Կոնսերվատորիային անհրաժեշտ է տղամարդ ղեկավար. Նանա Մարգարյան
ՄշակութայինՈՎ ԵՎ ԻՆՉ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻՑ
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երկար տարիներ աշխատած երաժշտագետ ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ այլեւս չի պատրաստվում լռել: Երկար ու ձիգ դատական գործընթացներ, աշխատանքից հեռացում եւ այլնի մասին նա բարձրաձայնեց «Իրավունք TV»-ի տաղավարում:
«ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ ԱՅՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՎՐԱ, ՈՎՔԵՐ ՔԾՆԵԼ ԳԻՏԵՆ»
— Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Կոնսերվատորիայում իշխանափոխությունից հետո, երբ Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց ռեկտոր։ Ո՞րն էր Ձեր առաջին բախումը նոր ղեկավարության հետ։
— Ասեմ, որ Սոնա Հովհաննիսյանին բերեց նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ շատ վստահ ներկայացրեց: Արդեն շուրջ չորս տարի է, ինչ ապօրինաբար ինձ հեռացրեցին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից: Ես դատի եմ տվել արդեն նախկին ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին, եւ դատը շահել եմ առաջին գործով: Սակայն իմ աշխատանքից ազատման հրամանը անվավար չճանաչվեց, եւ ստիպված եղա բողոքարկել: Երկրորդ անգամ կրկին շահեցի դատը: Հիմնական բախումը եւ դրդապատճառը եղել է այն, որ ես 2021 թվականին դիմում նամակ էի գրել պարոն Փաշինյանին: Փաստորեն, նամակն է հիմք հանդիսացել բախման, այլ ոչ թե որ ես իմ անմիջական պարտաանությունները չեմ կատարել: Նամակի մեջ գրել էի այն մասին, որ մտավորականությունը գտնվում է խեղճ վիճակում: Նաեւ գրել էի, որ այս հեղափոխություն ասեմ, թե հեղաշրջում, չգիտեմ, բայց հավատացել էինք դրան, որ մեր վիճակը իրականում կլավանա, սակայն գնալով ամեն բան փլուզվեց: Ինչպես նաեւ կար խնդրանք՝ ես մի քանի անգամ ղեկավարությանը դիմել էի, որ վարչաադմինիստրատիվ կազմի մեջ ստանում եմ ամենացածր աշխատավարձը՝ ունենալով բարձր երաժշտագիտական կրթություն, որպեսզի ինչ-որ միջամտություն եւ միջնորդություն լիներ, գոնե որոշակիորեն բարձրանար աշխատավարձս: Դրանից հետո, Սոնա Հովհաննիսյանը կազմակերպեց, որպեսզի այն անձիք, որոնց անունները տրվել էր (ի դեպ, ներկայացվել էր միայն ճշմարտությունը, թե ով ինչով է զբաղված), իրավախորհրդատուի միջոցով, որ ինձ դատի տան: Ասեմ, որ իրավախորհրդատուն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում: Այդ դատերը շատ արագ կազմակերպեցին ու նաեւ գրեցին, թե իբր ես իմ պարտականությունները չեմ կատարում, եւ հիմք են ընդունել այն փաստը, որ մեկ անգամ ընդամենն ունեցել եմ անհարգելի բացակա: Այդ փաստը հիմք ընդունելով ինձ ազատեցին աշխատանքից: Սակայն այդ մեկ օրվա բացակայությունը վկայությունն էր նրա, որ մահացել էր մորաքույրս «Քովիդից»: Իրենք անգամ չէին էլ կռահում, թե ես ինչ պատճառով կարող էի բացակայել: Սուտ ու կեղծ ցուցմունքներ էին ներկայացրել:
— Ձեր գործընկերների մոտեցումը ինչպիսի՞ն եղավ։
— Սկզբում շատ զարմացած էին: Մի մասը ղեկավարությանը հաճոյանալու համար ինձ սկսեցին քննադատել, թե ինչպես կարողացա վարչապետին նամակ գրել եւ այլն, մի մասն էլ գոհ էր այն առումով, որ՝ լավ է, կգնա, մեր ծանոթը կգա: Պետք է ասեմ, որ Կոնսերվատորիայում վարչաադմինիստրական բաժնի մեծ մասն ունի թերի բարձրագույն կրթություն՝ տեխնիկում ավարտածը, միջնակարգ կրթություն ստացածն ինձնից երկու-երեք անգամ շատ աշխատավարձ է ստացել: Իմ ըմբոստությունը հենց այդ անարդար իրավիճակի վերաբերյալ էր: Կարծում եմ՝ սա այն հարցը չէր, որ այսպես լուծվեր, կարելի էր փակ դռների հետեւում էլ լուծել, պարզապես, այստեղ գործել էր Սոնա Հովհաննիսյանի քմահաճությունը: Ժամանակին մենք շատ համերաշխ կոլեկտիվ ենք եղել՝ մեկ ընտանիքի նման: Սակայն ինչ եկավ Սոնա Հովհաննիսյանը, սկսվեց պառակտում: Չորրորդ հարկից մինչ առաջին հարկ վերանայվեց անձնակազմը, սկզբում սպասարկող կազմը, հետո քիչ-քիչ մոտենալով արդեն տարբեր բաժինների: Լսում էր սրա-նրա բամբասանքները: Պիտի ասեմ, որ «Քովիդ»-ը շատ նպաստեց ընդհանուր մարդկային հարաբերությունների վրա: Մեր բացակայությունը նաեւ նպաստեց նրան, որ կադրերի բաժնի վարիչը՝ Մարինա Հունանյանը, ով մասնագիտությամբ բացարձակ կապ չունի այդ աշխատանքի հետ, նրա բոլոր հրամանները սխալ կերպ էին եղել եւ դա էլ հիմք հանդիսացավ դատարանում, որ անվավեր ճանաչվի իմ աշխատանքից ազատման հրամանը: Սակայն մինչ այսօր՝ երկրորդ գործով անվավեր ճանաչված չէ:
Ձեր հարցը շատ դիպուկ է: Ես զարմացած եմ այն կոլեգաների, արվեստագետների վրա, ովքեր քծնել գիտեն: Այն ժողովրդական արտիստներին, արվեստի գործիչներին, որոնց ես բազում նյութեր եմ նվիրել, ո՞ւր են... Ես երեսով չեմ տալիս, բայց հիմա պահն է, որ իրենք կանգնեն իմ կողքին:
«ՆԵՐԿԱՅԻՍ ՌԵԿՏՈՐՆ ԱՌԱՎԵԼ ՀՐԵՇԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԻՄ ՀԱՆԴԵՊ»
— Ձեզ աշխատանքից ազատելու որոշման հետ կապված դիմել էիք դատարան: Վերջիվերջո, ի՞նչ վճիռ կայացվեց:
— Ներկաիս ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Մովսեսյանն ամենամոտ ընկերուհին է նախկին ռեկտորի: Այսինքն՝ զուտ փոխարինվել է, ոչինչ չի փոխվել, որովհետեւ նախկինի ժամկետն անցել էր եւ չվերընտվեց, իսկ ներկայինս զուտ փոխարինող է եւ առավել հրեշավոր գործողություններ է կատարում իմ հանդեպ:
Ասեմ ինչով է զբաղված Ծովինար Մովսիսյանը. նա գտել էր տարբեր իրավախորհրդատուներ եւ եթե նախկին իրավախորհրդատուի բոլոր գործերն ու վճիռները խափանվում եւ կանխվում էին «Հայ Փոստի» միջոցով, ապա հիմա Ծովինարի միջամտությամբ: Երկրորդ գործով դատավորին մեղադրում են, որ դատական սխալ ակտ է կայացրել: Ես գրել եմ Քննչական կոմիտեին, երեք՝ տարբեր մոտիվացիաներով գրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Գրությունները գնացել են համապատասխան բաժիններ, որոնք արհետսականորեն հերքվել են: Իմ վերջին դիմում-բողոքը բաղկացած է եղել 5 էջից, 38 կետից: Մեկ ամիս մնալուց հետո Երեւանի կենտրոն դատախազի կողմից գալիս է պատասխան, որ ինչ-ինչ պատճառներով մենք չենք կարող նախաձեռնել տվյալ վարույթը:
— Դուք նշել էիք հարկադիր պարապուրդի վճարումների մասին։ Ստացե՞լ եք այդ գումարները։
— Այո, այդ հարցի շուրջ ես հանդիպում եմ ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հուլիսի 18-ին: Քննարկվել են հարցերը եւ պատճառաբանվել, որ առաջին գործով վճարումները եղել են, իսկ այս երկրորդ գործով ոչ մի կերպ չի լինում, եւ դեռ քննարկվում է: Այդ Ծովինար Մովսիսյանը կեղծ պատասխաններ է տալիս, իբրեւ թե դատական ակտերը սխալ են կայացվել, եւ այդ պատասխանները ուղարկում է նախարարին: Օրերս ես մի փաստաբանական գրասենյակ կրկին տարա իմ թղթերը եւ երկու իրավաբան հաստատել են, որ առ այսօր ես գտնվում եմ հարկադիր պարապուրդի մեջ եւ որ պարտավոր են ինձ վճարել, ինչը չեն անում: Ես նախարարին չեմ կարող մեղադրել, թե ինչու նա բացառապես իմ գործով չի զբաղվում: Ես գիտեմ, որ նա հանձնարարություններ տվել է, անգամ իմ աշխատանքի վերականգնման հարցում:
«ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԱՀԵՑ, ՈՐ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ Է»
— Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս փուլում ԿԳՄՍ նախարարությունից կամ այլ պետական մարմիններից։
— Ես Ժաննա Անդրեասյանի դեմքին նայել եմ, իր հետ նստած են եղել վեց անձ՝ վարչության պետեր եւ այլն: Պարզ ասել եմ՝ այդ ինչպե՞ս պատահեց, տիկին Անդրեասյան, որ երրորդ անգամ Ծովինար Մովսիսյանի ժամկետը երկարացվում է: Երբ ես մորաքրոջս թաղումից եկա, հայտնաբերեցի, որ իմ աշխատասենյակի կողպեքը փոխված է, եւ չկարողացա մտնել իմ սենյակ, որտեղ դրված են մինչ օրս իմ անձնական իրերը՝ ստորագրություններով գրքեր եւ այլն: Ժաննա Անդրեասյանը լռում է: Ասեմ, որ տիկին Անդրեասյանը հանձնարարական էր տվել ԿԳՄՍ-ի անձնակազմին, որպեսզի ինձ լրացուցիչ մի աշխատանք առաջարկեն: Նույնիսկ ասաց, որ կարող են ինձ առաջարկել Կոմիտաս թանգարան-ինստիտուտում որեւէ մի գործ: Ես սիրով համաձայնեցի, սակայն այդ հարցն էլ մնաց օդից կախված: Օրեր առաջ ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանից ստացա գրություն այն մասին, որ իրենք դիտարկել են Կոմիտաս թանգարանում աշխատանքի համար, սակայն հաստիք չկա:
— Ըստ Ձեզ, ի՞նչն է հիմնական պատճառը, որ նման վերաբերմունքի արժանացաք տարիների նվիրումից հետո։
— Այդ խմորումները եղել են տարիներ ի վեր: Սակայն քանի որ նախկին ռեկտորները եղել են տղամարդիկ, կարողացել են ճիշտ ուղու վրա դնել եւ ղեկավարել: Ես դատավարության ընթացքում էլ եմ արտահայտվել, որ այսօր Երեւանի պետական կոնսերվատորիային պետք է տղամարդ ղեկավար, որ այդ կանանց ամբոխը սաստի: Միշտ գլուխս կախ աշխատել եմ, ոչ մեկի գործունեությանն ու ինտրիգներին մասնակից չեմ եղել: Ինչ հանձնարարվել է, կատարել եմ, ինչ պետք է եղել արել եմ, խնդրել են, որ բան տպագրեմ, ես սիրով արել եմ:
Անպայման ցանկանում եմ ասել, որ ես իմ առաջին գործունեությունը եւ լրագրողական առաջին քայլերը սկսել եմ «Իրավունք»-ից: Երիտասարդ աղջիկ էի՝ կոնսերվատորիան նոր ավարտած, շատ մեծ սիրով նյութերը պատրաստում էի, մեկնաբանում: Այնպես որ, այս խմբագրությունն ինձ համար շատ հոգեհարազատ է: Այն ծանր տարիներին, երբ մենք փոխել ենք տարբեր ղեկավարներ, պարոն Բաբուխանյանը այսպես միակուռ իր անձնակազմով կարողացել է մարդկանց իրավունքները պաշտպանել: «Իրավունք»-ից հետո աշխատեցի «Հայ համերգում», այնուհետ Կոնսերվատորիայում, որտեղ գրեթե 18 տարի աշխատել եմ:
Եթե մեր երկրում ապօրինի շինությունները քանդում են եւ պայքարում են ապօրինության դեմ, ապա ինչո՞ւ չեն պայքարում ապօրինի ծագումնաբանություն ունեցող անձանց դեմ: Երբ ես առաջին անգամ վարչապետին ներկայացրեցի այդ հարցն իմ դիմումով, դա հսկայական ալիք առաջացրեց եւ դարձավ հիմնական պատճառը, որ Սոնա Հովհաննիսյանը գրգռվի եւ անցնի վրեժխնդրության:
«ԻՆՔՍ ԷԼ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՍ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՄ»
— Եթե հնարավորություն լինի վերադառնալ Ձեր նախկին պաշտոնին, պատրա՞ստ եք այդ նույն միջավայրում շարունակել աշխատել: Թե՞ այլեւս նախընտրում եք աշխատանք գտնել նոր մշակութային հաստատությունում:
— Դատավորներից մեկը պահանջել է, որպեսզի ինձ վերականգնեն աշխատանքի: Սակայն այստեղ աշխատում է ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար ռեկտորի դիտավորությունը, որ իբր հաստիք չկա: Չկա՞, վերականգնե՛ք: Ուրեմն՝ հաստիքն էլ է ապօրինաբար լուծարվել: Ինչու է դատարանը որոշել, որ պետք է վերականգնվի իմ հաստիքը, որովհետեւ իմ հաստիքը կրճատվել է ընդամենը գիտխորհրդին ներկայացնելով հարցը՝ առանց ԿԳՄՍ-ի տեղեկացման եւ աշխատանքային տեսչական մարմին առկայության: Այսինքն՝ ինքնագործունեություն:
— Ինչպիսի՞ն են լինելու Ձեր հետագա քայլերը:
— Հարկադիր մարմինը չգիտեմ իրականում զբաղվում է, թե ցույց է տալիս, որ իբրեւ զբաղվում է, սակայն երկրորդ գործով հայտնաբերել են վրիպակ: Ուղարկել են դատավորին, որ հասկանան, թե ինչ պետք է անեն: Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ կարելի է անել: Ամեն դեպքում ես գործազուրկ եմ եւ իմ խնամքի տակ է գտնվում գրեթե 90-ամյա հայրս: Ես կարծում եմ, որ այն տարեցները, որոնց ժառանգները չունեն աշխատանք, պետք է պետությունը հոգ տանի եւ որոշակի արտոնություններ սահմանի նրանց:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ