Ռուսաստանը երկար տարիներ եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը. Տիրան Լոքմագյոզյան
ՆերքաղաքականԱյս օրերին հայ-թուրքական հարաբերություններում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներն էական կերպով արժանանում են նաեւ վերլուծաբանների ուշադրությանը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:
— Վերջերս Թուրքիայի հատուկ բանագնաց Քըլըչն այցելեց Հայաստան։ Ձեր մասնագիտական դիտարկմամբ, ո՞րն էր այդ այցի հիմնական շարժառիթը։
— Նախ պետք է ընդգծեմ, որ ես այդ այցում որեւէ իրական, խորքային եւ ձեւավորվող քաղաքականություն չեմ տեսնում։ Իրականում նրա ելույթներն ավելի շատ ձեւական էին՝ այն խոսքերն ու ուղերձները, որոնք արդեն բազմիցս հնչել են տարբեր ձեւաչափերով, այսպես ասած, կրկնվում էին։
Բայց, առաջին հերթին, այս այցը ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակում է փորձել իր դիրքը ամրապնդել տարածաշրջանում՝ զուգակցելով ներքին քաղաքական շահերը եւ արտաքին դիվանագիտական ազդակները։ Այն, ինչ մենք տեսնում ենք հրապարակայնորեն, հիմնականում կենտրոնացած է սահմանների հարցի վրա։ Երեք տարի շարունակ Թուրքիան եւ Հայաստանը խոսում են սահմանների բացման հնարավորության մասին, բայց մինչ օրս այդ գործընթացը չի իրականացվել։
Ինչն այստեղ առավել հետաքրքիր է, այն է, որ եթե սահմանը բացվի, ապա դա հիմնականում չի լինի Հայաստանի կամ Արցախյան շահերի ծառայություն։ Նման քայլերը ավելի հաճախ ուղղված են երրորդ երկրների օգտին, այսինքն՝ ոչ հայերի եւ ոչ թուրքերի, այլ մի շարք տարածաշրջանային ու գլոբալ խաղացողների համար։ Նրանցից առավել շահագրգիռը, անկասկած, Ադրբեջանն է, քանի որ Հայաստանի տարածքով անցնող ուղիները նրանց համար ռազմավարական կարեւորություն ունեն՝ առավել կարճ ու հարմար երթուղիներ ապահովելու տեսանկյունից։ Սակայն նույնիսկ այս շահագրգիռ կողմի համար սահմանը մինչ օրս չի բացվել, ինչը վկայում է, որ գործընթացը համալիր է, շատ շերտերով եւ հաճախ քաղաքականորեն ճկուն, բայց ոչ բացահայտ շահերի վրա հիմնված։
— Ի՞նչ կասեք ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարության մասին, թե իբրեւ հայ-թուրքական հարաբերություններում իմիտացիա չկա։
— Այո՛, այստեղ կրկնվում է արդեն հայտնի մոտեցումը՝ հայտարարություններ, որ «կան պետական նպատակներ», «պայմանավորվածություն է ձեռք բերվել», «պայմանագիր է ստորագրվել»։ Բայց իրականում այդ փաստաթուղթը չունի միջազգային իրավունքի հենքի տեսանկյունից որեւէ պարտադիր ուժ։
Եթե մենք համեմատենք պատմական կոնտեքստով, նման փաստաթղթերը հիշեցնում են ավելի շատ կապիտուլյացիոն բնույթի թղթեր, որոնցում հիմնականում արձանագրվում են կողմերի մտադրություններն ու նպատակները, բայց գործնական իրավական պարտավորություններ չեն առաջանում։ Այսպիսով, նույնիսկ եթե առկա է ձեւական համաձայնագիր, այն իր էությամբ «նվազագույն պարտավորությունների արձանագրություն» է, որը շատ հեշտությամբ կարող է չիրականանալ կամ փոխվել՝ կախված քաղաքական կոնյուկտուրայից։
Անշուշտ, սա ոչ թե Թուրքիայի կամ Հայաստանի միայնակ նախաձեռնությունն է, այլ դիրքավորման ռազմավարություն, որը շատ դեպքերում արտացոլում է տարածաշրջանային դերակատարների շահերը։ Որպես օրինակ՝ սահմանների բացումը դիտարկվում է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի եւ որոշ եվրոպական երկրների տեսանկյունից, որոնք յուրահատուկ հետաքրքրություններ ունեն տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական միջանցքների հարցում։
— Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում հաճախ խոսվում է դելիմիտացիայի բացակայության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
— Հստակ պետք է նշեմ, որ ներկայումս հայ-թուրքական հարաբերություններ իրական, դիվանագիտական կամ գործնական մակարդակում պարզապես չկան։ Երբ մենք խոսում ենք «հարաբերությունների մասին», նկատի ունենք միայն պաշտոնական, ձեւական, դիվանագիտական շփումները, որոնք չեն կարող ապահովել բովանդակային փոխգործակցություն։
Այսպիսով՝ «լավ» կամ «վատ» հարաբերություններն առկա չեն. ամեն հանդիպում, հայտարարություն կամ անձնական շփում կարող է լինել առավելագույնը անձնական կամ քաղաքական շահերի սպասարկում, բայց ոչ պետական մակարդակով։
Այստեղ կարեւոր է հասկանալ, որ երկու կողմերի պաշտոնական դիրքորոշումների միջեւ կա անդրսահմանային լարվածություն. անգամ, երբ ցուցադրաբար լինում են բարեկամական ժեստեր կամ խորհրդանշական հանդիպումներ, դրանք հիմնականում արտաքին քաղաքական հաղորդակցությունների համար են՝ ոչ ավելի։
— Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել առաջիկայում՝ հաշվի առնելով հատկապես Զանգեզուրի միջանցքի թեման եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ առկա լարվածությունը։
— Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը բազմիցս ընդգծվել է. մինչեւ Ադրբեջանը վերջնական չի ներկայացրել իր պահանջները` դրանց բավարարման գործընթացը չի սկսվելու։ Սակայն խնդիրը, ինչպես մենք բազմիցս տեսել ենք, այն է, որ դրանք երբեք չեն ավարտվում։ Երբ բավարարում ես մեկ պահանջը, անմիջապես առաջ է գալիս նոր՝ ավելի լայն եւ խորքային պահանջների շղթա, որը չափազանց ծանրաբեռնված է Հայաստանի համար։ Եթե Հայաստանը գնա այս պահանջները կատարելու ճանապարհով, դա կարող է հանգեցնել խորքային զիջումների, ներառյալ սահմանների փոփոխություն, անվտանգության ու բանակի կառուցվածքի վերակազմավորում, սահմանադրական փոփոխություններ եւ այլն։ Իսկ եթե Հայաստանը հրաժարվի պահանջները կատարել, ադրբեջանական կողմը պարզապես կուժեղացնի ճնշումները՝ օգտագործելով միջազգային ու տարածաշրջանային ազդակներ՝ շարունակելու իր օրակարգը։
Այս գործընթացը ցույց է տալիս, որ տարածաշրջանում չկա կայուն եւ հստակ ռազմավարություն, որը լիովին ապահովի Հայաստանի շահերը։ Ավելին, նման մի շարք գործողություններ կարող են ունենալ երկարաժամկետ քաղաքական եւ տնտեսական ազդեցություններ, որոնք չեն սահմանափակվի միայն սահմանների կամ միջանցքների բացմամբ, այլ նաեւ կանդրադառնան արտաքին եւ ներքին քաղաքական որոշումների վրա։
— Պարոն Լոքմագյոզյան, եթե խոսենք ոչ միայն հայ-թուրքական, այլեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի հետ կապված:
— Հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս գտնվում են չափազանց բարդ եւ անցումային փուլում։ Դրանց բնութագրիչն է վստահության նվազում, փոխադարձ սպասելիքների չիրականացում եւ հասարակության մեջ հիասթափության խորացում։
Ռուսաստանը երկար տարիներ եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը, սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ դերը զգալիորեն սահմանափակված է։ Հայաստանի կողմից ակնկալվում էր հստակ աջակցություն եւ անվտանգության ապահովում, բայց գործնականում ստացվեց անորոշություն եւ կիսատ-պռատ արձագանքներ, որոնք հանգեցրին հասարակության ներսում մեծ դժգոհության եւ քաղաքական վերնախավի նոր ուղիներ որոնելու գործընթացին։
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, սակայն դա անում է հիմնականում ճնշումների եւ քաղաքական մանեւրների միջոցով՝ մանավանդ այն փուլերում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նոր լարվածության փուլ են մտնում։
Այսօր հարաբերությունները սառեցված չեն, սակայն նախկին մակարդակի վրա նույնպես չեն։ Դրանք գտնվում են ոչ վստահելի, անկայուն եւ փոփոխական փուլում, երբ կողմերը դեռ փորձում են հասկանալ՝ շարունակե՞լ նախկին ուղիով, թե՞ անցնել նոր ձեւաչափի։ Իմ դիտարկմամբ, սա հարաբերությունների ամենավտանգավոր փուլերից է, քանի որ հին համակարգն այլեւս չի գործում, իսկ նոր համակարգ դեռ չի ձեւավորվել։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
