ԹՐԱՄՓԻ` «ԿՐԿՆԱԿԻ ՁԻՈՎ ՔԱՅԼԸ» ՑՆՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՆ
ՎերլուծությունԱյն, որ հարավկովկասյան ներկա իրողությունները (Տես նաեւ https://iravunk.com/?p=322883&l=am) մեծապես փոխվում են ներկայումս աշխարհով մեկ ընթացող բուռն գործընթացների արդյունքում, հին պատմություն է: Սակայն դա շատ ավելի ռեալ տեսք է ստանում, հաշվի առնելով որ մեր տարածաշրջանում հիմնական խաղացողներից մեկի՝ Բրիտանիայի մոտ ներքին բուռն իրադարձություններ են զարգանում:
Բրիտանիան հեղափոխության եզրին է։ Նման գնահատումը սկսում է համատարած դառնալ փորձագիտական շրջանակների մոտ: Ամեն դեպքում, այն զանգվածային իրադարձությունները, որոնք վերջին օրերին ծավալվեցին ողջ Բրիտանիայով մեկ եւ, մասնավորապես, Լոնդոնում, նման եզրակացության ռեալ հիմքեր տալիս են: Փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր մարդիկ: Պաշտոնապես պահանջը միգրացիոն խնդիրներն են, որոնք էլ ավելի ցցուն տեսք ստացան, երբ ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվեց Պակիստանից եկած իսլամ դավանող կնոջը, ով պաշտոնական երդում տվեց Ղուրանի վրա: Սակայն բոլորն են հասկանում, որ խնդիրը շատ ավելի խորքային է, եւ հարվածն ուղղված է գործող, ավելի կոնկրետ՝ դասական կառավարման համակարգին, որը Բրիտանիայում ուլտրագլոբալիստական ուղղվածության մեջ է: Այն է՝ իսլամական գործոնն այդպես չէր տարածվի, եթե չլիներ նման կառավարման համակարգի «դաբրոն»: «Համբերությունը սպառվել է։ Հին անգլիական քաղաքների նոր քաղաքապետները խոսում են արաբերեն եւ ուրդու լեզուներով։ Միգրանտների կողմնակիցները վերահսկողություն են հաստատել Լոնդոնում, Ներքին գործերի նախարարությունում եւ մոտենում են վարչապետի պաշտոնին։ Քաղաքներում ձեւավորվել են միգրանտական անկլավներ։ Անգլիայում եւ Ուելսում առաջին եւ երկրորդ սերնդի օտարերկրացիների թիվը հասել է 20%-ի։ Մեծամասնությունը մուսուլմաններ են»,- մեկնաբանում է պատկերը փորձագիտական աղբյուրը։
Մյուս կողմից էլ հասկանալի է, նման զանգվածային միջոցառումներ կազմակերպել չէր լինի, եթե չլիներ նույնքան պատկառելի թիկունք: Առաջին պլանում այս պահին տեսանելի է Իլոն Մասկը, եւ միայն դրանից կարելի է կռահել, որ բրիտանական այս ցնցումների աջակցությունը գալիս է թրամփականությունից: Պահանջն էլ նոր խորհրդարանական ընտրություններն են, որտեղ հաղթանակի հիմնական հավանականությունը Նայջել Ֆարաջի «Ռեֆորմների կուսակցությանն» է: Այս ընդհանրական ֆոնը մեկ բան է հուշում՝ բրիտանական այս «խմորը դեռ շատ ջուր է վերցնելու»: Ու դա շատ ավելի ցցուն տեսք է ստանում, հաշվի առնելով, որ գործնականում նույն գործընթացները կան Ֆրանսիայում, ցանկացած պահի կարող են «պայթել» նաեւ Գերմանիայում:
Ընդ որում, այս ֆոնին եվրագլոբալիստները եւս մեկ ծանր հարված ստացան Թրամփից: ԱՄՆ նախագահը, ի պատասխան Ռուսաստանի, նաեւ վերջինիս հետ գործակցողների դեմ խոշոր պատժամիջոցներ կիրառելու եվրագլոբալիստների փորձերին, «ձիով քայլ» կատարեց: Թե շատ լավ, ԱՄՆ-ն պատրաստ է նման պատժամիջոցների: Բայց միայն պայմանով` նախ Եվրոպան պետք է դրան գնա: Այն է` ոչ միայն անմիջապես եւ ամբողջականորեն հրաժարվի ռուսական էներգակիրներից, այլ նաեւ` 50-100 տոկոս մաքստուրքեր կիրառի ռուսներից նավթ ու գազ գնողների դեմ, այդ թվում` Հնդկաստանի եւ Չինաստանի: Այլապես, հստակեցրեց Թրամփը, ԱՄՆ-ն չի մտադրվում միակողմանիորեն շարունակել իր հակառուսական քաղաքականությունը, եթե Եվրոպան ինքը պատրաստ չէ հրաժարվել Մոսկվայի հետ էներգետիկ համագործակցությունից։
Այն, որ սա դարձավ սառը ցնցուղ Բրյուսելի համար, հազիվ թե երկրորդ կարծիք լինի: Նման պահանջն իսկական փորձություն է եվրոպական էլիտաների համար։ Եթե Բրյուսելը կատարում է Թրամփի պայմանը, ապա սպառնալիք կա` ոչնչացնելու սեփական տնտեսության վերջին հենասյուները։ Ռուսական էներգակիրներից լիովին հրաժարվելը ոչ թե պարզապես տանելու է եվրոպական արդյունաբերական արտադրության էլ ավելի դանդաղեցման` ռեցեսիայի ռեալ սպառնալիքով: Այլ նաեւ` Չինաստանից եւ Հնդկաստանից մատակարարումների մաքսատուրքերի 50-100 տոկոսանոց աճը կհանգեցնի գների բարձրացման (այդ թվում` հումքատեսակների), լոգիստիկ խնդիրների վատթարացման եւ ԵՄ-ում գնաճային ճնշման աճի։ Սա կխորացնի սոցիալական լարվածությունը, երբ առանց այդ էլ պայթյունային մթնոլորտ է առաջացրել Եվրոպայում, ներառյալ` Բրիտանիայում: Դրանով էլ ավելի կամրապնդի աջակողմյան եւ եվրոսկեպտիկ կուսակցությունների դիրքերը։
Իսկ եթե եվրալիդերները հրաժարվում են Թրամփի պահանջները կատարել, ապա արդեն նա կարող է Բրյուսելին բացահայտ մեղադրել` փորձում են ԱՄՆ-ին առաջ գցել, իսկ իրենք նրա թիկունքում նստած, փող են աշխատում, Ռուսաստանի դեմ պայքարի իմիտացիա են դրսեւորում եւ այդպես շարունակ:
Թրամփի նման հարվածը, իհարկե, եվրագլոբալիստների համար գործնականում անելանելի վիճակ է ստեղծում: Այն է, սրանով Թրամփը հնարավորություն է ստանում Մոսկվայի հետ հարաբերություններ կառուցել ոչ թե գլոբալիստական ճնշումների կամ պարտադրանքների, այլ՝ սեփական նախասիրություններից ելնելով: Այդ թվում, ուկրաինական խաղատախտակին, որտեղ, ակնհայտորեն, ամենամոտ ժամանակներս բուռն զարգացումներ են սկսվելու: Եվ որ ամենավտանգավորն է Եվրոպայի համար, ներկա գործընթացները պարզապես կասկածի տակ են դնում եվրոպական ինտեգրման ներկայիս ձեւաչափի կենսունակությունը։ Նախ, ի ցույց դնելով այն խորքային հակասությունները, որ կան Եվրամիության ներսում: Ապա նաեւ հավելյալ խթաններ տալով միության հակառակորդներին, որոնք, ակնհայտորեն, սկսել են հանրային վարկանիշների առումով առաջնային դիրքեր դուրս գալ:
Ինչպե՞ս կպատասխանի ներկա Եվրոպան կամ կպատասխանի՞, դեռ կտեսնենք: Սակայն առանց դրա էլ, ներկա զարգացումներում Եվրոպան շարունակում է արագորեն կորցնել իր աշխարհաքաղաքական դիրքերն ու խաղաքարտերը, այդ թվում նաեւ` մեր տարածաշրջանում: Իսկ երբ փոխվում է խաղացողների կազմը, պետք է որ փոխվի նաեւ խաղի բնույթը:
