Նեթանյահուն հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու իր պայմանների մասին
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի համաձայնի Սիրիայի հետ այնպիսի գործարքի, որը չի երաշխավորում Սիրիայի դրուզ փոքրամասնության անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Նրա խոսքով՝ Սիրիայի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, և երկու երկրների միջև գործարքը «կախված է Իսրայելի շահերի ապահովումից, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են Սիրիայի հարավ-արևմտյան մասի ապառազմականացումը և Սիրիայում դրուզների անվտանգության և պաշտպանվածության ապահովումը»։
Սեպտեմբերի 22-ին Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է, որ Սիրիան ցանկանում է խուսափել Իսրայելի հետ պատերազմից, քանի որ նրան խաղաղություն է անհրաժեշտ երկրի վերակառուցման գործընթացը շարունակելու համար։ Նա հայտարարել է, որ երկու հարևան երկրները կարող են համաձայնության գալ անվտանգության կարգավորումների շուրջ, բայց «ցանկացած պարագայում Իսրայելը պետք է դուրս գա Սիրիայի տարածքից»։
Սեպտեմբերի 17-ին Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարար Ասաադ ալ-Շայբանին և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը Լոնդոնում բանակցություններ են վարել ԱՄՆ-ի հովանու ներքո։ Կողմերը քննարկել են անվտանգության մասին նոր համաձայնագրի նախագիծը, որը կփոխարինի Սիրիայի և Իսրայելի միջև 1974 թվականին կնքված անջատման համաձայնագրին։