Ջենիֆեր Լոպեսի համերգն ինչ ազդեցություն ունեցավ պետբյուջեի վրա
Շոու բիզնեսԱմերիկացի մեգաաստղ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻ երեւանյան մեծ աղմուկ բարձրացրած համերգը մատուցվեց հանրությանն, իբրեւ դեպի մեր երկիր մեծ ֆինանսական հոսքերի միջոց, մինչդեռ պետբյուջեից էր համերգին հատկացվել 6 միլիարդ դոլար: Ի վերջո, շահե՞ց, թե՞ կորցրեց Հայաստանի Հանրապետությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի արդյունքում, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել:
ՖԻՆՆԱԽՈՒՄ ԱՌԿԱ ՉԵՆ ՋԵՅԼՈՅԻ ՀԱՄԵՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ
Թե որքանով արդարացվեց պետբյուջեից արված ներդրումը, «Իրավունք»-ը նախ հետաքրքրվել է ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նախարարության գլխավոր քարտուղար ԱՐԱԻԿ ԵՍԱՅԱՆԸ մեր հարցմանն ի պատասխան՝ անդրադառնալով համերգի բյուջետային մուտքերին՝ նշել է. «Հիշատակված մշակութային իրադարձության եւ նման այլ իրադարձությունների հնարավոր ազդեցությունները մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաեւ բյուջետային մուտքերի վրա կարող են արտացոլվել միայն որոշակի ժամանակային լագով (առվազն 1-2 ամիս), պայմանավորված տվյալների հավաքագրման, մշակման եւ հրապարակման ընթացակարգերով։
Բացի այդ, անգամ ժամանակային լագի պայմաններում մակրոտնտեսական մակարդակում հնարավոր չի լինի հստակ գնահատական տալ մեկ իրադարձության ազդեցությունների վերաբերյալ, քանի որ մակրոտնտեսական ցուցանիշներն ագրեգացնում են միկրո մակարդակի մեծ թվով իրադարձություններ եւ տարբեր զարգացումներ, որտեղ կարող են, օրինակ, դրական եւ բացասական ազդեցություն ունեցող գործոններ միմյանց չեզոքացնել։
Հետեւաբար, առանձին մշակութային կամ այլ իրադարձությունների ազդեցության գնահատումը դուրս է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող մակրոտնտեսական վերլուծական աշխատանքի շրջանակներից, ուստի եւ առկա չեն նշված իրադարձության տնտեսական կամ բյուջետային ազդեցության գնահատումներ։
Նշենք, որ նման գնահատման տեխնիկական հնարավորություն առկա է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, որտեղ հավաքագրվում եւ վերլուծվում են առավել բարձր հաճախականությամբ (այդ թվում՝ օրական կտրվածքով) տվյալներ։ Ուստի՝ նշված մշակութային միջոցառման ազդեցության մոտարկված գնահատականների համար առաջարկում ենք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե»։
ՊԵԿ-ԻՑ ՊՆԴՈՒՄ ԵՆ՝ «ՀԱՐԿԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ Եւ ՎԵՐԱԳՐԵԼ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՀԱՄԵՐԳԻՆ»
Իսկ ահա ՀՀ պետական եկամուտների կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան ՊԵԿ գլխավոր քարտուղար ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ այսպես է արձագանքել. «Հայտնում եմ, որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի կարգավորումների, հարկ վճարողները հաշվարկները ներկայացնում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ տարբեր ժամանակահատվածներում, ինչպես նաեւ պայմանավորված հարկման համակարգով շրջանառության հարկ վճարողները ձեռնարկատիրական գործունեության արդյունքում իրացման շրջանառությունները եւ վճարման ենթակա հարկերը հայտարարագրում են եռամսյակային կտրվածքով, միկրոձեռնարկատիրության սուբյեկտները՝ տարեկան, ԱԱՀ վճարողները՝ ամսական եւ այլն: Հարկ է նշել, որ նմանատիպ իրադարձությունների հետեւանքով տնտեսական ցուցանիշների վերլուծությունները կարող են իրականացվել ավելի երկարաժամկետ հատվածում, քանզի հիշատակված մշակութային իրադարձության եւ նման այլ իրադարձությունների հնարավոր ազդեցությունները մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաեւ բյուջետային մուտքերի վրա կարող են արտացոլվել միայն որոշակի ժամանակ հետո , ինչպես նաեւ նույնիսկ հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո՝ ներկայացված հաշվարկների արդյունքում հայտարարագրված հարկերը եւ կամ դրանց աճը հնարավոր չի լինի հստակ գնահատել մեկ իրադարձության ազդեցությամբ: Միաժամանակ՝ ծառայությունների իրականացման աշխատանքների կատարման ապրանքների մատակարարման կամ դրանց ստացման դեպքում դուրս գրվող հարկային հաշիվներում եւ հաշիվ վավերագրերում չի նախատեսվում անվանման, ըստ տեսակի լրացման, պարտադիր պահանջ, եւ հաշվարկային փաստաթղթերում ծառայության մատուցման աշխատանքների կատարման ապրանքների մատակարարման անվանումները լրացվում են հարկ վճարողների կողմից կամայական ձեւով, ուստի՝ կատարված գործարքները եւ դրանից առաջացած հարկերը հնարավոր չէ նույնականացնել եւ վերագրել վերը նշված համերգին»:
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ի դեպ, վերոգրյալի համատեքստում ՊԵԿ-ից նաեւ մեզ են տրամադրել հարկային մարմնի տվյալների բազայում առկա հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գործարքների վերլուծության մակրոցուցանիշները (բանկային գործարքների վերաբերյալ տեղեկատվության հարկային մարմինը չի տիրապետում):
Տվյալներում ներառվել են 2025 թվականի օգոստոսի 3-ի՝ կիրակի օրվա, նախորդ կիրակի օրվա, 2025 թվականի հուլիսի 27-ի եւ նախորդ տարվա օգոստոսի 4-ի առաջին կիրակի օրվա ՀԴՄ գործարքների ցուցանիշները, որոնք վերլուծության առումով առավել համադրելի են եւ կարող են պայմանավորված լինել նշված իրադարձությամբ:
Ընդհանուր առմամբ ՊԵԿ-ի ներկայացրած թվերը ցույց են տալիս, որ համերգի կազմակերպման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել մոտ 2.16 միլիարդ դրամ հարկային եկամուտ։ Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ երեւում է, որ կազմակերպություններից մուտքերը աճել են մոտ 24 տոկոսով, ինչը հենց հնարավոր է կապված է Ջենիֆեր Լոպեսի համերգի եւ դրա շուրջ կազմակերպված միջոցառումների հետ։
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա ՊԵԿ-ից հայտնում եմ, որ ՀՀ Սահմանադրոության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնական անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ պահանջվող տվյալները ՀՀ ՊԵԿ լիազորությունների շրջանակներից դուրս են:
Հատկանշական է, որ ի տարբերություն ՀՀ ֆինանսների նախարարության եւ Պետեկամուտների կոմիտեի զուսպ պատասխանների՝ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դեռ օգոստոսի 4-ին հնչեղ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ներկայացնելով որոշակի թվեր:
«Ըստ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների, Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ։ 2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետեւաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13.3 մլն դոլար գումար։ Ընդ որում, սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ, երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։ Կարծում եմ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում», - ընդգծել էր նա:
Գեւորգ Պապոյանը, միեւնույն ժամանակ, համաձայն է, որ շատ դժվար է հստակ հաշվել իրական ծախսերի չափը, այդ թվում՝ 888 դոլար ծախսը շատ մոտավոր է։ Օրինակ, 180 հազար դրամանոց (մոտ 470 դոլար) տոմս գնած ու Հայաստանում 5-6 օր անցկացնող զբոսաշրջիկը, ամենայն հավանականությամբ, շատ ավելին կծախսի, քան 888 դոլարը, իսկ Վրաստանից 2 օրով եկած ու 60 հազար դրամանոց (մոտ 155 դոլար) տոմս գնած զբոսաշրջիկը թերեւս կծախսի 888 դոլարից ավելի քիչ։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի շուրջ բարձրացված աղմուկը բացահայտեց պետական միջոցների ծախսման նկատմամբ հանրային վերահսկողության եւ թափանցիկության կարեւորությունը։ Չնայած էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ համեմատաբար դրական կանխատեսումներով՝ շեշտելով զբոսաշրջային հոսքերի եւ ծախսերի հնարավոր աճը: Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը չկարողացան ներկայացնել կոնկրետ տնտեսական եւ բյուջետային ազդեցության գնահատականներ։ Սա վկայում է ոչ միայն համապատասխան վերլուծական մեխանիզմների բացակայության կամ անարդյունավետության, այլեւ նման մասշտաբային միջոցառումների արդարացվածությունը որոշելու խնդրի մասին։
Պաշտոնապես արձանագրված շուրջ 2.16 միլիարդ դրամ հարկային մուտքը համերգի օրը, եթե նույնիսկ ուղղակիորեն կապված է միջոցառման հետ, համեմատած պետական ծախսված 6 միլիոն դոլարի հետ՝ դեռեւս ամբողջական ֆինանսատնտեսական պատկերը չի տալիս։ Մյուս կողմից, երկրի միջազգային հեղինակության բարձրացման հնարավորությունը, զբոսաշրջիկների ներհոսքն ու զբոսաշրջային ծառայությունների ոլորտում ակտիվացումը կարող են համարվել անուղղակի օգուտներ, որոնք դժվար է չափել կոնկրետ թվերով։
Այնուամենայնիվ, փաստ է՝ նման միջոցառումներն ապագայում պետք է ուղեկցվեն ավելի հստակ չափորոշիչներով, արդյունքների հաշվետվողականությամբ եւ նախապես մշակված տնտեսական վերլուծություններով, որպեսզի հանրությունը վստահ լինի՝ պետական բյուջեից կատարվող ներդրումները ոչ միայն գունավոր շոուներ են ապահովում, այլեւ վերադառնում են տնտեսություն՝ բազմապատիկ օգուտներով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
