Ահա թե ինչ է լինում, երբ իշխանության են գալիս կլոունները. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԽորհրդարանական դահլիճի պատերը կրկին դպրոցական միջանցք են հիշեցնում: Բայց ոչ թե անհանգիստ աշակերտներով, այլ՝ լկտի բառապաշարով «փայլող» պատգամավորներով։ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ՔՊ խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մայրիկին, որպեսզի նա բացատրի որդուն՝ ինչպես պետք է խոսել կանանց հետ, մանավանդ՝ երբ նա ընտանիք ունի։ Արթուր Հովհաննիսյանը որոշել է հասարակական դիսկուրսում գործածել այնպիսի բառապաշար, որը նույնիսկ բակում արգելված կհամարվեր։ Թովմասյանն էլ հրապարակային գրառմամբ արձագանքել է իր հասցեին Արթուր Հովհաննիսյանի «բացարձակ լկտի ու սեռական ենթատեքստով» հագեցած արտահայտություններին եւ դիմելով վերջինիս մորը՝ ասել. «Տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ եւ բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել»: Թովմասյանը նաեւ նշել է, որ դատարաններում բազմիցս ապացուցվել է, որ Հովհաննիսյանը դատավճռով հաստատված զրպարտիչ է։ Նա վստահեցրել է՝ իր հնչեցրած ամեն ստի համար նա պատասխան է տալու։ Իրենով կզբաղվեն իրավաբանները։ Այո՛, քանի դեռ արթուրհովհաննիսյանները չեն հասկացել, թե որտեղ են գտնվում եւ ինչ պատասխանատվություն ունեն հանրության առաջ՝ գուցե իսկապես ժամանակն է, որ պատգամավորների ծնողների ժողով հրավիրվի:
Ապշել կարելի է, թե ինչքան մարդ կարող է ատել այն ժողովրդին, որի դե յուրե ղեկավարն է։ Ո՛չ, այս անգամ խոսքը ՀՀ իշխանությունների մասին չէ։ Ուկրաինայի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ երբեմնի հումորիստ, այժմ նաեւ գերագույն գլխավոր հրամանատար, կարծես, առանձնահատուկ նախանձախնդրությամբ է աշխատում սեփական բանակի՝ եթե ոչ ոչնչացման, ապա նվազագույնը՝ մաշման եւ ձգվող պարտության ուղղությամբ։ Ինչպես գրում է «Ուկրաինսկայա Պրավդան», Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է. «Ներկայումս հակառակորդն ունի ուժերի եւ միջոցների եռակի գերազանցություն, իսկ իր ուժերի կենտրոնացման հիմնական ուղղություններում կարող է գերազանցել չորս-վեց անգամ»։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ չորս-վեց անգամ գերազանցություն, իսկ այդ պայմաններում հույսը դրված է խիզախ զինվորների անձնազոհության վրա։ Եվ հետո ի՞նչ։ Սիրսկին ասում է. «Այնուամենայնիվ, ես խորին երախտագիտություն եմ հայտնում մեր սպաներին, սերժանտներին եւ, հատկապես, զինվորներին՝ նրանց մասնագիտական հմտությունների, տոկունության, անձնազոհության ու խիզախության համար»։ Չէ՛, սա արդեն պետական մակարդակի անմեղսունակության բարձրակետն է, երբ պետության ղեկավարությունը գիտակցում է, որ զինված ուժերը զգալիորեն թերակազմ են, երբ դիրքային առավելությունն ակնհայտորեն ռուսների կողմն է, բայց իր զինվորներին շարունակում են վերաբերվել որպես թնդանոթի միս: Ահա թե ինչ է լինում, երբ իշխանության են գալիս կլոունները։ Երբ պատերազմի դաշտը դառնում է քաղաքական իմիջի խաղասեղան, իսկ ժողովրդի զավակները՝ զուտ խաղաքարեր։
Ոչ պակաս զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի որդին՝ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ ԿՐՏՍԵՐԸ՝ ծաղրածուներ անվանելով սոցիալական ցանցերի այն օգտատերերին, ովքեր իրենց պրոֆիլներում ուկրաինական դրոշներ են դնում՝ որպես Կիեւին աջակցության արտահայտություն, բայց, միեւնույն ժամանակ, լռում են ուկրաինացի Իրինա Զարուցկայայի նկատմամբ հաշվեհարդարի մասին: «Այնքան զարմանալի է, որ ուկրաինական դրոշներով բոլոր այդ ծաղրածուները իրենց պրոֆիլների նկարագրություններում լռում են այդ մասին», - գրել է նա:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը