Ինչու էր սեպտեմբերի 2-ի հանրահավաքը սակավաթիվ. Մանրամասնում է արցախցի քաղաքագետը
ՀանդիպումԻնչո՞ւ էր սեպտեմբերի 2-ի հանրահավաքը սակավաթիվ, արդյո՞ք պատճառը ՀՅԴ-ի, ըստ էության, կազմակերպիչների պահանջների ու տեսակետների կիսելը չէ՞, թե՞ պառակտում կա արցախահայության մեջ հարցը փորձել ենք ստանալ արցախցի քաղաքական վերլուծաբան Ժիրայր Ազիզյանից, ով նախ նկատեց.
- Չեմ կարող մեկնաբանել կազմակերպչական առումով ՀՅԴ ներգրավվածության հարցը, քանի որ հստակ տեղեկատվություն այդ առումով չունեմ, բայց խնդիրը ոչ թե պետք է դիտարկել ներքաղաքական, այլ իրականում ներազգային հարթության մեջ։ Ինչ վերաբերում է արցախահայության միասնականությանը, ապա պետք է արձանագրենք, որ գաղափարական իմաստով կա միասնական մոտեցում հավաքական ետ վերադարձի հարցի շուրջ, բայց տարբեր են այդ հարցի լուծմանը հասնելու մոտեցումները, ըստ էության այս պահին չկա պայքարի մեկ միասնական ուղեցույց, որը գործնականում կարող էր ապահովել վերոնշյալն ու ապահովել համաժողովրդական կոնսուլտացիա։
- Արցախահայերը նշում են, որ ցանկանում են վերադարձ, իշխանություններն էլ հակադարձում են «կռվեիք, մնայիք»։ Ի՞նչ կասեք այս մասին։
- Նախ պետք է շեշտեմ որ արցախահայությունը կռվել է և ամենաբարձր գինն էլ վճարել իր ծննդավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու համար, սակայն անհավասար ուժերի պայմաններում չի կարողացել հասնել հաջողության։ Չի կարողացել քանի որ միայնակ էր մնացել թշնամու դեմ անհավասար պայքարում և Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը հրաժարվել է սահմանադրությամբ ստանձնած իր անվտանգության երաշխավորի պարտականությունները կատարելուց և այսօր էլ շարունակում է նույն տրամաբանությամբ ` հրաժարվելով արցախահայության իրավունքների պաշտպանությունից։ Տրամաբանական է, որ քաղաքական նկատառումներից ելնելով օրվա իշխանությունները փորձում են տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը բարդել հենց արցախահայության և միջազգային այլ դերակատարների վրա ` արդարացնելու իրենց անգործությունը։
Հաշվի առնելով ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունները չեմ կարծում, որ ՌԴ -ն հնարավորություն է ունեցել իր տիրապետության տակ վերցնելու Արցախը, քանի որ ուկրաինական ֆրոնտում իրավիճակը էլ ավելի մեծ կախվածության մեջ էր դրել թուրք- ադրբեջանական տանդեմից, ուստի խաղաղապահ կոնտինգենտի անգործությունն ու զիջողականության քաղաքականությունը այս պարագայում ուներ կոնկրետ նպատակադրություն։
