Ինձ՝ որդուդ արյունը վաճառած եւ նմանատիպ որակումներ տվող մարդկանց ուղղակի խղճում եմ. ԱԺ անկախ պատգամավոր
Ինձ դավաճան, որդուդ արյունը վաճառած եւ նմանատիպ որակումներ տվող մարդկանց ուղղակի խղճում եմ, նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում ու ասում։ Ինչ վերաբերում է ընդդիմության հնչեցրած գնահատականներին ես բազմիցս ասել եմ, հիմա էլ բարեկամաբար հորդորում եմ դուրս գալ այն օրակարգից, որում իրենք հայտնվել ու մնացել են չգիտեմ ում պարտադրանքով, բայց ուզում եմ ասել՝ Դուք լուսանցքից դուրս եք մնացել հարգելի ընդդիմություն, -անդրադառնալով իշխանությունների կողմը անցնելու պնդումներին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր, 44-օրյա պատերազմում անմահացած Աբգար Նազարյանի հայրիկը՝ Գեղամ Նազարյանը․
-Չի կարելի ժողովրդին անընդհատ համոզել մի բան, որին իրենք անգամ չեն հավատում, այդ ճանապարհով գնալով, եթե Դուք հույս ունեք, որ կարող եք գցել Փաշինյանի վարկանիշը չարաչար սխալվում եք։
-Պարոն Նազարյան, ասում են, որ Դուք պետք է առաջիններից լինեիք Արցախի համար պայքարողների շարքում, որովհետեւ այնտեղ նահատակվել է Ձեր միակ որդին։
-Իսկ իրենք ոնց են պայքարում՝ ֆեյսբուքյան գրառումներո՞վ, ես էլ իրենց նման պայքարե՞մ, ինչ են առաջարկում։
-Դե, ասում են, գոնե իրենք ինչ-որ կերպ պայքարում են, իսկ Դուք Արցախը հանձնած իշխանությունների թելն եք թելում։
-Առաջինը, Արցախը որեւէ մեկը չի հանձնել, Արցախը հանձնել են 1921թ․-ի հուլիս 7-ին, եթե ինչ-որ մեկը չգիտի հիշեցնում եմ։ Այո, մենք Արցախը հետ բերելու տեսականորեն շանս ունեինք մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, դրանից հետո մենք ապահովվում էինք արցախցիների անվտանգության հարցը, նրանց ֆիզիկական գոյությունը։ Հետագա տարիներին, ցավոք, քաղաքական միտքը մթագնեց ՀՀ-ում եւ, պարզվեց, որ մենք այլ բանի համար ենք պայքարել։ Ինչ վերաբերում է իմ որդուն ու մյուս տղաներին դա կապ չունի իրենք պայքարել հայի համար։ Ես էլ հիմա հանուն իմ Հայաստանի անում եմ այն ինչ ճիշտ եմ համարում, որ իմ որդու եւ նրա ընկերների թափած արյունը արժեւորեն։
-Պարոն Նազարյան, Էդգար Ղազարյանը եթերում հայտարարում է, որ Դուք Արցախի կորստի օրերին բնակարան էիք ձեռք բերում էլիտար թաղամասերում։
-Ես առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հայտարարությունները չեմ մեկնաբանում, կներեք․․․
