Հայաստանում տրամաբանականը կլիներ ռուսական նախագծով էներգաբլոկ կառուցել. ՄԱԳԱՏԷ–ի փոխտնօրեն
ՏնտեսությունՀայաստանի համար տրամաբանական կլիներ ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԳԱՏԷ–ի փոխտնօրեն, գործակալության միջուկային էներգիայի վարչության պետ Միխայիլ Չուդակովը՝ «World Atomic Week» միջազգային ֆորումի շրջանակներում։
«Հայաստանին ատոմակայան է անհրաժեշտ, և ամենատրամաբանականը կլիներ գոյություն ունեցողի փոխարեն ռուսական նախագծով նոր էներգաբլոկ կառուցելը։ Սա լրիվ տրամաբանական է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տրամաբանությունը միշտ չէ, որ աշխատում է, և քաղաքական որոշումներն են գերակշռում», – ասել է Չուդակովը։
Որպես օրինակ նա բերել է Արևելյան Եվրոպայում ստեղծված իրավիճակը։
«Տեղադրվում են բացարձակ չփորձարկված էներգաբլոկներ, միայն թղթի վրա գոյություն ունեցող, ոչ հեղինակավոր։ Եվ չկան պիլոտային նախագծեր։ Սակայն դրանք գնվում են միայն թե ռուսական նախագիծը չվերցնեն, որը փորձարկված է, հուսալի, լավ է իրեն դրսևորում և լավ աշխատում», – բացատրել է Չուդակովը։
