Անկախ հռետորաբանությունից՝ իրական գործընթացը գնում է դեպի ընտրություն. Մաթեւոսյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին։ Զրույցի ընթացքում քաղաքագետն իր դիտարկումներն է ներկայացրել երկրում առկա լարվածության հիմնական օջախների, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, հասարակության վստահության ճգնաժամի եւ առաջիկա քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումների վերաբերյալ։
— Պարոն Մաթեւոսյան, Ձեր կարծիքով, Հայաստանի ներքաղաքական դաշտում որո՞նք են գլխավոր լարվածության օջախները, որոնք ամենաոչնչացնող կերպով արտահայտվում են ներկայումս։
— Եթե պետք է անկեղծորեն գնահատեմ իրավիճակը, ապա առաջին եւ ամենակարեւոր լարվածության աղբյուրը հենց իշխանություններն են։ Նրանց քայլերն ու վարքագիծը պայմանավորում են ոչ միայն քաղաքական դաշտում առկա հակասությունները, այլեւ ընդհանրապես հասարակության ներսում ձեւավորված մթնոլորտը։ Կարճ ասած՝ իշխանությունները ոչ թե հանգստացնող ու կարգավորող դեր են խաղում, այլ ընդհակառակը՝ հանդես են գալիս որպես լարվածության առաջատար եւ հրահրող։
Դա երեւում է շատ հստակ. օրինակ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ են քաղաքական պայքարը տեղափոխել իրավական դաշտ եւ կիրառել ուժային մեխանիզմներ ոչ միայն ընդդիմադիր գործիչների, այլեւ խոշոր բիզնեսի եւ անգամ եկեղեցական շրջանակների նկատմամբ։ Մենք ականատես ենք լինում, որ քրեական գործերը զուգորդվում են եկեղեցու սպասավորների դեմ իրականացվող հետապնդումներով։ Սա ոչ միայն քաղաքական ճնշման, այլեւ արժեքային ճգնաժամի դրսեւորում է. իշխանությունները փորձում են վերահսկողության տակ պահել բոլոր այն կենտրոնները, որոնք դեռեւս ունեն ինքնուրույն ազդեցություն հասարակական կարծիքի վրա։
Բացի այդ, պետք է ընդգծեմ նաեւ իշխանությունների լեզվի ու վարքագծի առանձնահատկությունը։ Եթե ուշադիր հետեւենք վերջին տարիների նրանց հռետորաբանությանը, կտեսնենք, որ այնտեղ չկա փոխզիջում, չկա երկխոսության հարթություն։ Գործող իշխանությունները հակված են բոլորին դիտարկել որպես թշնամի՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ քաղաքացիական հասարակությանը։ Արդյունքում՝ լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլ ընդհակառակը՝ խորանում է։
Այս ամենի հետեւանքով ստացվում է, որ քաղաքական դաշտի հիմնական լարվածության օջախը հենց իշխանության հարցն է. ով է լինելու իշխանության ղեկին, եւ ինչ գնով է նա պատրաստ պահել իր դիրքերը։ Իշխանավորները գիտակցում են՝ եթե վաղը տեղի ունենան քաղաքական փոփոխություններ եւ իրենց հիմնական հակառակ ընդդիմադիրները դարձյալ գան իշխանության, ապա իրենք կբախվեն լուրջ խնդիրների։ Խնդիրները կլինեն թե՛ լարվածության կառավարման, թե՛ իրենց կուտակած կապիտալի պահպանման հարցում։ Հենց այս գիտակցումն էլ նրանց դրդում է քաղաքական կյանքը վերածելու կենաց-մահու պայքարի, որտեղ փոխզիջումների կամ զիջումների տեղ պարզապես չի մնում։
— Իսկ եթե անդրադառնանք իշխանության եւ ընդդիմության փոխհարաբերություններին՝ այսօրվա իրավիճակում դրանք ինչպե՞ս կգնահատեք։ Կա՞ արդյոք որեւէ հարթություն, որտեղ հնարավոր է համատեղ աշխատանք կամ գոնե երկխոսություն։
— Այսօր իրավիճակը շատ բազմաշերտ է։ Մի կողմից կարող ենք տեսնել՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պատրաստվում են առաջիկա ընտրական գործընթացներին։ Բայց մյուս կողմից՝ այդ պատրաստության մեթոդներն ու մոտեցումները էապես տարբեր են։
Ես նկատել եմ, որ հասարակության մեջ նույնիսկ ընդդիմադիր շրջանակներում կան հակասական դիրքորոշումներ։ Ոմանք պնդում են, որ ընտրություններին որեւէ պարագայում չի կարելի մասնակցել, քանի որ համակարգը արդեն իսկ խեղված է եւ չի երաշխավորում արդար մրցակցություն։ Բայց զուգահեռաբար այդ նույն մարդիկ այսօր զբաղված են շատ ակտիվ պատրաստականությամբ՝ կազմելով ցուցակներ, կազմակերպելով տեղական կառույցներ, աշխատելով տարբեր համայնքներում։ Սա ցույց է տալիս, որ անկախ հռետորաբանությունից՝ իրական գործընթացը գնում է դեպի ընտրություն։ Ուզենք, թե չուզենք՝ հենց ընտրություններն են դառնում ներքաղաքական դաշտի հիմնական թիրախը։
Այս համատեքստում կարելի է ասել, որ ընդդիմությունն իր ձեւով է պատրաստվում, իշխանությունն էլ՝ իր։ Բայց կա մեկ կարեւոր տարբերություն. իշխանությունները հենվում են պետական եւ կիսապետական կառույցների վրա։ Օրինակ՝ ՀԵՑ-ը (Հայաստանի էլեկտրական ցանցեր) գործնականում օգտագործվում է որպես տարածքային ներկայություն ունեցող հարթակ, որը իշխանությունները փորձում են ծառայեցնել նաեւ քաղաքական նպատակներին։ Քանի որ ՀԵՑ-ը գրեթե բոլոր համայնքներում ունի ներկայացուցչություն, իշխանությունները փորձում են այդ կառույցի միջոցով ամրապնդել իրենց դիրքերը՝ հատկապես ընտրական փուլում։
Սակայն պետք է նշել, որ ընդդիմությունն էլ ձեռնունայն չէ։ Սամվել Կարապետյանի օրինակը վկայում է, որ որոշ գործիչներ, չնայած ճնշումներին, շարունակում են դիմակայել եւ որոշակի քաղաքական կշիռ պահել։ Սա էլ իր հերթին իշխանություններին ստիպում է ավելի ուժգին գործել։ Վերջիվերջո, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը գիտեն, որ այս բոլոր հարցերը լուծվելու են ընտրությունների միջոցով։
Այստեղ, սակայն, բացահայտվում է նաեւ ընդդիմության ներսում առկա բաժանումը։ Ես կասեի՝ ունենք երկու տիպի ընդդիմություն։ Առաջինը՝ անկեղծ ընդդիմությունն է, որը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին, եւ հավատում է, որ ժողովրդի քվեն պահպանելով կարելի է հասնել փոփոխությունների։ Երկրորդը՝ ոչ այնքան անկեղծ ընդդիմությունն է, որը հրապարակավ քննադատում է ընտրական ճանապարհը, հաճախ նույնիսկ մեղադրում մյուս ընդդիմադիրներին «համակարգին սպասարկելու» մեջ, բայց իրականում ինքն էլ ստվերային ձեւով պատրաստվում է մասնակցել ընտրություններին։
Սա է իրականությունը։ Կարող ենք այն գնահատել որպես կառուցողական ընդդիմություն կամ ոչ այնքան կառուցողական, բայց փաստ է, որ քաղաքական դաշտում այսօր հենց այսպես են ընթանում գործընթացները։ Պայքարը իշխանության համար բազմաշերտ է. կա փողոցային պայքարի բաղադրիչ, կա քարոզչական պայքար, կա նաեւ ընտրական գործընթացին մասնակցելու հարթություն։ Իսկ երբ այս տարբեր գործոնները զուգորդվում են, ապա կարող են ստեղծել բավականին հետաքրքիր կոմբինացիա, որը նաեւ հնարավորություն կտա իրական քաղաքական փոփոխությունների։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ