Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Ո՞ՒՐ ԿՀԱՍՑՆԻ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ»․ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ

Միջազգային

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացավ ավելի վաղ լայնորեն գովազդված Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սպիտակ տան տերը հիմնական գործողությունից առաջ կարճ հանդիպումներ ունեցավ իր հյուրերից յուրաքանչյուրի հետ, որոնց Վաշինգտոն գալը առաջ բերեց լայն հասարակական արձագանք։ Հայաստանի ղեկավարի  հետ զրույցի արդյունքների հիման վրա ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։

Վերացվում են Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության նկատմամբ առանց այդ էլ ձևական սահմանափակումները հերթական անգամ 907-րդ բանաձեւի կասեցման տեսքով (դրա վերջնական հանման համար անհրաժեշտ է Կոնգրեսի համաձայնությունը)։ Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները ստորագրությամբ ամրագրեցին ռազմավարական գործընկերության Հրչակագրի նախապատրաստման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր։ «...Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կնախապատրաստվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեքստերը։ Սա պատմական ձեռքբերում է Ադրբեջանի համար... Ինչպես մեծ ձեռքբերում, այնպես էլ մեծ պատասխանատվություն»,- հավաստիացրեց Իլհամ Ալիևը։

Փաստաթղթի համաձայն՝ Բաքուն և Երևանը պայմանավորվեցին թարմացնել  դիվանագիտական հարաբերությունները, ընդմիշտ դադարեցնել ռազմական հակամարտությունը,  պահպանել լիակատար հրադադար, հարգել միմյանց ինքնիշխանությունը, առևտուր սկսել միմյանց հետ։ Արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին ավելի վաղ համաձայնեցված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագրի տեքստը՝ ընդունելով ստորագրման և վերջնական վավերացման համար լրացուցիչ միջոցառումներ շարունակելու անհրաժեշտությունը։

Փաստաթղթի հայերենով, ադրբեջաներենով և անգլերենով տեքստերը միաժամանակ հրապարակվեցին օգոստոսի 11-ին արտաքին քաղաքականության գերատեսչությունների կողմից և առաջ բերեցին հակասական կարծիքներ։ Ինչպես նշում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի  առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը, «սա հաղթողի, այսինքն՝ Ադրբեջանի պարտադրած խաղաղությունն է։ Տեքստի գլխավոր միտքը այն է, որ Հայաստանը երբեք ոչ մի դեպքում չպետք է նույնիսկ մտածի հայկական Ղարաբաղի մասին»։ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա ընդհանուր հղումներին հաջորդում է «հարգել  միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը» պարտավորությունը։ Երկրորդ հոդվածը հաստատում է տարածքային փոխադարձ նկրտումների բացակայությունը և հետագայում դրանց առաջ գալու անհնարին լինելը։ Բաքուն և Երևանը պարտավորվեցին նաեւ այս ամենի դեմ ոչինչ չձեռնարկել՝  ներառյալ  «միմյանց լրիվ կամ մասնակի մասնատմանը, կամ տարածքային ամբողջականության խախտմանը, կամ  քաղաքական միասնության սասանմանը ուղղված գործողությունների ծրագրումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը»։ 

Երրորդ հոդվածում կողմերը պարտավորվում են զերծ մնալ  ուժի  կիրառումից կամ համապատասխան սպառնալիքներից, իսկ չորրորդում՝ չմիջամտել միմյանց ներքին գործերին (դրա հետ մեկտեղ Բաքուն պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ, ինչի մասին դեռ կխոսենք)։ Վեցերորդ և յոթերորդ հոդվածներում խոսվում է սահմանների սահմանազատման և սահմանագծման  վերաբերյալ համաձայնագրի (որտեղ հյուսիսային հատվածից բացի դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու) կնքման համար սահմանային հանձնաժողովների բանակցությունների մասին։ Այնտեղ երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումը արգելված է, ընդ որում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում՝ 2023 թվականից սկսած գործում է ԵԱՀԿ դիտորդական հանձնաժողովը, որի մանդատը վերջերս երկարաձգվեց մինչև  2027 թվականը։

Ութերորդ հոդվածում «կողմերը դատապարտում են և իրենց իրավասությունների սահմաններում պայքարելու են անհանդուրժողականության, ռասսայական ատելության ու խտրականության, անջատողականության, ծայրահեղականության և ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ, ապահովելու  են դրանց նկատմամբ միջազգային պարտավորությունների կատարումը»։ Ելնելով ուժերի հաստատված հարաբերակցությունից՝ կարելի է ենթադրել, որ  այս և մյուս ընդհանրական ձևակերպումները ստորագրող կողմերից ավելի ուժեղի կողմից կմեկնաբանվեն իր շահերին համապատասխան կերպով։ Սա վերաբերում է նաև միջազգային կառույցներից փոխադարձ հայցերի հետկանչին վերաբերող 15-րդ հոդվածին, ընդ որում, Բաքվում չեն բացառում Հայաստանի կառավարության դեմ Ադրբեջանի քաղաքացիների «ոչ պետական» հայցերը։ Խաղաղության համաձայնագրին վերաբերող վիճելի հարցերը քննարկվում են հատուկ երկկողմանի հանձնաժողովի շրջանակում (հոդված 13)։ Եթե Երևանն ու Բաքուն կես տարվա ընթացքում չկարողանան լուծել  

որևէ նմանատիպ հարց, նրանք կգտնեն իրավիճակից դուրս գալու այլ  խաղաղ միջոցներ (հոդված 14), ընդ որում, բոլոր բանակցություններն ընթանում են առանց միջնորդների, ինչը Ադրբեջանի անվերապահ պահանջն է։  Փաստաթղթի նախաստորագրման գաղափարը նույնպես Բաքվից է գալիս՝ ամրապնդելու Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ներքաղաղաքական դիրքերը։ Ի դեպ, մինչև պայմանագրի վերջնական ամրագրումը ստորագրություններով հայկական կողմը պետք է «տնային աշխատանք» կատարի Հիմնական օրենքի վերաշարադրման ուղղությամբ, որի նախաբանում մնում է հղումը 1990 թվականի Անկախության հռչակագրին` Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ ։ Ալիևի խոսքով՝ «ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։ Կարծում եմ, որ չարժե ժամանակ կորցնել»։

Նկատենք, որ ենթադրյալ հանրաքվեի արդյունքները անկանխատեսելի են և , հավանաբար, կստիպեն Հայաստանի իշխանություններին անհանգստանալ՝ նրանց մղելով «շրջանցող» ուղիներ փնտրելու`բացառելով լայն հասարակական-քաղաքական քննարկումները:

Վերադառնալով երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը՝ նշենք Հայաստանի Հանրապետության մտադրությունը՝ «համագործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման (TRIPP)» տրանսպորտային հաղորդակցության նախագծի շրջանակները սահմանելու նպատակով»։

Համաձայն ավելի վաղ արտահոսած տեղեկության՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «Զանգեզուրի միջանցքը», ինչպես այն անվանում են Ադրբեջանում, 99 տարով փոխանցվում է ինչ-որ ընկերության՝ «Թրամփի ուղի» հնչեղ պիտակով։ «Դա կլինի հատուկ տարանցիկ գոտի, որը թույլ կտա Ադրբեջանին ունենալու լիակատար մուտք Նախիջևանի իր տարածք՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը. ամերիկյան բիզնեսը 

չափազանց շահագրգռված է միանալ ենթակառուցվածքների զարգացման համար»,- հայտատարել է Սպիտակ տան տերը՝ համեստորեն ավելացնելով. «Ես չեմ խնդրել, բայց ինձ համար մեծ պատիվ է այն, որ երթուղին կրելու է իմ անունը»։

Նախագիծը նախատեսում է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթատարների, գազատարների (հավանաբար կապույտ վառելիքը Կենտրոնական Ասիայից Եվրոպային և մասամբ Մերձավոր Արևելքին մատակարարելու համար), ինչպես նաև օպտիկամանրաթելային գծերի և, հնարավոր է, էլեկտրահաղորդման գծերի կառուցում։ Կարծես թե աշխատանքները կիրականացնի ամերիկյան ընկերությունը՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, առանց ռազմական բաղադրիչի։ Ի դեպ, սա չի բացառում երթուղու անվտանգության ապահովման գործում անվտանգության մասնավոր կառույցների կամ երրորդ կողմերի աշխատակիցների կամ զինծառայողների մասնակցությունը, այդ թվում՝ Թուրքիայի, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նախագծի նկատմամբ և առանց հապաղելու իր գոհունակությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։

Հիշեցնենք 1990-ականների այսպես կոչված «Գոբլի պլանը», որը ենթադրում էր «Մեղրիի միջանցքի» «փոխանակում» հայկական կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի մի մասի հետ, որն համաշխարհային լրատվամիջոցներում հայտնվեց ամենայն հավանականությամբ թուրքական հատուկ ծառայությունների փոխանցմամբ և բազմիցս քննարկվեց բանակցային գործընթացի ընթացքում (օրինակ՝ Քի Վեսթում 2001 թվականին): Այդ ժամանակվանից ի վեր մի շարք փորձագիտական ​​հրապարակումներում և կուլիսային մեկնաբանություններում հայտնվում է 42-կիլոմետրանոց կամուրջ կառուցելու գաղափարը, որով գնացքներն ու ավտմեքենաները կսլանային Զանգելանի և Օրդուբադի միջեւ՝ առանց խոչընդոտներ ստեղծելու հայ-իրանական սահմանային հաղորդակցության համար։ Ենթադրյալ իրականացման դեպքում (իսկ աշխարհում կան շատ ավելի մեծ երկարության կամուրջների օրինակներ) այս տեսակի «երկաստիճան» սխեման թույլ կտար զուգակցել Բաքվից պահանջվող «ապրանքների անարգել անցումը» և հայկական կողմի մոտեցումները, որը վախենում է կորցնել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը։ Ի դեպ՝ Սյունիքով անցնող հաղորդակցության  գաղափարը սկզբնապես կոչվում էր Երկկողմանի տարածաշրջանային ենթակառուցվածքային պաշտպանական դարպաս և տնտեսական միջանցք (Bilateral regional infrastructure defense gateway and economic corridor՝ BRIDGE), այսինքն՝ «կամուրջ». հետևաբար կարելի է ենթադրել, որ այս հապավման հիմնական թերությունը նրանում օվալաձև սենյակի տիրոջ՝ շողոքորթությանն այդքան հակված անձի հիշատակման բացակայությունն էր:Հին գաղափարի այժմյան վերամարմնավորումը՝ նորահայտ «TRIPP-ը կապաշրջափակի ողջ տարածաշրջանը և կստեղծի բոլորի համար երկարաժամկետ օգուտներ։ Դա կամրապնդի Միացյալ Նահանգների դերը որպես ամբողջ մոլորակի գլխավոր խաղաղարարի։ Սա հաջողություն է մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»,- հավատացնում է ՀՀ կառավարության ղեկավարը՝ նշելով Ամերիկայի նախագահի նշանակալի դերը ընթացող պայմանավորվածությունների ձեռքբերումների մեջ։ Թրամփին գովերգելու գործում չզլացավ նաև Ալիևը. «Մենք կպայմանավորվենք Նիկոլ Փաշինյանի հետ և համատեղ կառաջարկենք խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել նախագահ Թրամփին»,- խոստացավ նա՝ հաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը, և դա արտացոլվեց նաև համատեղ հայտարարության մեջ։Կարելի է ենթադրել, որ ռուսական խաղաղապահ զորքերի հեռանալուց հետո վաղ թե ուշ խոսք կլինի ոչ միայն սահմանապահների, այլև Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին, ինչպես ուղիղ կերպով նշում են Բաքվի տեղեկացված փորձագետները։Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ի տարբերություն դաշնային հեռուստաալիքների թոքշոուների որոշ ոչ լիովին համարժեք բնակիչների հիստերիկ արձագանքի՝ պաշտոնական դիրքորոշումը շատ ավելի զուսպ է հնչում. «Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման գոտու ձևավորմամբ»,- մասնավորապես ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։ «Ամենակարևոր պայմաններից մեկը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա։ Մենք հետևողականորեն աջակցում ենք բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության համար այս կարևոր նպատակին հասնելուն։ Այս առումով Հարավային Կովկասի հանրապետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում, որը կազմակերպվել էր ամերիկյան կողմի միջնորդությամբ, արժանի է դրական գնահատականի։Մենք հույս ունենք, որ այս քայլը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Ընդ որում, մինչև վերջերս Բաքուն և Երևանը պնդում էին, որ նախընտրում են երկխոսություն վարել անմիջականորեն՝ առանց արտաքին օգնության… Հարավային Կովկասի խնդիրների լուծման լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումներ փնտրելն ու դրանց հետագա իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ։ Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը և չստեղծի լրացուցիչ դժվարություններ ու բաժանարար գծեր»։Հատուկ ուշադրության է արժանի այն թեզը, որ խաղաղության մասին համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների հաշտվելը «պետք է ներդրվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության և կողմերի ու հարևան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա»։ Կարծես թե ընդհանուր առմամբ հենց սա է տեղի ունենում, եթե չանտեսենք այն, որ նույն այդ «հավասարակշռությունները» լրջորեն փոխվում են և հատկապես՝ վերջին երեքուկես տարիների ընթացքում։Մոսկվայում բազմիցս շահագրգռվածություն են արտահայտել Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նկատմամբ, ինչը գրանցվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ զարմանալի չէ, որ Ուկրաինայում ձգձգվող հատուկ ռազմական գործողության ֆոնին առաջնության դափնին (և ոչ միայն Կովկասում) փորձում է խլել Բաքվի և Անկարայի հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատող Թրամփի վարչակազմը, որը պատրաստ է գործել ստեղծագործաբար և անտեսելով պայմանականությունները: Հնարավոր է՝ նրանց ջանքերը լիովին չարդարանան, և քաղաքագիտական ​​շրջանառության մեջ ներխուժած “TRIPP” էկզոտիկ հապավումը կմնա ընդամենը որպես զվարճալի անեկդոտ։ Միաժամանակ չի կարելի ժխտել, որ Կովկասի հարավային մասում ստեղծված նոր իրողությունները պահանջում են առնվազն լուրջ մտորումներ և նոր մոտեցումներ` ուղղված կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար ներկայության հետագա փլուզման գործընթացները կասեցնելուն։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ, մոռանալ Գյումրիում ռուսական ռազմաբազայի և Հայաստանում ռուսական ընկերությունների բիզնեսի մասին։ 

Նկարի տակ՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը չզլացան գովերգել Թրամփին. «Մենք միասին կառաջարկենք խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել նախագահ Թրամփին»։

ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎ․ Մոսկվա 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված