ՈՐՆ Է ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՍ ԱՅՑԻ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ
ՄիջազգայինԵվ այսպես, Նիկոլը երեկ նորից բռնեց Մոսկվայի ճամփան: Չէ, բան չենք ասում, ոչ մի ««կրտսեր ու ավագ» եղբայր, ինչպես վերջերս ասում էր ոմն Խաչատուրյան, մաքուր «գործընկերային հարաբերություններից» բխող այց է: Մոսկվայում ատոմային էներգետիկայի 80-ամյակին նվիրված «Համաշխարհային ատոմային շաբաթ» է, Նիկոլն էլ, դրանով շատ հետաքրքրված, որոշել է մասնակցել, ինչ կա, որ…
«ԹԱՄԱՄ ԱՇԽԱՐՀ ՊՏՈՒՅՏԻՑ» ՀԵՏՈ
Բայց ավելի լուրջ: Այսպիսով, Նիկոլի ինչի՞ն պետք եղավ Մոսկվա գնալը, երբ վերջերս էր Պուտինի հետ հանդիպել-խոսելու առիթ ունեցել Չինաստանում՝ ՇՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ճիշտ է, հանդիպումը ծավալուն չէր, կարելի է ասել՝ «ոտքի վրա»: Բայց նաեւ, եթե մենք «փոքր եղբայր» չենք, ավելի ճիշտ՝ ուզում ենք մի կողմից՝ ԱՄՆ-ի փոքր եղբայրը դառնանք, մյուս կողմից՝ Եվրոպայի, Պուտինի հետ այդ փոքր հանդիպումն էլ պետք է, որ բավական լիներ:
Թերեւս, հաշվի առնելով նաեւ փաստը, որ ինչքան էլ, Խաչատուրյանի ասածով. «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այժմ բոլորովին այլ են՝ գործընկերային հարաբերություններ», բայց մեկ է, այդ «գործընկերությունը» լավ վիճակում չէ: Միայն այն, որ այս տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, անցած տարվա համեմատ, կիսով չափ պակասել է, եւ դրա հիմնական պատճառը, վիճակագրական փաստ է, Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության կատաստրոֆիկ անկումն է, ապա «գործընկերության» մասին խոսելն արդեն նույնիսկ անլուրջ է: Չնայած, դա եւրեւի անգամ Խաչատուրյանն էր հասկանում, քանի որ հենց նույն պահին ռուսները մի գլուխ հիշեցնում են՝ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, քանի որ «հնարավոր չէ նստել երկու աթոռի վրա»: Այն է՝ Ռուսաստանի հետ «գործընկերային հարաբերությունները» հետեւողականորեն շարժվում են դեպի «պլենտուս»:
Դեռ խոսեցինք միայն տնտեսական կողմի մասին: Մինչդեռ կան նաեւ քաղաքական եւ անվտանգային թեմաները, որոնք եւս, որքան էլ, որ Եվրոպա ենք «գնում», դեռ ոչ մեկը չի չեղարկել: Տրամաբանությունն այստեղ առավել քան պարզ է. այն վիճակը, որում այսօր հայտնվել է Եվրոպան, այսպես ասենք, «ավելորդ խաղերի» հնարավորություն ոչ մի կերպ չեն տալիս: Մեկ պարզագույն դետալ. եթե Նիկոլը Թրամփի հետ «Թրամփի ուղու» պայմանագիր է կնքում, ապա անկախ նրանից՝ այդ նախագիծն անորոշ ապագայում կյանքի կկոչվի, թե՝ ոչ, այս պահին դա նշանակում է, որ Հայաստանի համար եվրոպական թեման նաեւ «ամերիկյան ուղղությամբ» է կորցնում իր ակտուալությունը: Հակառակ դեպքում միայն արեւմտյան ուղղությամբ ստիպված ես լինելու խաղալ «երկու աթոռի նստելու» վրա, էլ չասած՝ ռուսական «աթոռի» մասին: Եթե հիշեցնենք նաեւ թուրք-ազերիական «աթոռի» մասին, ապա այս ամենի ընդհանրությունից հաստատ «ճողվածք կստանաս»:
Բայց եթե փորձում ես արեւմտյան ընդհանուր ուղղությամբ ընտրել Թրամփի «աթոռը», այն է՝ «Թրամփի ուղին», ապա ուզած-չուզած կանգնում ես այս հարցի առաջ՝ իսկ ե՞րբ այն կաշխատի, որ կարողանաս հայկական «ծիրանն ու դեղձը» դրանով հասցնել եվրոպաները, որտեղ, չգիտես, հայկական «ծիրանին ու դեղձին» սպասող կա՞: Այն դեպքում, երբ, հիշեցնենք, հենց այս պահին է, որ այդ նույն «ծիրան ու դեղձը» տանող բեռնատարները զանգվածաբար մնում են Ռուսաստանի սահմաններին:
ՄՈՍԿՎԱՆ ՆԻԿՈԼԻՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՍՊԱՍՈՒՄ
Կարճ ասած, իշխող խունտան, իհարկե, կարող է «մեծ ու փոքր եղբայր» մերժել, «թամամ աշխար պտույտ գալ», բայց դրանից հետո, այս էլ որերորդ անգամ, Նիկոլը բռնում է Մոսկվայի ճամփան: Ու այս իրողությունը, եթե անգամ գալիք գարնանը Էրդողանն Ալիեւի ձեռքը բռնած գա Երեւան, հազիվ թե փոխվի:
Այսպիսով, ընդհանրական իմաստով հասկանալի է, թե ինչու Նիկոլը, Պուտինի հետ «փոքր» հանդիպումից երեք-չորս շաբաթ հետո նորից Մոսկվա է գնում: Բայց եթե դա դետալավորենք կոնկրետ այս իրավիճակի համար, ի՞նչ ենք ստանալու, դա է հարցը:
Մի կողմից, հասկանալի է, Մոսկվայի հետ խնդիրների եւ Մոսկվայում լուծելու հարցերի պակաս չկա: Բայց այս պահին կա մեկ դրվագ, որը, թերեւս, առաջնային պլանում է: Այն է, թեեւ Նիկոլը միանգամայն տեղը-տեղին ոգեւորվեց` Վաշինգտոն այցելելով եւ Թրամփի ներկայությամբ Ալիեւի հետ «խաղաղության պայմանագիր» նախաստորագելով, Թրամփի հետ էլ՝ նրա անվամբ «ուղու» պայմանագիր, ու հետո էլ երկար-բարակ Մոսկվային ու Թեհրանին համոզել, թե դա նրանց դեմ չէ, բայց էլի գործը տեղից չի շարժվում: Նախ, մեծ հարց է, թե ԱՄՆ-ն իրականում որքանո՞վ է լուրջ ընդունում «Թրամփի ուղի» կառուցումը մի երկրում, որի անգամ անունն է Թրամփը հաճախակի մոռանում: Այն պարագայում, երբ այդ ուղին գնում բախվում է մի կողմից՝ Ռուսաստանին, մնուս կողմից՝ Իրանին, իսկ Կասպից ծովում՝ միանգամից Ռուսաստանին եւ Թեհրանին, հասկանալի է, չի կարող Թրամփի համար տնտեսական հետաքրքրություն ներկայացնել: Գոնե մինչ այն պահը, երբ Ալիեւի ու Նիկոլի փոխարեն Մոսկվայի ու Պեկինի հետ չի կարողացել պայմանավորվել: Մյուս կողմից, հազիվ այս թուղթը նախաստորագրած, Ալիեւն անմիջապես շարունակեց խոսել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին, ու քանի դեռ այդ պահանջը կա, նախաստորագրումից ստորագրման անցնելը եւս արգելակված է: Ընդ որում, քանի դեռ այս վերջինը տեղի չի ունեցել, ինչքան էլ որ Էրդողանն իր Քըլըչին ուղարկեց Հայաստան, մեկ է, պաշտոնապես ասված է, որ սահմանը չի բացվելու:
Այսինքն, այս պահին Նիկոլը գտնվում է մոտավորապես այն վիճակում, ինչ օգոստոսի սկզբներին էր, երբ դեռ Վաշինգտոն չէր գնացել: Չնայած, մեկ փոփոխություն, որն այս ընթացքում կարող էր լինել, չկա: Այսինքն, եթե դեռ օգոստոսի սկզբներին կային որոշ նախադրյալներ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարող են տեղափոխվել այլ դինամիկա, ապա ներկա պահին դրանք դեռ շարունակում են հետեւողականորեն ստվել: Այդ թվում, օգոստոսի սկզբներին Ուրալում ադրբեջանական դիասպորի առաջնորդ Շիխլինսկուն ձերբակալելու մասին վերջնական քաղաքական որոշում կայացվեց, որին հաջորդեցին բազում նման այլ ձերբականություններ, ոմանց արտաքսեցին, շատերի, այդ թվում՝ Ալիեւի նախկին խնամու գույքն առգրավվեց: Վերջապես, եթե մինչ այդ Ուկրաինայում ադրբեջանական նավթագազային համակարգն անձեռենմխելի էր մնում, այս ընթացքում դրանք հայտնվեցին ռուսական թիրախավորման տակ: Եվ այս ամենը էականորեն փոխում է հարավկովկասյան տիրույթում խաղի կանոնները, ինչը մի կողմից, Հայաստանի համար լուրջ շանս է, մյուս կողմից, ոչ պակաս լուրջ վտանգ՝ կախված հայաստանյան իշխանությունների հետագա քայլերից: Մասնավորապես, երբ Ռուսաստանում ակտիվանում են Ադրբեջանի դեմ ընդհուպ՝ ռազմական գործողությունենրի թեման, իսկ Հայաստանը գնում է, ըստ էության, «թյուրքական միջանցք» բացելու ուղղությամբ, ապա դա արդեն վերածվում է ծայրահեղ անորոշ ապագայի, եւ հակառակը:
Գումարած սրան այն սրացումները, որոնք չեն դադարում Մերձավոր Արեւելքում, եւ առաջ է գալիս մի պատկեր, որը 180 աստիճանով տարբերվում է Նիկոլի քարոզած «խաղաղությունից»: Ընդ որում, փոփոխություններն այն աստիճան են արագացել, որ շարունակում է մեծ հարց մնալ, թե Նիկոլի նման տերմինաբանությունն ի՞նչ գործնական տեսք կստանա ասենք մեկ-երկու ամսից, էլ չենք խոսում մինչ գալիք տարվա ընտրությունները ընկած ժամանակահատվածի մասին:
Այսպիսով, որ այս ողջ կոմպլեքսը դրված է լինելու Նիկոլի մոսկովյան այցի հիմքում, դա հաստատ է: Իսկ ավելի կարճ ասած` Մոսկվային այս պահին Նիկոլից մեկ բան է ընդամենը պետք՝ վերջնական գնահատում, թե նա որ դաշտում է, ընդ որում, ամենատեսանելի եւ ամենաշոշափելի ձեւով: Նաեւ հաշվի առնենք, որ ռուսական քաղաքականությունն այս պահին, ինչը ցույց տվեց նաեւ Դմիտրի Կոզակի (ով, հիշեցնենք, վերահսկում էր մասնավորապես հարավկովկասյան ուղղությամբ ռուսական քաղաքականությունը) վերջերս կայացած պաշտոնանկությունը, ենթարկվում է խորքային, արմատական տրանսֆորմացիայի: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլից ստացված նշված հարցի պատասխան կանխորոշելու է նաեւ, թե կոնկրետ հայաստանյան ուղղությամբ ինչ նոր մեխանիզմներ է Մոսկվան կիրառելու: Ընդ որում, որ այդ նույն կուրսը լինելու է շատ ավելի պրագմատիկ, այն է՝ էականորեն ավելի կոշտ, կամ Խաչատուրյանի ասած՝ «իրական գործընկերային» ուղղվածության, կարծում են հենց ռուսական տեղյակ աղբյուրները:
Թերեւս, արդեն ամենամոտ ապագայում արդեն պարզ կդառնա, թե այդ երկու մոտեցումներից որն է կիրառվելու հայաստանյան ուղղությամբ, այն է, Նիկոլի այս այցն ինչ իրական արդյունքներ է ունեցել: