Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

«Շատ կարեւոր էր՝ հիմա նորից վերհիշել մեր կոդի ուժը»

Մշակութային

Թատրոնը դարերի ընթացքում անընդհատ փոխվում է, սակայն մի բան անփոփոխ է՝ նրա սերտ կապը դրամատուրգիայի հետ։ Ի՞նչ կերպափոխումների է ենթարկվել այս կապը, երբ թատերական արտահայտչամիջոցներն այսօր շեշտակի զարգանում են, ինչո՞վ է առանձնանում մոնաներկայացումը, ի՞նչ դեր ունի ժամանակակից թատրոնի զարգացման գործում: Այս հարցերի փնտրտուքով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում բանախոսությամբ հանդես եկան«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ փառատոնի վերջին մեկ տարվա ընթացքում այցեքարտային դարձած «Սասունցի Դավիթ» ներկայացման դերակատար Արմեն Քուշկյանն ու բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը:

«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ»

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ գրական նյութի որակը թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, թե՛ կյանքում շատ կարեւոր է, որովհետեւ այն կարող է դերասանի հոգին ավելի հարուստ դարձնել, իսկ ինչքան դերասանի հոգին ավելի հարուստ է, այնքան նա ավելի խորն է դառնում ու հետաքրքիր հանդիսատեսի համար:

«Այդպես է ստեղծվում դերասանի ու հանդիսատեսի միջեւ այդ շատ կարեւոր ու առեղծվածային կապը։ Իհարկե, դեպքեր էլ կան, որ գրական նյութը կարող է փչացնել եւ անճանաչելի դարձնել դերասանի խաղը: Բայց ես կխոսեմ ուրիշ դեպքերի մասին», - ընդգծեց նա:

Մարիաննա Մխիթարյանի կարծիքով՝  «Արմմոնո» փառատոնի առաքելությունն այն է, որ իրենք ստեղծում են ներկայացումներ՝ առաջին հերթին մեր ազգի եւ մեր հանդիսատեսի համար:

«Բացի այն շատ հետաքրքիր ներկայացումներից, որոնք գալիս են դրսից եւ մասնակցում են «Արմմոնո» փառատոնին, մենք տալիս ենք հնարավորություն թե՛ երիտասարդներին, թե՛ արդեն ոչ երիտասարդներին ստեղծել այն, ինչ իրենք ուզում են եւ ցուցադրել: Փառատոնը հնարավորություն է տալիս ունենալ այդ հարթակը։ Ունենք մեր նախագծերը եւ այնպես է ստացվում, որ դրանք ազգային լինելով՝ դառնում են համաշխարհային։ Այո՛, ազգային արժեք ներկայացնող նյութը կարող է դառնալ համաշխարհային», - ասաց փառատոնի տնօրենը:

Փառատոնի տնօրենը նշեց, որ թե՛ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, թե՛ ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանն ունեն փորձ մի քանի տարբեր մոնոներկայացումների:

«Մոնոներկայացումը շատ հետաքրքիր եւ բարդ ժանր է, պետք է կարողանալ գրավել հանդիսատեսին եւ պահել, սիրվել նրա կողմից: Տարիներ առաջ՝ համավարակի ժամանակ, «Արմմոնոն» ստեղծեց «Սասունցի Դավիթ» մոնոներկայացման, կարելի է ասել, առաջին սերիան՝ «Գոմեշ» ներկայացումը: Պատկերացրեք՝ 2020 թվականի օգոստոսին բացօթյա խաղում էինք «Գոմեշ»-ը, երբ դեռ ոչ ոք աշխարհում չէր խաղում։ Դա ուղղակի հրաշք էր, եւ մենք այդ ներկայացումը ներկայացրեցինք տարբեր միջազգային փառատոններում, այդ թվում՝ նաեւ Չեխովյան։ Ավելի հեշտ է թվել այն երկրները, որտեղ այս ներկայացումը չի խաղացվել: Այդ ընթացքում Արմեն Քուշկյանը խաղում էր Վահե Շահվերդյանի բեմադրած Դոստոեւսկու մոնոներկայացումը, էլի ուներ մոնոներկայացումներ: Ճամփորդություններից մեկի ժամանակ հասկացանք, որ պիտի ունենանք այս տեսակ ներկայացում եւ անցած տարվա վերջին ծնվեց «Սասունցի Դավիթը»:

Մարիաննա Մխիթարյանը հավելեց, որ մի քանի մարզերում խաղացել են ներկայացումը, էլի պետք է խաղան, շարունակում են ներկայանալ նաեւ երեւանյան հանդիսատեսին. «Ի դեպ, բոլորիդ սեպտեմբերի 21-ին հրավիրում եմ «Մհեր Մկրտչյան» թատրոն, որտեղ կարող եք դիտել այս շատ հետաքրքիր ներկայացումը: Նաեւ ասեմ, որ մեզ շատ օգնեց Մերի Սարգսյանը, որը ՀՀ լավագույն սցենոգրաֆներից եւ զգեստների նկարչուհիներից մեկն է, եթե ոչ առաջինը: Ես կարողացա ստեղծել այս աստղային թիմը, որոնք իրար սիրում, հասկանում էին, ինչն ինձ թվում է՝ մեր հաջողության երաշխիքն էր»:

«ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ ԴԵՐԱՍԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ԱՐՅԱՄԲ ԶԳԱ ՏԵՔՍՏԸ»

Բեմադրիչ, դերասան ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ անկեղծացավ՝ շեշտելով, որ մոնոներկայացում խաղացող դերասանը տարբերվում է սովորական դերասանից:

«Կան շատ տաղանդավոր դերասաններ, բայց ամեն մեկին տրված չէ մոնոներկայացում խաղալ։ Դա մի ներքին, շատ-շատ ուժեղ կազմակերպվածություն է, որովհետեւ ամեն ինչի տերն այդ պահին միայն դու ես՝ լույսի, բեմի, աթոռի, զգեստի, տեքստի, հանդիսատեսի, ընդ որում՝ ամեն պահ, ամեն վայրկյան։ Եթե դրամատիկական ներկայացումներում խաղընկերդ է այդ պահին լրացնում, դու մի պահ դուրս ես գալիս, հետ ես գալիս, այստեղ մեկ ժամ շարունակ դու ես ու քո ներկայությունը: Եվ այն պիտի անվերջ, հավասարաչափ ազդեցիկ լինի», - ընդգծեց Նարինե Գրիգորյանը:

Անդրադառնալով Արմեն Քուշկյանի հետ համագործակցությանը՝ բեմադրիչն ասաց, որ երբ միասին լինում էին փառատոների, եւ ինքը տեսնում էր, թե ինչպես է Արմենը մենակ, առանց բեմադրիչի մոնոներկայացում խաղում, պարզապես, հիացած էր: Եվ երբ Մարիաննա Մխիթարյանից ստացավ առաջարկ, միանգամից ասաց, որ Արմենը պետք է լինի դերակատարը. «Իսկապես շատ տաղանդավոր եւ ֆանտաստիկ դերասան է: Ավելին, ես ապշեցի, որ խնդիրը մեկ անգամ տալուց հետո՝ երբեք երկրորդ անգամ չեմ ասել: Իրականում մոնոներկայացումը ասեղնագործության պես է. ամեն վայրկյանը կարեւոր է՝ ունքն ինչպես բարձրացավ, մատն ինչպես շարժեց: Այդ ամբողջը պետք է ամեն բջիջի մակարդակով զգալ»։

Թե ինչու ընտրվեց հենց «Սասունցի Դավիթ» էպոսը, Նարինե Գրիգորյանը բացեց փակագծերը. «Երբ 44 օրյա պատերազմը եղավ, դրանից հետո մտածում էի` իսկ ի՞նչ բեմադրել թատրոնում: Ինքս շատ կարեւորում էի, որ հիմա նորից պետք է վերհիշել մեր կոդի ուժը։ Ու ես էլ շատ ուզում էի էպոսը բեմադրել: Ինչ ասես մտածում էի` օրինակ, որ 5 տղամարդ թմբուկներ են խփում, բայց զգում էի՝ պարզունակացնում եմ գրականությունը: Այն շատ մեծ էպիկական ստեղծագործություն է, իսկ դու բերում ես հինգ հոգի թմբուկ նվագող, հետո մտածում ես, թե ինչպես Մսրա Մելիքի մեծությունը ցույց տաս, ինչպես այդ «գազ փոսը» ցույց տաս: Ոչ մի կերպ չէր ստացվում ստվերային թատրոն բերել, մի խոսքով՝ հասկացա, որ փչացնելու եմ, եթե բեմադրեմ: Բայց երբ Մարիանա Մխիթարյանն, արդեն որպես պրոդյուսեր, ամբողջ կազմը ասաց , թե ովքեր են՝ դերասանը, նկարիչը, հանկարծ հասկացա, որ սա էր լուծումը: Իրականում այս բանաձեւում կարեւորն այն է, որ մի դերասան պատմի այդ պատմությունը: Չէ որ այդ ժամանակ ամբողջ ուժի էպիկականությունը պահպանվում է: Ու հանկարծ միանգամից այս ներկայացումը ստեղծվեց»։

Նարինե Գրիգորյանը նշում է, որ սկզբում Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավթի» տարբերակն են ընտրվել, բայց հետո հասկացել են, որ պիտի իրական էպոսը վերցնեն՝ ոչ մշակվածը, եւ ներկայացնեն հենց իր բարբառով. «Մոնոներկայացման մեջ շատ կարեւոր է, որ դերասանի սրտին մոտ լինի տեքստը, նա պիտի իր բջիջներով, իր արյամբ զգա այդ տեքստը, դրա համար իր ցանկությունը շատ ավելի կարեւոր էր։ Ես Արմենին ասում էի` հաշվի կողքից ուղղակի աչք եմ, ինչպես մեծերից մեկն էր ասում, ռեժիսորը պրոֆեսիոնալ հանդիսատես է: Այսինքն` հենց դու ձանձրանում ես, հասկանում ես, որ հանդիսատեսն էլ կձանձրանա: Ուղղակի պիտի արթուն լինես, պիտի զգաս, որ՝ ըհը, արդեն հետաքրքի՞ր է, ինձ կգրավի՞… Ու այդպես կամաց-կամաց Արմենը ստեղծում էր, ես էլ վայելում էի»:

«ՄՏԱԾՈՒՄ ԷԻ՝ ԻՄ ԱՅՍ ԱՐՏԱՔԻՆՈՎ՝ Ի՞ՆՉ ԴԱՎԻԹ,  ՊԱՐԶՎԵՑ՝ ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ»

40-ամյա դերասան ԱՐՄԵՆ ՔՈՒՇԿՅԱՆՆ էլ իր խոսքում ասաց, որ «Սասունցի Դավիթն» իր արդեն 5-րդ մոնոներկայացումն է։ Ըստ նրա, երբ մտնում ես այդ ժանրի մեջ, ուղղակի, սիրահարվում ես իրեն ու հասկանում, որ՝ տարիքն այստեղ կապ չունի, եթե կա ասելիք:

«Ընդհանրապես թատրոնն իմ համար հենց դրա մասին է՝ ես ձեզ բան ունեմ ասելու, եկեք միասին խոսենք այդ մասին ու մտածենք, թե ինչ պրոբլեմ կա, որն ինձ հուզում է եւ գուցե ձեզ էլ։ Ինչ վերաբերում է «Սասունցի Դավթին», առաջարկը` Մարիաննա Մխիթարյանից ստացա: Մի գեղեցիկ օր, ես մեքենա եմ վարում ու ինձ զանգահարում է, ես միացնում եմ բարձրախոսը, ինքը շատ կարճ ասում է՝ Արմեն, բեմադրում ենք «Սասունցի Դավիթ», միանգամից «չէ՛» մի ասա ու անջատում է: Ես մտածում էի, որ եթե գնամ որեւէ բեմադրիչի մոտ քաստինգ անցնելու, ես «Սասունցի Դավիթ» էպոսում ոչ մի դերի համապատասխան չեմ լինի։ Այն էլ Դավի՞թ... Իմ այս արտաքինով՝ ի՞նչ Դավիթ: Բոլորը պատկերացնում են, որ Դավիթն ուրիշ է լավ, շատ-շատ, երեւի, ձիու կերպարում՝ Քուռկիկ Ջալալին լինեմ: Բնականաբար, ես մտորումների մեջ էի, շատ էի ուզում նոր ու տարբերվող աշխատանք, բայց վախեցած կարծում էի, որ չի լինի», - ծիծաղում է Քուշկյանը:

Մերօրյա «Սասունցի Դավիթը» նշում է, որ մինչեւ հիմա իր խաղացած դերերը դրամատիկ են եղել, բայց քանի որ այս գործի գլուխ կանգնած էր Մարիաննա Մխիթարյանն, ուրեմն՝ անհնարին ոչինչ չկա:

«Ու մի առավոտ ես միացնում եմ հեռախոսը ու լսում Մարիաննայի ուղարկած ձայնային հաղորդագրությունը՝ Նարինեի հետ գիշերը խոսել եմ, համաձայն է, ինքը կլինի բեմադրիչը: Այո՛, երազանքները կատարվում են, հավատացեք: Երբ տեսա Նարինեի «Գոմեշ» մոնոներկայացումը, ասացի, որ ես ուզում եմ այսպիսի ներկայացում: Երբ դու նայում ես, մի դերասան է բեմում, բայց դա մոնո չէ, այլ մի ամբողջ մեծ կտավ է, մասշտաբային ներկայացում: Երեւի, ինձնից անկախ այդ միտքը տիեզերք եմ ուղարկել, եւ այն վերադարձավ ինձ: Այսպես մենք սկսեցինք աշխատանքները»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված