Կառավարության որոշմամբ՝ Արարատի պատկերը չի լինի ՀՀ մուտքի, ելքի սահմանահատման կնիքի վրա
ՆերքաղաքականՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, տեղեկանում ենք կառավարության` սեպտեմբերի 11-ի որոշումից։ Լուսանկարը՝ կառավարության որոշումից։ Կառավարությունն այս որոշումը կայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին։ Որոշումից մեկ օր հետո՝ սեպտեմբերի 12-ին, Հայաստան էր այցելել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
Նա և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն իրենց 6-րդ հանդիպմանը պայմանավորվել էին ուսումնասիրել Գյումրի-Կարս երկաթուղու, էլեկտրահաղորդիչ գծի գործարկումը, կյանքի կոչել նախկինում ձեռք բերված համաձայնությունները։ Երկու երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել 2022-ից սկսած։ 2022-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։
Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել էին նաև 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո Արարատ լեռն անցել է Թուրքիայի տիրապետության տակ և Թուրքիայի պաշտոնական մասն է համարվում 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։
