Ռուսաստանում Ադրբեջանը կամաց-կամաց «օծվում» է թշնամու կերպարով
ՎերլուծությունՀայ-ադրբեջանական հարթակում տիրող ներկա իրադարձությունների ֆոնին (Տես նաեւ https://iravunk.com/?p=322446&l=am) մեկ բան է մնում հաստատ՝ շարունակում են հետեւողականորեն վատթարանալ ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Մի պահ շրջադարձի շանս եղավ, կողմերն անգամ միջկառավարական հանդիպում անցկացրին: Բայց այն պատկերը, որն արձանագրվեց Պեկինում՝ Պուտինի եւ Ալիեւի պատահական հանդիպմանը, եկավ հուշելու, որ ոչ մի լուծում էլ, գոնե այս պահին, տեսանելի չէ:
Իրողությունն այն է, որ հրապարակային դաշտում Ալիեւը հասավ այնպիսի ծանր տոնայնության, ասենք՝ ռուսական օկուպացիա եւ այլն, որը դա Մոսկվան հազիվ թե «կուլ տա»: Եվ դա կարելի է հասկանալ. Պարսկաստանից գրավել է այդ տարածքները, երկկողմ պայմանագրով դա ներառվել է Ռուսաստանի կազմ, հետո թույլ է տվել, որ Ադրբեջան ստեղծվի, ու հիմա Ալիեւը դա գնահատում է օկուպացիա: Սա ընդամենը մեղադրանք չէ, սա պատմությունը նենգափոխելու փորձ է, եւ Ռուսաստանը նման փորձերին արձագանքում է ծայրահեղ նյարդայնորեն:
Ամեն դեպքում, այն զարգացումները, որ Ադրբեջանի հանդեպ շարունակվում են Ռուսաստանում, գալիս է հուշելու, որ այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու: Վերջին օրինակները. ինչ-որ ադրբեջանցու բռնեցին Ղրիմում՝ մեղադրելով ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ: Շատ մեծ աղմուկ բարձրացավ Իվանովոյի մարզում, որտեղ ազերիների ղեկավար Մամեդով Ասիֆ Աբիլֆատ Օղլին փորձում էր պատգամավոր դառնալ «Եդինայա Ռոսսիա» կուսակցության ցուցակով: Առաջացած աղմուկից հետո նա ոչ միայն ստիպված էր հրաժարական տալ, այլ նաեւ հիմա արդեն աղմուկն ուղղվել է այն ուղղությամբ, թե ովքեր են սույն ազերիի հովանավորները, որոնք նրան հանգիստ ներառում են իշխող ուժի ընտրացուցակ: «Բոլորն են հասկանում, որ առանց կուսակցական տեղի ղեկավարության «դաբրոյի», նա ցուցակներում չէր հայտնվի: Եվ այն բանից հետո, երբ բացահայտվեց Մամեդովի առաջադրման փաստը, նաեւ այն հարցն ի հայտ եկավ, թե կոնկրետ այդ ո՞ր մի չինովնիկն է այդպես հովանավորում ադրբեջանական դիասպորի ղեկավարին, երբ այլ նման ղեկավարներ բանտում են հայտնվում կամ արտաքսվում Ռուսաստանից: Ամենակարեւորը, հանուն ինչի՞ է նման հովանավորությունը…»,- գրում է ռուսական ռեսուրսը:
Իսկ ահա իշխանական համակարգին մոտ կանգնած փորձագիտական ռեսուրսը միայն նշված երկու օրինակներից ելնելով, նման կետի է հարվածում. «Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հակամարտության համատեքստում իշխանության հետ ամուր արտաքին կապեր ունեցող սփյուռքի ներկայացուցիչների աճը սրում է քաղաքական զտման մեխանիզմների համակարգային խոցելիության հարցը: Իվանովոյի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար եւ ազդեցիկ առեւտրային խմբի ներկայացուցիչ Ասիֆ Մամեդովի թեկնածությունը ներառված է քաղաքային դումայի ընտրությունների համար «Եդինայա Ռոսսիայի» ցուցակի անցողիկ մասում: Մամեդովը, որը ցուցակում փոխարինում է իր զարմիկ Ռուսլանին՝ գործող պատգամավորին, կլանային կառույցի ներկայացուցիչ է, որը վերահսկում է քաղաքային առեւտրի եւ առեւտրային անշարժ գույքի զգալի ծավալը։ Ներկայիս պայմաններում այս դեպքը դառնում է կրիտիկական: Ռուսաստանի պետական մարմիններում ադրբեջանական քաղաքական լոբբիի աջակցությունը հատկապես կարճատես է դառնում անվտանգության սպառնալիքի նշաններ ունեցող միջադեպերի թվի աճի ֆոնին: Վերջերս Ստավրոպոլում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը նախկինում ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերում եւ ուկրաինացի կուրատորների հանձնարարությամբ նախապատրաստում էր մի շարք ահաբեկչական հարձակումներ Ռուսաստանի Դաշնության տարածքում: Հետաքննության տվյալներով՝ նախատեսված հարձակումների օբյեկտներն էին իրավապահ մարմինների շենքերը: Այս փաստերը, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիներին ապակառուցողական գործողություններում ներգրավելու ընդհանուր միտման հետ մեկտեղ, պահանջում են ավելի մտածված մոտեցում… Համակարգային սխալը կայանում է ոչ թե թեկնածուների էթնիկ ծագման մեջ, այլ քաղաքական պատկանելությունը, արտաքին կապերը եւ հնարավոր ռիսկերը գնահատող համարժեք ֆիլտրերի բացակայության մեջ… Այն պայմաններում, երբ ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են Ռուսաստանի մասին բացասական պատմություններ, իսկ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ակտիվորեն հեռանում է նախկինում հայտարարված ռազմավարական գործընկերությունից՝ թեքվելով դեպի Արեւմուտք, Բաքվին հավատարիմ խմբերի ներկայացուցիչների մասնակցության նկատմամբ իներցիոն մոտեցումը Ռուսաստանի քաղաքական համակարգում պահպանելը դառնում է ոչ միայն անտեղի, այլեւ վտանգավոր։ Ավելին, սփյուռքի շուրջ ձեւավորվող ներքին սոցիալական եւ առեւտրային կոնֆիգուրացիաները հաճախ վերածվում են զուգահեռ իշխանական կառույցների, որոնք ինտեգրված չեն Ռուսաստանի իրավական եւ քաղաքական տարածքում, բայց միեւնույն ժամանակ ունեն ազդեցության զգալի ռեսուրսներ։ Պետությունը չի կարող անտեսել սփյուռքի ցանցերի միջոցով օտարերկրյա պետությունների ազդեցության հետ կապված հնարավոր ռիսկերը…»:
Եվ այսպես շարունակ: Այս ընդհանրական ֆոնը մեկ բան է նշանակում՝ նման ընդհանուր քարոզչությունն Ադրբեջանին ռուսական հանրության համար «օծում» է թշնամու կերպարով: Եթե այս դինամիկան շարունակվի, ապա հեռու չէ օրը, երբ ռուսաստանաբնակ ամեն մի ազերի կընկալվի որպես սովորական «շպիոն», ով Ռուսաստանում է ինչ-որ բան պայթեցնելու, մեկին մորթելու, մի վնաս տալու նպատակով: Կարելի է կռահել, թե դրա ռեակցիան որն է լինելու: Ընդ որում, անգամ պատերազմական իրավիճակում նման քարոզչություն, գնահատում ուկրաինացիների համար չկան. դրանք եղբայրներ են, մեղավորը Ուկրաինայի ղեկավարությունն է, «բանդերական նեոնացիստները» եւ դրսի տերերը: Իսկ ադրբեջանցիների հանդեպ քարոզչությունը գնալով միայն խորանում է:
Իսկ դա կարող է միայն առաջին քայլը լինել: Այն, որ «ռուսական օկուպացիայի» մասին Ալիեւի խոսքերից հետո շատ փորձագետներ սկսեցին մանրամասնել հարավկովկասյան տիրույթի պատմությունը՝ հասնելով ընդհուպ՝ Արցախին եւ հատուկ ընդգծելով, թե ինչպես Ալիեւը դրան տեր դարձավ, նաեւ, որ նման պատմական անարդարությունը պետք է շտկել, իր հերթին է շատ բանի մասին ակնարկում:
Ալիեւը սուր խնդիրներ ունի նաեւ Հնդկաստանի հետ, ինչպես ցույց տվեց ՇՀԿ-ի վետոն: Նույն ՇՀԿ-ի գագաթաժողովում, ինչպես տարածվեց տեսանյութը, չինացիները խուզարկել են ադրբեջանի պատվիրակությանը, անգամ՝ Բայրամովին: Այն է՝ այս ուղղությամբ եւս վիճակը լուրջ է:
Իսկ Ադրբեջանում այս ընթացքում իրոք չափից դուրս են ոգեւորվել, անգամ խորհրդարանական պատգամավորների մակարդակով խոսում են ոչ թե նույնիսկ «Զանգեզուրի միջանցք», այլ՝ «Ալիեւի միջանցք» տերմինն օգտագործելու մասին, թե Թրամփը մեզ կօգնի: Ու լավ է, որ այդպես ոգեւորվել են, ինչքան էլ որ Հայաստանում դեռ Նիկոլ կա, մեկ է, այս ամենը դեռ կտանի հետաքրքիր շրջադարձերի:
