Միջանցքի շուրջ զարգացումները մեծապես կախված են գլոբալ եւ տարածաշրջանային ասպեկտներից. Բեգիջանյան
ՆերքաղաքականԶանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի շուրջ տարբեր քննարկումները դեռեւս շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում մնալ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆԻ հետ։
— Կարո՞ղ եք մեկնաբանել, թե այս պահին ի՞նչ է կատարվում Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի շուրջ:
— Սա արդիական եւ բազմաշերտ խնդիր է։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ միջանցքի շուրջ ընթացող քննարկումները չեն վերաբերում միայն տարածաշրջանային կապերին, այլ ընդգրկում են նաեւ լայն միջազգային, ռազմավարական եւ տնտեսական շահեր։ Զանգեզուրի միջանցքն ունի հատկապես ռազմավարական նշանակություն, քանի որ այն միացնում է Նախիջեւանի հետ Հայաստանի մնացած տարածքը եւ, միեւնույն ժամանակ, ապահովում է կապ Իրանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջանցքով դեպի Եվրոպա։
Այս պահին միջանցքը գտնվում է քաղաքական լարվածության գոտում: Իշխանություններն առկա քայլերով փորձում են ապահովել այն, սակայն ճնշումները, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բավականին մեծ են:
— Տիկին Բեգիջանյան, իսկ ի՞նչ ազդեցություն ունի միջանցքի այս վիճակն Իրանի համար։
— Իրանի համար սա կենսական նշանակություն ունի, քանի որ միջանցքը ներկայացնում է հիմնական ճանապարհը դեպի Եվրոպա: Եթե Զանգեզուրի միջանցքը փակվի, կամ վերահսկողությունը դառնա ոչ վստահելի, ապա Իրանը փաստացի զրկվում է իր գլխավոր, վստահելի երթուղուց դեպի Եվրոպա: Միջանցքը պետք է մնա անվտանգ եւ անցանելի, ինչը թույլ կտա Իրանի տնտեսությանը շարունակել իր արտաքին տնտեսական կապերը` առանց տարանցիկ խնդիրների:
Հետաքրքիր է նշել, որ սա նաեւ ռազմավարական նշանակություն ունի։ Իրանը չի ցանկանում, որ միջանցքի վերահսկողությունն անցնի որեւէ երրորդ պետության, քանի որ դա կարող է ազդել տարածաշրջանային հավասարակշռության վրա եւ թույլ տալ որոշ երկրներին ավելացնել իրենց ազդեցությունը՝ Իրանի հաշվին:
— Հաճախ է նշվում, որ Ադրբեջանը որոշակի աշխարհագրական անվանումներ օգտագործում է տարածաշրջանի վրա հավակնություններ արտահայտելու համար: Կարո՞ղ եք սա բացատրել։
— Այո, սա շատ կարեւոր փաստ է: Ադրբեջանն իր ներկայիս անվանումներից մեկի հիմքում դրել է Իրանի պատմական Ատրպատականի անունը: Դա ոչ միայն անվանման հարց չէ, այլ նաեւ պատմական եւ քաղաքական ազդակ է. նա այս կերպ ազդարարում է, որ այդ տարածքը կարող է ժամանակի ընթացքում դառնալ իր վերահսկողության ենթակա: Այս առումով, եթե միջանցքը փակվի Իրանի համար, տարածքային հավակնությունները կարող են ավելի ինտենսիվ դառնալ: Սա միանգամայն համապատասխանում է այն աշխարհաքաղաքական շահերին, որոնց ձգտում է Իսրայելը, որն ուզում է տեսնել Իրանը մասնատված եւ ավելի թույլ, որպեսզի հեշտ լինի ազդել նրա ներքին ու արտաքին քաղաքականության վրա:
— Ինչպիսի՞ դերակատարություն ունի այստեղ ԱՄՆ-ը, եւ ինչպե՞ս է դա ազդում տարածաշրջանային գործընթացների վրա։
— Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցում շատ ավելի համապարփակ է, քան առաջին հայացքից թվում է: ԱՄՆ-ը հայտարարում է, որ կողմ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ տարածաշրջանային կայունությանը: Սակայն իրական քաղաքական հարաբերությունները, հատկապես ԱՄՆ-ի նախագահ Թրամփի օրոք, կարող են որոշակի փոփոխություններ ենթադրել:
Թրամփը ունի բավականին սերտ հարաբերություններ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ, եւ այդ հարաբերությունները կարող են ազդել որոշ առաջարկությունների վրա: Մասնավորապես, հնարավոր է, որ որոշ նախագծեր, որոնք կարող են վերաբերել միջանցքին կամ դրա վերահսկողությանը, նախանշված լինեն հենց Նեթանյահուի շահերից ելնելով: Եթե նման առաջարկություններ իրականացվեն՝ հատկապես, եթե միջանցքի վերահսկողությունը փոխանցվի ամերիկյան ընկերությունների կամ միջնորդների ձեռքը՝ դա կարող է հանգեցնել անհասկանալի զարգացումների, որոնք կխաթարեն տարածաշրջանային հավասարակշռությունը:
— Ադրբեջանի դիրքորոշումը նույնպես հետաքրքիր է: Նա ո՞ր սկզբունքով է մոտենում միջանցքի հարցին։
— Ալիեւն արդեն հստակ կերպով հայտարարել է, որ «հայ չենք տեսնելու»: Այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի համար միջանցքը տեսվում է որպես իրենց սեփական տարածք՝ անկախ միջազգային իրավունքից կամ մյուս երկրների դիրքորոշումից: Սա ստեղծում է լարվածություն, որը պետք է դիտարկվի ռազմավարական նկատառմամբ:
— Իսկ Իրանի պաշտոնական դիրքորոշումը միջանցքի վերաբերյալ ի՞նչ է։
— Իրանի համար շատ կարեւոր է, որպեսզի միջանցքը մնա Հայաստանի վերահսկողության ներքո: Իրանը համաձայն է միայն այն դեպքում, եթե միջանցքը լիովին մնա Հայաստանի հսկողության տակ՝ թե՛ մարդկային, թե՛ անձնագրային առումով: Սա նշանակում է, որ միջանցքը պետք է դիտվի որպես Հայաստանի տարածք, որտեղ Իրանը երաշխիք ունի անվտանգ, հավասարակշռված եւ վերահսկելի երթեւեկության:
Եթե Հայաստանը համաձայնի որեւէ այլ տարբերակի, օրինակ՝ միջանցքը փոխանցվի երրորդ կողմի վերահսկողությանը, Իրանը գործնականում չի կարողանա ազդել այդ գործընթացների վրա: Սակայն, եթե Հայաստանը պահպանի իր դիրքորոշումը, եւ այն համահունչ լինի Իրանի շահերին, ապա հնարավոր է անհրաժեշտության դեպքում ձեռնարկել քայլեր՝ իրավիճակի կայունությունը ապահովելու համար:
— Կարո՞ղ ենք ասել, որ տարածաշրջանային զարգացումները, հատկապես միջանցքի հարցը, որոշվում են ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ շահերի հիման վրա:
— Արդյունքում, այո, միջանցքի շուրջ զարգացումները մեծապես կախված են գլոբալ եւ տարածաշրջանային ասպեկտներից: Սա ոչ միայն ճանապարհի խնդիր չէ, այլ նաեւ ռազմավարական, տնտեսական եւ անվտանգության հարց, որ ընդգրկում է մի քանի պետությունների շահերը, ներառյալ Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ը եւ նույնիսկ ԵՄ որոշ երկրներ: Միջանցքը չի կարող դիտվել միայն որպես լոկալ տարանցիկ հատված՝ այն ունի լայն ռազմավարական նշանակություն:
Այս պահի իրավիճակը ցույց է տալիս, որ միջանցքի կառավարումն ու անվտանգությունը պահանջում են զգոն մոտեցում եւ բանակցությունների մեջ հավասարակշռված դիրքորոշում: Անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի շահերը, ինչպես նաեւ միջնորդների հնարավոր դերակատարությունը՝ պահպանելով տարածաշրջանային կայունությունը:
— Ի՞նչ քայլեր կարող են սպասվել առաջիկայում, եթե իրավիճակը շարունակի լարվել։
— Եթե միջանցքի շուրջ լարվածությունը շարունակի աճել, հնարավոր է՝ ավելի ակտիվ դառնան երկկողմ բանակցությունները, նաեւ միջազգային կազմակերպությունների ներգրավումը: Նշանակալի է, որ կողմերը հասկանան իրենց ռազմավարական շահերը, եւ քայլերը կանխեն հնարավոր հակասությունները: Իրանը պատրաստ է աջակցել միայն այն տարբերակին, որն ապահովում է միջանցքի անվտանգ եւ վերահսկելի երթեւեկությունը, մինչդեռ Ադրբեջանը կարող է փորձել առավել շատ ազդակներ ստանալ՝ տարածքային հավակնություններ առաջ տանելու համար:
Ամեն ինչ կարծես պարզ է. միջանցքը պետք է մնա Հայաստանի վերահսկողության ներքո, որպեսզի պահպանվի տարածաշրջանային անվտանգությունը, Իրանի ռազմավարական շահերը, ինչպես նաեւ կանխվեն տարածաշրջանային հակասությունները եւ ճգնաժամերը:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ