Վաշինգտոնի փաստաթուղթն Անկարայում ընկալվեց որպես լուրջ ահազանգ. Անդրանիկ Իսպիրյան
Ներքաղաքական«Իրավունքը» զրուցել է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան կատարած այցին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների շուրջ:
«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ»
- Ձեր մասնագիտական տեսանկյունից` ո՞րն էր Սերդար Քըլըչի պաշտոնական այցի հիմնական նպատակը։
- Հարցը շատ կարեւոր է, որովհետեւ Թուրքիայի ցանկացած քայլ դեպի Հայաստան ինքնանպատակ չի լինում։ Եթե փորձենք նայել վերջին երեք-չորս տարիների համատեքստում, ապա կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող գործընթացները մշտապես կապված են եղել ավելի լայն տարածաշրջանային զարգացումների հետ։ Հիմա նրա այցը, իմ դիտարկմամբ, ուներ մի քանի շերտ․առաջին եւ ամենաէականն այն էր, որ Թուրքիան չէր ուզում դուրս մնալ այն դինամիկայից, որը ձեւավորվել էր Հայաստանի, Ադրբեջանի եւ արեւմտյան դերակատարների՝ մասնավորապես ԱՄՆ-ի մասնակցությամբ։
Հիշեցնեմ, որ ավելի քան երեք տարի շարունակ ընթանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները՝ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով։ Մեր կողմից այդ մանդատը ստանձնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմից՝ Սերդար Քըլըչը:
Այստեղ պետք է նկատել մի կարեւոր հանգամանք. Վաշինգտոնում հրապարակված եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի մասնակցությամբ, որտեղ որեւէ հիշատակում անգամ չկար Թուրքիայի մասին, Անկարայում ընկալվեց որպես լուրջ ահազանգ։
Պատկերացրեք՝ տարածաշրջանում ընթանում են կարեւորագույն բանակցություններ, քննարկվում են սահմանների ապաշրջափակման, կոմունիկացիաների բացման, խաղաղության պայմանագրի ու անվտանգության հարցեր, բայց Թուրքիան պաշտոնապես «երրորդական» դիրքերում է։ Սա, բնականաբար, հակասում էր Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնարար տրամաբանությանը, որը միշտ ձգտում է լինել գործընթացների առանցքում։
Հենց այդ պատճառով էլ այցի հիմնական նպատակը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի հետ շփումների վերսկսումն ու վերահսկողության վերականգնումն էր։ Եթե կա ուղիղ կապ, ապա կա նաեւ ազդելու հնարավորություն։ Եթե չկա կապ, ուրեմն`Թուրքիան դուրս է մնում դաշտից։ Իսկ դա թուրքական դիվանագիտության համար անընդունելի է։
Բայց այստեղ հարցը միայն Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները չեն։ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ առանց Ադրբեջանի հետ սերտ համակարգման` որեւէ լուրջ պայմանավորվածություն չի կայանա։ Սակայն միեւնույն ժամանակ, Անկարան չի ուզում, որ միջազգային հանրությունը՝ հատկապես արեւմտյան ուժերը, տեսնեն նրան որպես պասիվ դիտորդ։
Ավելին, այստեղ կա նաեւ ներքին տրամաբանություն․ Թուրքիայի իշխանությունները՝ հատկապես Էրդողանը եւ Արտաքին գործերի նախարարությունը, միշտ կարեւորել են այն գաղափարը, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը>> պետք է ցուցադրվի որպես իրենց դիվանագիտական հաջողություններից մեկը։ Ներքին լսարանին ուղերձը պարզ է․ «Ահա մենք կարողանում ենք մեր հարեւանների հետ խնդիրները լուծել, եւ մեր պայմաններն են աշխատում»։
Մի շատ կարեւոր դետալ եւս․ երբ մենք ասում ենք՝ այցի նպատակն էր վերսկսել գործընթացը, պետք է նաեւ հասկանալ, որ Թուրքիան փորձում էր ստանալ անմիջական տեղեկատվություն հայկական կողմից։ Դիվանագիտական լեզվով ասած՝ դա կոչվում է «տեղեկատվական վերահսկողություն>>։ Եթե կան շփումներ, ապա թուրքական կողմը կարող է անմիջապես հասկանալ, թե Հայաստանի իշխանություններն ինչ դիրքորոշում ունեն, ինչ են պլանավորում, եւ որտեղ են թույլ տեղերը։
Այսպիսով, եթե ամփոփենք, ապա հիմնական կետերից մեկն էր` վերսկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հանդիպումները, որոնք արդեն կանգ էին առել։ Ապացուցել, որ Թուրքիան անմիջական դերակատար է տարածաշրջանային գործընթացներում եւ չի կարող դուրս մնալ արեւմտյան նախաձեռնություններից։ Հավաքել տեղեկատվություն Հայաստանի դիրքորոշումների մասին եւ վերականգնել վերահսկողությունը շփումների միջոցով։
Սրանք, իհարկե, պաշտոնական դիվանագիտական հայտարարություններում չեն հնչում։ Բայց եթե ուշադիր վերլուծենք զարգացումները, ապա պարզ է դառնում՝ սա էր այցի իրական ենթատեքստը։
ԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
- ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ` հայ-թուրքական հարաբերություններում իմիտացիա չկա։ Ի՞նչ կասեք այս մասին:
- Այս հարցը շատ կարեւոր է, որովհետեւ այստեղ մենք պետք է տարբերակենք ֆորմալ շփումները եւ իրական, գործնական կարգավորումը։ Երբ քաղաքական շրջանակներում ասում են, թե «իմիտացիա չկա», դա հաճախ ենթադրում է, որ տեղի են ունենում հանդիպումներ, խոսակցություններ, հայտարարություններ, բայց պետք է նայել նաեւ արդյունքների ու կառուցվածքային քայլերի համատեքստում։
Փաստացի, եթե գնահատենք ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների իրավիճակը, կարելի է ասել, որ իրական կարգավորում գոյություն չունի։ Այստեղ կարեւոր է նշել մի շատ խոստումնալից փաստ. Թուրքիայի արտաքին գործերի նախարարի վերջերս հնչեցրած հայտարարությունը. նա հստակ նշել է․ «Մինչեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում չլինի, ոչինչ չենք անի»։ Այս հայտարարությունն ինքնին բացահայտում է մի բան, որը երբեմն դիտվում է մակերեսային մակարդակում․ թուրքական կողմը միշտ առաջնորդվում է պրագմատիկ շահերով։ Դա նշանակում է, որ մինչ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարգավորել իրենց հարաբերությունները, Թուրքիան ոչ մի լուրջ եւ առարկայական քայլ չի ձեռնարկի Հայաստանի հետ։
Այս համատեքստում, երբ ասում են, թե հայ-թուրքական հարաբերություններում «իմիտացիա չկա», փաստորեն, խոսքը վերաբերում է միայն հանդիպումների եւ ձեւական շփումների գոյությանը, բայց ոչ՝ իրական արդյունքների։ Իրականությունն այն է, որ այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում, ավելի շատ ընդամենը ձեւաչափային գործընթաց է, որտեղ կողմերը քննարկում են, կարծես ինչ-որ բան կվերականգնվի, բայց ոչ մի կոնկրետ գործնական քայլ չի ձեռնարկվում։ Այսպիսով, ֆորմալ շփումները գոյություն ունեն, բայց դրանք դեռ չեն ստեղծում գործնական ազդեցություն։
Ավելին, իմիտացիայի կոնցեպտը նշանակում է նաեւ այն, որ կողմերը չեն գործում անկախ ու ինքնուրույն․ նրանք միշտ կախված են մյուս կողմերից։ Այս դեպքում՝ իրական կարգավորում հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կգնահատի, որ իր շահերն ապահովված են, իսկ Թուրքիան կունենա հնարավորություն անմիջականորեն ազդել գործընթացի վրա։
Այս ամենը հաշվի առնելով, կարելի է վստահորեն ասել․ ներկայիս հայ-թուրքական հարաբերությունների այս փուլը, որքան էլ հրապարակավ ակտիվ լինի, ֆորմալ բնույթ ունի եւ կոչվում է իմիտացիա։ Իրական կարգավորում տեղի կունենա միայն այն պահին, երբ բոլոր կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան հստակ շփումներ կունենան:
Ամփոփելով՝ պետք է շեշտեմ․ այն, ինչ կոչվում է «հայ-թուրքական հարաբերություններ», առայժմ միայն շփումների եւ կարգավորման ֆոն է․ իրական գործընթացը, գործնական քայլերը, սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ տնտեսական կապերի զարգացումը դեռ առջեւում են։ Հենց սա է իմիտացիայի էությունը, որը նույնիսկ Թուրքիայի պաշտոնական հայտարարություններով հաստատվում է։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
