Հայաստանի առաջնահերթ խնդիրն է հնարավորինս մոտենալ ՌԴ-ին տարբեր եղանակներով. Ղազարյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է տասնյակ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի հեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ոչ միայն հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, այլեւ հայ-ռուսական հարաբերությունները:
«Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԷԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՌԻՍԿԱՅԻՆ ՔԱՅԼԵՐ ԿԱՏԱՐԵԼ»
— Պարոն Ղազարյան, Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ ներքաղաքական իրավիճակ է տիրում այս պահին Հայաստանում։
— Ներկայումս Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարելի է բնորոշել որպես հարաբերականորեն հանգիստ, բայց այդ հանգստությունը, ինչպես միշտ, միայն հարաբերական է, եւ այն միաժամանակ թաքցնում է մի շարք ներքին պրոցեսների սկիզբը։ Այս հանգստությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից ամենակարեւորը հասարակության տրամադրությունն է, որը դեռեւս գտնվում է արձակուրդային ռիթմից վերադառնալու փուլում։ Կարեւոր է հասկանալ, որ հասարակության վերաբերմունքը ներքաղաքական գործընթացների նկատմամբ միշտ ունի մի զգալի ուշացում, հատկապես այն ժամանակ, երբ նոր քաղաքական տարրեր չեն ստեղծվում կամ որեւէ նոր նախաձեռնություն չի ակնկալվում։
Այս պահին, փաստորեն, չենք տեսնում շատ արտահայտված կամ շոշափելի գործընթացներ, որոնք անմիջապես կազդեին հասարակության վրա կամ կստիպեին նրան ակտիվորեն արձագանքել։ Սակայն դա, իհարկե, չի նշանակում, որ քաղաքական դաշտը գրեթե անշարժ է կամ ամբողջությամբ հանգիստ։ Ընդհակառակը, փորձագետների եւ քաղաքական վերլուծաբանների դիտարկումներով, սպասվող փոփոխությունները կարող են լինել ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական դաշտի ազդեցության ներքո ձեւավորվող գործընթացներ։
Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մենք կարող ենք դիտարկել մի շարք քաղաքական զարգացումներ, որոնք կարող են ներառել, օրինակ, իմպիչմենթի հնարավոր նախաձեռնություններ, քաղբանտարկյալների հարցերի քննարկում, ինչպես նաեւ ընտրությունների նախապատրաստության գործընթացներում որոշ ձեւաչափերի փոփոխություն։ Բացի այդ, ոչ պակաս կարեւոր են արտաքին ճակատում սպասվող փոփոխությունները, որոնք նույնպես անմիջականորեն կազդեն ներքաղաքական մթնոլորտի վրա։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ թե՛ ներքաղաքական, եւ թե՛ արտաքին դաշտում սպասվող իրադարձությունները, անկասկած, որոշակի փոփոխություններ կներդնեն այսօրվա հարաբերականորեն «հանգիստ» վիճակը։ Այս հանգստությունը, ինչպես փորձն է ցույց տալիս, սովորաբար պայմանական է եւ ընդամենը ժամանակավոր դադար է քաղաքական ակտիվության եւ իրադարձությունների խտության միջեւ։
— Ձեր մասնագիտական գնահատականը ինչպիսի՞ն է իշխանության եւ ընդդիմության ներկայիս հարաբերությունների վերաբերյալ:
— Ես կասեի, որ ներկայիս հարաբերությունները ո՛չ հստակ վատ են, ո՛չ էլ հստակ լավ։ Իրականում դրանք գտնվում են միջակայքում, որը բնորոշվում է որպես «չեզոք սպասողական» վիճակ։ Երբ ԱԺ քառօրյան սկսվեց, հասարակությունն ակնկալում էր ակտիվ քննարկումներ, քաղաքական բախումներ, բանավեճեր, որոշակի մրցակցություն, բայց իրականում այդ սպասումները, գոնե այս պահին, լիովին չեն արդարացել։ Բանավեճեր, որոնք ենթադրաբար պետք է տեղի ունենային, պարզապես չեն տեղի ունեցել, եւ սա, անշուշտ, ցույց է տալիս քաղաքական դաշտի որոշակի լարվածության բացակայություն կամ գոնե այն, որ կողմերը պահպանում են զգուշավոր դիրքորոշում։
Այս հանգամանքը, իմ կարծիքով, պայմանավորված է մի շարք գործոններով։ Նախ, հասարակությունն ինքնին դեռեւս վերադառնում է իր ամառային, արձակուրդային տրամադրություններից առաջացած բնականոն գործունեությանը, որն անցումային փուլ է ստեղծում։ Երկրորդ, քաղաքական էլիտան, քաղաքական գործիչները եւ իշխանության ներկայացուցիչները նույնպես այս պահին ավելի շատ կենտրոնացած են ներքին կշռադատումների վրա՝ գնահատելով իրենց հաջորդ քայլերը, սպասվող գործընթացները եւ այն, թե ինչպես կարձագանքի հանրությունը իրենց գործողություններին։
Այստեղ պետք է նշել, որ այս «հանգստության» վիճակը, այնուամենայնիվ, միայն մակերեսային բնույթ ունի։ Փորձագետների գնահատմամբ` այս հանգիստը, մի կողմից, հնարավորություն է տալիս քաղաքական գործիչներին մտածել իրենց ռազմավարության մասին, իսկ մյուս կողմից՝ այն նաեւ ժամանակ է տալիս հասարակությանը՝ դիտարկել իր ունեցած դիրքորոշումները, մշակել տեսակետները եւ պատրաստվել նոր քաղաքական զարգացումների արձագանքներին։
Այսպիսով, ներկայիս իրավիճակը կարելի է բնորոշել որպես պայմանական «հանգիստ փուլ», որտեղ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը չեն ցանկանում արագ կամ ռիսկային քայլեր կատարել, բայց այդ հանգստությունը կարող է վերջնականապես ավարտվել ցանկացած ակնկալվող կամ անակնկալ իրադարձության առիթով։
«ՄԻԱԲԵՎԵՌ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԴԱՌՆԱԼ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՆԵՇ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
— Ձեր կարծիքով` որքանո՞վ է հավանական, որ առաջիկայում կձեւավորվեն նոր քաղաքական բեւեռներ կամ դաշինքներ։
— Եթե խոսենք նոր քաղաքական բեւեռների ձեւավորման մասին, պետք է նկատել, որ արդեն որոշակի շփումներ եւ փորձեր կան։ Օրինակ, որպես կոնկրետ օրինաչափություն, կարելի է բերել «Մեր ձեւով» շարժման գործունեությունը։ Այս շարժումը արդեն որոշակի ձայն է հայտնել քաղաքական դաշտում՝ ձեւակերպելով իր կարգախոսն ու սկզբունքները։
Հիմա կարեւոր հարցն այն է, թե որքանով կարող են այս նոր քաղաքական միավորումները համախմբել այլ ուժերին եւ, ընդհանրապես, ինչ ազդեցություն կունենան ընդդիմության կոնսոլիդացման վրա։ Սակայն, ըստ ներկայիս իրավիճակի, չեմ կարծում, որ միաբեւեռ, ամբողջությամբ կոնսոլիդացված ընդդիմություն կձեւավորվի։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտը դեռեւս բաժանված է, եւ ոչ բոլոր ուժերն են պատրաստ համագործակցել։
Եթե անգամ միաբեւեռ ընդդիմություն լիներ, այն կարող էր լուրջ կերպով ազդել գործող իշխանությունների գործողությունների վրա, հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Միաբեւեռ ընդդիմությունը կարող էր դառնալ իրական պատնեշ իշխանությունների համար եւ, որոշ չափով, հասնել կոնկրետ արդյունքի՝ հանրային աջակցություն ստանալով։ Սակայն ներկայիս պայմաններում այդպիսի կոնսոլիդացիայի նշաններ դեռեւս առկա չեն։
Այնուամենայնիվ, որպես նոր բեւեռի օրինակ, «Մեր ձեւով» շարժումն արդեն ազդել է քաղաքական դաշտի վրա։ Հիմնադրման պահից նրանք հստակ հայտարարեցին իրենց կարգախոսը եւ ըստ ամենայնի, որոշ ուժեր կբեւեռացվեն դրա շուրջ, բայց ոչ ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Այսպիսով, մենք ունենք խիստ մասնակի, սակայն նշանակալի շարժ, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ բեւեռացման գործընթացի վրա, բայց ոչ՝ ամբողջական։
— Ձեր կարծիքով՝ արտաքին գործոնները, օրինակ՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի փոխհարաբերությունները, ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։
— Արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանում միշտ զգալի է եղել, եւ ներկայիս իրավիճակը բացառություն չէ։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր՝ լինի դա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների կամ Չինաստանի նման գերտերություն, ձգտում է արտահայտել իր դիրքորոշումը տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա։ Մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքական ազդեցությունը կարող է լինել ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ։
Օրինակ, Ռուսաստանի ներգրավվածությունը տարածաշրջանում չի սահմանափակվում միայն բարի կամ վատ հարաբերությունների շրջանակով։ Նրանք մշակում են երկարաժամկետ քաղաքական ծրագրեր, որոնք, ըստ փորձագետների, կարող են տեւել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ: Սա պահանջում է Հայաստանի համար ճկուն դիվանագիտական մոտեցում, որպեսզի արտաքին ազդեցությունները հնարավորինս նվազագույնի հասցվեն կամ օգտագործվեն` երկրի շահերից ելնելով։
Բազմաբեւեռ քաղաքական համակարգում, երբ միաժամանակ գործում են մի քանի կենտրոններ, յուրաքանչյուր երկրի գործողությունները անմիջապես ազդում են մյուսների քաղաքական եւ տնտեսական ընթացքի վրա։ Այս բոլոր գործընթացները, իհարկե, անդրադառնում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, քանի որ ոչ միայն իշխանությունը, այլեւ հասարակությունը պետք է արձագանքի արտաքին ճնշումներին, փորձի գտնել շահեկան լուծումներ եւ պահպանել քաղաքական կայունությունը։
Այս տեսանկյունից արտաքին քաղաքական զարգացումները, հատկապես Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ փոխհարաբերությունները, կարող են ինչպես խոչընդոտել որոշ ներքաղաքական նախաձեռնությունների իրականացմանը, այնպես էլ բացել նոր հնարավորություններ, եթե դրանք ճիշտ օգտագործվեն։ Այնուամենայնիվ, այս գործընթացներում պահանջվում է խոհեմություն, ճկունություն եւ քաղաքական հեռատեսություն, որպեսզի Հայաստանը կարողանա օգտվել արտաքին գործոններից՝ առանց ներքին քաղաքական գործընթացների խափանման։
— Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները, ինչպիսի՞ վիճակում են դրանք այս փուլում։
— Ներկայում հայ-ռուսական հարաբերությունները դժվար է բնորոշել որպես բարեկամական կամ ռազմավարական։ Ավելին, դրանք արդեն այլեւս չեն համապատասխանում նախկին ստանդարտներին, եւ մի շարք խնդիրներ ու խոչընդոտներ են առկա։ Սակայն, այս ֆոնին, պետք է նշել, որ առկա իրավիճակը հնարավորություններ էլ է ստեղծում՝ հաշվի առնելով, օրինակ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերությունները։ Այս հարաբերությունների վերլուծությունը թույլ է տալիս գտնել այն կետերը, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշակի բարիդրացիական կամ համագործակցային քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ։
Մյուս կողմից, հարկ է նկատել, որ բազմաթիվ դժվարություններ կան, որոնք պետք է հաղթահարվեն՝ ինչպես պատմական անցյալի, այնպես էլ ներկա քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական գործոնների պատճառով։ Այնուամենայնիվ, այս պահի իրավիճակում ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոշակի նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար՝ օգտագործելու այն պետական շահերից ելնելով։
Քաղաքականության մեջ, ինչպես գիտենք, չկան հավերժական բարեկամներ կամ մշտական դաշնակիցներ։ Ուստի՝ Հայաստանի առջեւ առաջնահերթ խնդիր է՝ այս պահին հնարավորինս մոտենալ Ռուսաստանին տարբեր եղանակներով, պահպանելով երկրի շահերը եւ փորձել օգտվել այն հնարավորություններից, որոնք ներկայիս միջավայրն է ստեղծում։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ