Հանդերձարանում ասացի՝ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, եկեք վերցնենք մեր վրա այդ պատասխանատվությունը. Մելիքյան
Սպորտ
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ընտրանուն: Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփեց հանդիպումը.
«Ամեն դեպքում գոհ եմ, երկու գոլը մեզ հաղթանակ պարգևեցին: Չեմ ցանկանում մտածել այն գոլերի մասին, որոնք չկարողացանք խփել: Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել. կխոսեմ ընդհանուր պաշտպանության մասին: Պաշտպանները շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցին:
Չեմ ցանկանում հաղթանակի արժեքն արհեստականորեն մեծացնել, բայց սա շատ կարևոր քայլ է դեպի առաջ: Հետագայում ևս կունենանք բարդ խաղեր, բայց մենք կաշխատենք խաղ առ խաղ այդ խնդիրները լուծել:
Պորտուգալիայի դեմ խաղի համեմատ լիովին փոխել էինք մարտավարությունը: Ցանկանում էի սյուրպրիզ մատուցել, և այսօր դա արեցինք: Ես թույլ չեմ տա, որ ֆուտբոլիստների զգոնությունը թուլանա: Պետք է երկար ու շատ աշխատել, որպեսզի ստաբիլության հասնենք:
Շատ շնորհակալ եմ փոխարինման դուրս եկած խաղացողներին, որոնք մտան ու մինչև վերջ պայքարեցին: Հանդերձարանում ասացի՝ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, եկեք վերցնենք մեր վրա այդ պատասխանատվությունը և մեր ազգին պարգևենք այդ հաղթանակը»,- ասել է Մելիքյանը:
