Դոհային հասցված իսրայելյան հարվածը առաջնային Թուրքիային էր ուղղված
ՄիջազգայինԱմերիկյան գործիչ Չարլի Քըրքի սպանության հետ կապված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=322613&l=am) եւս մեկ վարկած է շրջանառվում, որը օրակարգ բերեցին իրանցի փորձագետները: Հիմք է դարձել վերջին ժամանակներս Քըրքի կողմից հնչեցված որոշ մտքեր, որոնք, ըստ վարկածի, նա կրկնել է նաեւ սպանությունից առաջ: Այն է՝ «Իրանը սովորական երկիր չէ։ Այն Իրաք կամ Լիբիա չէ, որոնք կարելի է հողին հավասարեցնել մի քանի ռմբակոծությամբ։ Որ Իրանն ունի բանակ, որը տարիներ շարունակ պատրաստվում է պատերազմի Միացյալ Նահանգների հետ՝ անօդաչու թռչող սարքերով, նավակներով, ասիմետրիկ պատերազմի փորձով…»։ Ըստ այդմ էլ՝ որ. «ԱՄՆ տնտեսությունը չի կարող դիմանալ եւս մեկ պատերազմի՝ Իրանի հետ. դոլարը փլուզվում է, զինանոցները սպառվում են Ուկրաինայում»:
Ըստ այդմ էլ` իրանական փորձագետները, որոնք առաջնորդվում են գոնե իրենց համար այն միանշանակ թեզով, թե Թրամփն ամեն կերպ մտածում է Իրանի դեմ նոր պատերազմի մասին, կարող էր անգամ իր ամենահավատարիմ գործչի նման մտքերից նեղանալ, ու մնացածն ըստ ենթադրության:
Կա այս վարկածի մի փոքր այլ տարբերակը, թե՝ նման մտքերով Քըրքը կարող է ազդել Թրամփի վրա եւ դրանով ձախողել Իրանի վրա հարձակվելու Նեթանյահուի ծրագրերը: Այսինքն, որ այս սպանության հետեւում կարող են նաեւ իսրայելյան հատուկ ծառայությունները գտնվեն: Այսինքն, որ դա նաեւ Թրամփին ուղղված սպառնալիք է. «Կա´մ մեզ հետ ես, կա´մ էլ Քըրքի պես կվերջանաս»։
Միգուցե այդպես է: Բայց ամբողջ խնդիրն այսօր այն է, թե Իսրայելն իրականում ցանկանո՞ւմ է մոտ ժամանակներս Իրանի հետ նոր պատերազմ սկսել: Մի կողմից, 12-օրյա պատերազմի փորձն է, որը մի առանձնակի օգուտ չբերելով, լուրջ վնասներ հասցրեց Իսրայելին: Գումարած, ԱՄՆ-ն իրոք ունի ռազմապաշարի խնդիր, փոխարենը Իրանն արագորեն ամրացնում է դիրքերը՝ Մոսկվայի եւ Պեկինի օգնությամբ: Իսրայելն այս իրավիճակում ունի՞ հաղթական պատերազմի երաշխիք. միգուցե, բայց տեսանելի չէ:
Բայց մյուս կողմից, հարվածները, որոնք Իսրայելը նախօրեին հասցրեց Քաթարին՝ Դոհային, շատ հետաքրքիր մեսիջներ են պարունակում: Հիշեցնենք՝ հարվածն ուղղված էր Քաթարում գտնվող ՀԱՄԱՍ-ի մի շարք լիդերների, եւ ոչ միայն: Թե կոնկրետ ովքեր են սպանվել, քանի մարդ, Քաթարից այդպես էլ հստակեցում չեղավ: Կան միայն լուրեր, որ սպանվել են մի շարք բարձրաստիճան ղեկավարներ, ամենակարեւորը՝ Խալեդ Մաշալը, որի անձին դեռ կհասնենք:
Իրականում, մի փոքր այնպես չէ, թե Թրամփը ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին հրապուրելով, բերել էր Քաթար, եւ Իսրայելը հարվածեց: Առանց Թրամփի էլ ՀԱՄԱՍ-ի հիմնական կենտրոնակայաններից մեկն առանց այդ էլ՝ Դոհայում էր, մեկն էլ՝ Թուրքիայում: Մինչ սիրիական հեղաշրջումը` ՀԱՄԱՍ-ը հիմնականում կենտրոնացած էր Դամասկոսում: Հեղաշրջումից հետո «տարօրինակության» աստիճան արագ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը սկսեց համագործակցել սիրիական նոր իշխանությունների հետ, բայց թույլ պաշտպանվածությունից ելնելով, կենտրոնակայանը տեղափոխեց Թուրքիա եւ Քաթար, ինչն արդեն շատ բանի մասին է ակնարկում: Այն է՝ ամենասերտ կապերի մասին այդ երկու երկրների հետ (նաեւ, որպես «մուսուլման եղբայրների» մասնիկ), ինչպես որ քաթարական փողերով եւ թուրքական աջակցությամբ գործում է սիրիական այս կառավարությունը:
Խալեդ Մաշալն այս կազմակերպության առանցքային, անգամ՝ լեգենդար դեմքերից է: Հիմնական ֆունկցիան Թուրքիա-Քաթար-Սիրիա եւ այլ «հոգեհարազատ» երկրների հետ պակերի ապահովումն է, եւ «չար լեզուները» պատմում են, որ սիրիական հեղաշրջման փուլում ակտիվորեն գործակցել է նաեւ իսրայելյան հատուկ ծառայությունների հետ՝ այդ «օպերացիաների» շրջանակներում:
Մյուս կողմից, իհարկե, Թուրքիայի եւ Քաթարի ամենասերտ համագործակցության փաստը Մերձավոր Արեւելքում նոր բան չէ. Թուրքիան՝ որպես ուժային բաղադրիչ, Քաթարը՝ ֆինանսական (գործնականում բոլոր թուրքամետ համարվող խմբավորումների տակ հենց քաթարյան փողերն են): Կրկնենք, այս գործակցությունը կար նաեւ Սիրիայում, այդ թվում՝ Իսրայելի որոշակի մասնակցությամբ: Եվ ահա հիմա Իսրայելը հարվածում է Քաթարին՝ ոչնչացնելով կոնկրետ այն անձին, ով իրականացնում էր այդ կապերը: Եվ երբ այս ֆոնին մասնավորապես իրանական աղբյուրները հռետորական հարց են տալիս, թե՝ «հաջորդ թիրախը Թուրքիան չի՞ լինելու», դրանում շատ մեծ տրամաբանություն կա:
Համենայնդեպս, այդ հարվածով Իսրայելը մեկ շատ լուրջ մեսիջ հղում է՝ այն գործակցությունը, որը կար Սիրիայում, հիմա արդեն չկա: Ու այդ մեսիջն առաջին հերթին ուղղված է Թուրքիային:
Գումարած դրան՝ որպեսզի իսրայելյան հրթիռները հասնեին Դոհա, նախ պետք է հաղթահարեին մոտ 2000կմ՝ անցնելով ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգերով պատված տարածքներով: Ու երբ Թրամփը «ցավ է հայտնում» այդ հարվածների համար, նաեւ բացատրեր, թե ինչպես են իսրայելյան հրթիռները հանգիստ անցել ամերիկյան պաշտպանությունը եւ հասել Քաթար, որն ԱՄՆ-ին հսկայական ներդրումներ է խոստացել, հետաքրքիր կլիներ:
Այսպիսով այն, որ Իսրայելն արագացված տեմպերով շարունակում է Սիրիայի հարավում՝ մինչեւ քրդաբնակ հատված հասնող «Դավթի միջանցքի» կառուցումը, Դոհային հասցված այս հարվածները նույնքան պարզ ի ցույց դրեցին, որքան Իսրայելի հովանավորությամբ արդեն փաստացի ինքնուրույնություն հաստատած դրուզները:
Սրա հետ մեկտեղ, Գազայում ընթացող նոր հարձակումը եւ Թրամփի տարաբնույթ մեխանիզմները՝ ուղղված նաեւ այդ տարածքների հաշվին «Մեծ Իսրայել» ստեղծելուն, իր հերթին է ակնարկում, որ այս պահին Իսրայելի թիվ 1 նպատակն ամենեւին էլ Իրանի հետ պատերազմելը չէ: Առավել եւս, որ Իրանում չես կարող նույնքան անպատիժ հարվածներ հասցնել, որքան մնացած հատվածներում:
Այս ամենը, իհարկե, ամենամոտ ժամանակներս հիմքից փոխելու է Մերձավոր Արեւելքի ողջ քաղաքական լանդշաֆտը: Ըստ այդմ, կա նաեւ այն հարցը, թե այս ուղղությամբ ի՞նչ պայմանավորվածություններ կան ռուսների հետ, որոնք հազիվ թե ցանկանան ինչ-որ մեկին թողնել Իրանի միջոցով Հնդկաստան դուրս գալու դարերի երազանքը, որը ներկայումս շատ մոտ է: Ու եթե կան գոնե նախնական պայմանավորվածություններ, Թրամփն ինքն է մաքսիմում փորձում հեռու մնալ Իրանի ուղղությամբ սրացումներից, նորից սկսել են ՄԱԳԱՏԷ-ի միջոցով ինչ-որ լուծումներ տալ իրավիճակին, Իսրայելի ինչի՞ն է պետք ԱՄՆ-ում ինչ-որ սպանություններ իրականացնել՝ Թրամփի հետ թշնամանալու ռիսկին գնալով:
Տես նաեւ https://t.me/iravunk/57679
