«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՂԻ ՎՐԱ «ՎԱՃԱՌԵԼՈՒ» ԹԵԶԸ ՈՐՔԱ՞Ն ԿԱՇԽԱՏԻ
ՎերլուծությունԱյն, որ Նիկոլը «խաղաղություն ենք բերում» արտահայտությունը պետք է դարձներ իր նախընտրական հիմնական թեզը, էն գլխից էր պարզ: Այսինքն, պետք է մարդկանց այս անգամ էլ դրանով մանիպուլացնել՝ «հիմնավորելով» այն բոլոր կատաստրոֆիկ կորուստները, որոնք Հայաստանը կրել է եւ դեռ կրում է նրա իշխանության օրոք:
ԻՆՉՈ՞Ւ «ՄՈՒՐԱԴՆ ԷԼԻ ԿԱՏԱՂԵՑ»
Բայց ընտրություններում վերարտադրվելն ամենեւին էլ միակ նպատակը չէ: Չնայած, մինչ դրան հասնելը, եւս մեկ դիտարկում: Հայտնի է, որ «մեղր ասելով` բերանդ չես քաղցրացնի»: Նմանապես, խաղաղություն ասելով, իրականում խաղաղություն չես ստանա: Այս առումով, Նիկոլի քարոզած այս «խաղաղությունը», իհարկե, չափազանց խոցելի է: Նախ, մինչեւ Նիկոլն էլ, այնպես չէ, որ Հայաստանը ռեալ պատերազմի մեջ էր: Ունեցել ենք քառօրյա պատերազմ, բայց դրա արդեն երրորդ օրն Ալիեւը, որ հիմա իրեն մեծագույն զորավարի տեղ է դրել, չհասնելով որեւէ ռեալ արդյունքի, վազեց Մոսկվա՝ հրադադար խնդրելու: Ըստ այդմ, 2016թ. այդ օրերին հայ ժողովուրդն իրեն բազմապատըիկ ավելի ապահով էր զգում, քան նիկոլյան այս «խաղաղության» ժամանակներում: Այդ թվում, ամեն րոպե մարդիկ չէին դողում, թե հիմա Ալիեւը կգա, այս մի բանն էլ կխլի: Ու դա անգամ Նիկոլը չի կարող հերքել, քանի որ հենց ինքն էր 2020թ. առաջին կեսին պաշտոնապես հայտարարում, որ հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Այսինքն, նման բանակ էր ժառանգություն ստացել, ինչը, ի դեպ, հիմնավորվեց նաեւ իր իշխանության այդ փուլում, երբ տավուշյան սահմաններին ազերիները եւս մեկ քոթակ կերան:
Ուրեմն, ինչպե՞ս եղավ, որ դրանից հետո Հայաստանը հայտնվեց «ոչ խաղաղության» փուլում, կրեց պարտություն, ունեցավ բազում զոհեր, իսկ «խաղաղություն» ասվածը շարքային հայաստանյան ընդտրողի համար դարձավ հիմնական արժեք: Այդ անցման մասին դեռ բազում ու բազում դետալներ են բացահայտվելու, որը տեղի կունենա Նիկոլի հեռանալու դեպքում: Բայց ունենք բուն փաստ. Հայաստանը մինչ Նիկոլը կայուն էր, հաղթական, քանիցս քոթակեց թշնամուն, որն ընդամենը երազում էր գոնե 5 շրջան հետ ստանալու մասին: Ու հենց Նիկոլի օրոք էլ եղավ այդ վիճակից կտրուկ անցում խեղճացած եւ պատերազմողի վիճակի, որի, կրկնենք, հիմնական մտորումը խաղաղության միտքն է: Հասկանալի է, մեկ եզրակացություն կա. հենց Նիկոլի կառավարումն է, որ բերեց այդ տեղաշարժին՝ փաստացի խաղաղությունից՝ պարտվողական պատերազմի: Ու հիմա հենց իր արած այդ ավերածությունից հետո՝ կիսատ-պռատ, նվաստացուցիչ «խաղաղության» հասները, ավելի ճիշտ՝ հասնելու պատրանքը փորձում է «վաճառել» հայ ընտրողներին, թե տեսեք, ձեզ խաղաղություն եմ բերում: Հասկանալի է, որ դրա համար պետք է մեղադրանքների հեղեղ ուղղել նախկին ղեկավարներին, թե՝ «ջեբս գցեցին», ու նախկին ղեկավարներն էլ մատնանշում են, որ իրենց օրում որեւէ լուրջ զիջում ազերիներին չի արվել, հակառակը, ու այս բոլոր կորուստները հենց Նիկոլի օրոք եւ մեղքով են եղել: Ու դա ապացուցելը շատ հեշտ է՝ բավական է Նիկոլը ներկայացնի, ինչպես որ օրերս հերթական անգամ պահանջեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ինչ առաջարկներ է 2019-20թթ. ստացել Մինսկի խմբից, ինչու է դրանք մերժել, ու ամեն բան տեղը կընկնի: Այս ֆոնին, իհարկե, նույն հիստերիան, թե՝ եկեք բանավիճելու, դառնում է ավելի հասկանալի:
ԻՆՉԻ՞Ց ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ԱՐՈՆ
Մի խոսքով, չնայած «խաղաղությունը» հայաստանյան ընտրողի վրա «վաճառելու» տեսլականն այս փուլում մի կերպ աշխատում է, բայց կաշխատի՞ մինչեւ ընտրությունները, մեծ հարց է: Հաշվի առնելով, որ կա նաւե «մեդալի մյուս երեսը». անգամ այս խեղկատակային «խաղաղությունը» Նիկոլի համար մնում է անհասանելի: Պետք է ներկայացնի Ալիեւի հետ ստորագրված վերջնական փաստաթուղթ, բայց ինչպես քանիցս մատնանշել ենք, Հեյդարովիչի դիրքորոշումը մազաչափ անգամ չի փոխվել անգամ Վաշինգտոնից հետո: Այն է՝ փոխիր Սահմանադրությունդ, կստորագրեմ: Ու դեռ մեծ հարց է՝ եթե անգամ մի կերպ Նիկոլը կարողանա փոխել, ասենք, նորից ժողովրդին վախեցնելով, թե՝ «չփոխեցինք, մյուս օրը պատերազմ կլինի», Ալիեւն ի՞նչ նոր պայման կմոգոնի:
Ամեն դեպքում այն, որ Ալիեւը, բացի Սահմանադրության թեմայից, ոչ հրապարակային այլ պահանջներ, պայմաններ ունի մինչ այդ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելը, միանշանակ է: Օրինակ, երեկ Վաշինգտոնում կայացած Բայրամովի եւ Միրզոյան Արոյի հանդիպումը եւս դա է ակնարկում: Ներկայացրել են այսպես. «Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ»: Ու միգուցե կբացատրե՞ն, թե ինչ կա այդտեղ քննարկելու, երբ Ալիեւը, ըստ հրապարակային հայտարարությունների, ունի միակ պահանջ՝ Սահմանադրությունը փոխեք ու անմիջապես կստորագրենք: Ի՞նչ «հնարավոր առաջմղման» մասին կարող է այստեղ խոսք լինել, երբ ամեն բան այդքան հստակ է՝ փոխում ես, կամ՝ ոչ:
Մյուս կողմից, Բաքվում դատվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ Դավիթ Մանուկյանը պահանջեցին դատարան հրավիրել ոչ միայն Նիկոլին, այլ նաեւ Մինսկի խմբի երկարամյա համակարգող Կասպրշիկին: Ու հաշվի առնելով այն, որ ադրբեջանական լրատվամիջոցները հավեսով տարածեցին այդ լուրը, կարելի է ենթադրել, որ, այսպես ասենք, Բաբայանի այդ հայտարարությունը միանգամայն Ալիեւի սրտով էր: Երեւի ակնարկը հասկանալի է՝ Կասպրշիկը կարող է ներկայացնել, թե որն է եղել Միսկի խմբի կողմից ներկայացված առաջարկների վերջին փաթեթը, որին, հիշեցնենք, Ալիեւը կողմ էր արտահայտվել: Այն նույն փաթեթը, որի մասին ակնարկեց նաեր ԼՏՊ-ն: Սա նման չէ՞ մեսիջի, որ կա նման փաթեթ, որը կարող է բացահայտվել:
Եթե դա այնքան վտանգավոր փաստաթուղթ է, որը Նիկոլը համառորեն չի բացում, չնայած նրան, որ մերկա պահին Միսկի խումբ պարզապես չկա, եւ գաղտնիությունն էլ անիմաստ է, այս ամենը չի՞ նշանակու, որ ինչպես Ալիեւը, այնպես էլ՝ ԼՏՊ-ն ունեն Նիկոլի վրա ազդելու լուրջ գործիք: Էլ ո՞վ է դրան տիրապետում: Բնականաբար, ՄԽ նախկին համանախագահհերը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որոնք եւս, իհարկե, կարող են այդ գործիքը կիրառել: Իսկ դա Նիկոլի համար նշանակում է բազմակողմ կախված վիճակ: Բայց փաստն այն է, որ այս պահին այդ մասին ակնարկողն Ալիեւն է, ու դա եւս հուշում է, որ նա Նիկոլին, չնայած «խաղաղությանը», այնուամենայնիվ, դեռ ճնշելու խնդիր տեսնում է: Ի՞նչ ուղղությամբ, ի՞նչ պահանջներով, կարելի է ենթադրել: Բայց խոսքն այդ մասին չէ, այլ, որ եթե Ալիեւն ունի Նիկոլին ճնշելու կարիք, ապա դա շարունակում է մեծ հարցականի տակ պահել հարցը, թե գալիք տարվա ընտրությունների շեմին Նիկոլը կունենա՞ ստորագրված «խաղաղության խայմանագիր»՝ ընտրողին շարունակելով ներկայանալ «խաղաղություն բերողի» կերպարով:
ՎԵՐՋԱՊԵՍ Ի՞ՆՉ Է ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ ՆԻԿՈԼԻՑ
Իհարկե, կարելի է ենթադրել, թե Ալիեւն ինչ է ուզում Նիկոլից: Ինչ ուզել է միշտ՝ «Զանգեզուրի միջանցք»: Իհարկե, նա եւս «ոգեւորված էր» Վաշինգտոնում «Թրամփի ուղու» ստեղծման գաղափարով: Բայց փաստն այն է, որ «Թրամփի ուղին» ամենեւին էլ «Զանգեզուրի միջանցք» չէ: Այն պարզ պատճառով, որ առաջինը ենթադրում է ամերիկյան վերահսկողություն, իսկ «Զանգեզուրի միջանցը», այսինքն՝ թուրք-ազերիական փաստացի վերահսկողություն: Այսինքն, շատ պարզ հարց կա՝ իր այդ «ոգեւորությամբ» հանդերձ, Ալիեւին պե՞տք է մի ճանապարհ, որտեղ ամենավերջին վագոնի մակարդակով ամերիկացիները տեղեկացված կլինեն, թե թուրք-ազերիներն ինչ տարան, ինչ բերեցին՝ ունենալով ցանկացած պահի այդ «վինտիլը» փակելու հնարավորություն: Այսքան ժամանակ Նիկոլին ճնշել են, ռուսական վերահսկողության հարցն օրակարգից դուրս են թողել ոչ նրա համար, որ հիմա Թրամփը, ով հարավկովկասյան հարթակում անգամ մատը մատին չի տվել, գա ու ամեն բան իրենով անի:
Մինչդեռ այս պահին, հերիք չէ, որ Նիկոլը նման թուղթ է ստորագրել ամերիկացիների հետ, դեռ մի բան էլ, Պետդեպարտամենտը սկսել է այդ ուղղությամբ ֆինանսական հատկացումներ անել՝ ցույց տալով, որ գործը փորձում են տեղից արագ առաջ շարժել: Դեռ մի բան էլ՝ Հայաստանում ինչ-որ ՆԱՏՕ-ական միջոցառումներ են անում, որը եւս հիշեցում է, որ ամերիկացիներն են իրենց համարում իրավիճակի վերահսկողը:
Ինչպես հուշեց Էրդողանի ներկայացուցիչ Քըլըչի վերջերս կայացած հայաստանյան այցը, այդ իրավիճակով նաեւ Անկարայում ոգեւորված չէ: Դա նաեւ ցույց տվեց նշված ՆԱՏՕ-ական միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալի հիշեցումը, թե՝ «Մենք խաչմերուկ ենք Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ»: Պա՞րզ է՝ քանի դեռ թուրքական սահմանը փակ է, ոչ մի միջանցք: Իսկ ե՞րբ բաց կլինի այդ սահմանը. Աքսալի եւս մեկ ակնարկ հետաքրքիր էր: Այն է՝ «Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ կետ էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի մատակարարման համար»: Այն է՝ Թուրքիան ցանկանում է Կենտրոնական Ասիայից գազ ստանալ (ոչ Ադրբեջանից, այստեղից ինչ հնարավոր է, որքան պոտենցյալ Բաքուն ունի, Թուրքիան արդեն ստանում է): Ու հիմա ի՞նչ, Թրամփը հայաստանյան «վինտիլը» վերցնի, որ այստեղ այդ ողջ գազն իրենով անի եւ իր թելադրած պայմաններով փոխանցի Թուրքիայի՞ն: Ի՞նչ է, Էրդողանն այսքան ժամանակ համառորեն աշխատել է, որ հիմա Թրամփը բոլոր օգուտներն իրե՞ն վերցնի: Ու եթե Թրամփը նման հակումներ է ի ցույց դնում, ավելի լավ չէ՞, որ սահմանը դեռ փակ մնա: Եթե այս տարբերակն է, ապա թուրք-ազերիական տանդեմի համար ձեռնտու կլինի, որ Թրամփին հիասթափեցնելու «կեղտոտ աշխատանքը» նորից Նիկոլին թողնեն՝ պարբերաբար միացնելով նրան ուղղված ճնշումային մեքենան: Իսկ մինչ այդ, Ալիեւը կպահանջի Սահմանադրություն փոխել, Նիկոլը չի կարողանում, եւ վերջ, ոչ մի «խաղաղության պայմանագիր»:
Իհարկե, նման խաղը վտանգավոր կլինի նաեւ նրանով, որ առջեւում ընտրություններ են, Նիկոլին կորցնելու վտանգ կա: Բայց դե, այդ վտանգը միշտ էլ եղել է:
Մյուս կողմից էլ, այդ «ճնշումային մեքենայից» ամերիկացիներն էլ ունեն, եվրոպացիներն էլ, ռուսներն էլ, եւ ցանկացած մեկը կարող է ցանկացած պահի այն ոչ թե միացնել, այլ՝ պայթյուն առաջացնել: Իսկ դա նշանակում է, որ դեռ սկանդալներ լինելու են, այդ թվում՝ ընտրությւոնների շեմին:
