ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻ «ՀՈՎԱՆՈՒ» ՆԵՐՔՈ
ՍպորտՍեպտեմբերի 6-ին Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին Պորտուգալիայի հավաքականին։ Սա Աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցաշար էր։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը խոշոր 5։0 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից։ Հայաստանի Ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ Պորտուգալիայից կրած պարտությունը կապում է թիմերի որակական տարբերության հետ.
«Ասել էի, որ ունենք պլան, բայց ամեն ինչ չէ, որ կարող է մեզ մոտ ստացվել, և գուցե չստացվեց մեզ մոտ, քանի որ Պորտուգալիան ուժեղ մրցակից է, մեզ համար դժվար էր պլաններն իրագործել...», մամուլի ասուլիսի ժամանակ ընդամենը բացատրեց Մելիքյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականը դեռևս պատրաստ չէ պրեսինգով գործել, այնպիսի մրցակցի հետ է խաղում, ինչպիսին Պորտուգալիան է։ «Պորտուգալիան ուժեղ էր։ Նրանք գնդակով արագ տեղաշարժվում էին...
Ինձ մի քիչ ժամանակ է պետք մեր ազգին ուրախացնելու համար... Չեմ զղջում որոշմանս համար, ես գիտեմ ուր եմ եկել, ունեմ իմ ճանապարհն ու գնալու եմ մինչև վերջ, մինչև չտեսնեմ իմ ուզած թիմը։ Վաղ թե ուշ ես կուրախացնեմ մեր ժողովրդին», - հավելել է Մելիքյանը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, գյումրեցի ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆՆ էլ իր հերթին փորձեց արդարացնել վիճակը, թե Պորտուգալիան Աշխարհի լավագույն թիմերից մեկն է. «Իմ կարծիքով, մեր հավաքականին ժամանակ է պետք, երիտասարդ տղաներով, երիտասարդ թիմ ունենք։ Պետք է կարողանանք խաղ առ խաղ առաջ շարժվել», - նշել է Բիչախչյանը։ Մի փոքր ավելի ռեալ էր մյուս ֆուտբոլիստը ԷԴՈՒԱՐԴ ՍՊԵՐՑՅԱՆԸ.
«Տանը կրկին այսքան գոլ բաց թողնելը շատ է , նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է։ Կաշխատենք ուղղել սխալներն ու մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ խաղում»։ Այսպիսով, հավաքականի մոտ «կարմիր թելով» անցնում է նույնը, բա ի՞նչ անեին, Պորտուգալիայի հետ էինք խաղում։ Իսկ եթե Արգենտինայի հետ խաղայիք, 10։0 նորմալ կլիներ։ Խնդիրն այստեղ, իհարկե, Պորտուգալիան էլ չէ, որ միգուցե, էլի պարտվեին, բայց ոչ թե ցույց տալով, թե ֆուտբոլից կիլոմետրերով հեռու են։ Իսկ, օրինակ, մարտի վերջերին ում հետ էին խաղում. Վրաստանի, սուպերխայտառակությունը հիշեցնենք։ Իսկ դրանից առաջ, ամեն մի նոր խաղը մի նոր խայտառակություն է դարձել, իսկ սրանք Պորտուգալիայից են խոսում։
Խաղից առաջ, որ տոմսերը «վերջացած» և շատ արագ հայտնվեցին «սև շուկայում» աստղաբաշխական գծերով, Ռոնալդուն էր մեղավորը։ Ինչ կապ ունի, որ հայկական ֆուտբոլը, որ եթե անգամ Հայրապետյան Ռուբենի ժամանակներում էլի չէր փայլում, բայց հիմա պարզապես գոյություն չունի։ Ոմն Մելիքբեկյան, ով ֆուտբոլից ավելի հեռու է, քան Հայաստանի հավաքականը, ղեկավարում է ՀՖՖ -ն, ատամներով նրան վերևներից պահում են։ Արդյունքում ոչնչանում է հայաստանյան ֆուտբոլը, ինչպես Հայաստանում ոչնչացնում են ամեն ազգային բան։ Ահա ամբողջ պատճառը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
