Երևանի ամեն 45-րդ բնակիչը օնկոլոգիական հիվանդություն ունի. Մանուկ Սուքիասյան
Առողջապահական«Մի կողմից խստացնում եք, մյուս կողմից արտոնություն եք տալիս՝ ասելով, թե Կառուցապատողների ասոցիացիան է դիմել»,-Երևանի ավագանու նիստում ունեցած ելույթի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով խոշոր կառուցապատողներին գույքահարկի արտոնություն տալու մասին որոշմանը։
Արձագանքելով հիմնավորմանը, թե ճգնաժամ կա և տները քիչ են վաճառվում՝ Սուքիասյանը հակադարձեց, որ ժամանակին չպետք է տրվեր այդ ծավալի շինթույլտվությունները։
«Ձեզ ո՞վ էր թույլ տվել գույքահարկն այդքան բարձրացնել, ես շինարարներին չեմ մեղադրում, նրանց կարելի է հասկանալ։ Ով էր խնդրում գույքահարկը այդքան բարձրացնել։ Նիկոլ Փաշինյանը մտել էր կենտրոնում ապրողների գրպանները, հաշվում էր, եթե կենտրոնում տուն ունես, կա՛մ գույքահարկ տու, կա՛մ տունդ ծախի, գնա գյուղում կամ ծայրամասում ապրի։ Կարա՞ք նույն բանը կառուցապատողներին ասեք, չեք կարող»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։
Նա նշեց, որ վերջին վիճակագրական գնահատականով Երևանի ամեն 45-րդ բնակիչը օնկոլոգիական հիվանդություն ունի։
«Որովհետև 2 տարվա շինթույլտվությունը դուք հանգիստ երկարաձգում եք 3-4 տարի, ինչ ա եղել, որ, մեկ է այդ փոշին դուք չեք շնչում՝ ստերիլ կաբինետներում նստած, օդորակիչը միացրած»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

