այնպես էլ Ադրբեջանի ու Ռուսաստանի հետագա քաղաքական վարքագծի հետ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
