Ինչ կնստի Ալիեւի վրա Պուտինի սառը ձեռքսեղմումը
ՎերլուծությունՇՀԿ-ի գագաթաժողովում մեզ համար կարեւոր դրվագներից մեկն էլ կարելի է համարել, այն, որ թեեւ Պուտինն ու Ալիեւը պաշտոնական հանդիպում չունեցան, բայց, այսպես ասենք, իրար դեմ դուրս գալու առիթ եղավ: Իսկ դա շատ ավելի բան ի ցույց դրեց, քան կարելի էր սպասել պաշտոնական հանդիպումից:
Մի շարք փորձագետներ մանրամասն ուսումնասիրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված Պեկինում կայացած հանդիսավոր միջոցառումների ժամանակ Ալիեւի հետ Պուտինի ձեռքսեղմումը, որը ֆիքսել էին տեսախցիկները: Ալիեւը ուրախ-զվարթ զրուցում էր Վուչիչի հետ, երբ դահլիճ մտավ Վլադիմիր Պուտինը` ձեռքը նախ մեկնելով դռանն ավելի մոտ գտնվող Ալիեւին։ Փորձագետներն ուշադրություն են դարձրել՝ «Այդ պահին Ալիեւը փորձեց մի պահ լայն ժպիտով դիմավորել եւ անմիջապես էլ գլուխը կախեց, թերեւս տեսնելով Պուտինի ընդգծված սառը տեսքը»: Եվ այդ սառնությունն ավելի ընդգծված դարձավ, երբ Պուտինը սկսեց ամենայն սիրալիրությամբ ողջունել մյուս հավաքվածներին` շատ արագ շրջվելով Ալիեւից` առանց հետը բառ անգամ փոխանակելու: Ալիեւը, թերեւս հասկանալով իմաստը, միանգամից մռայլվեց։
Փորձագետները հիշեցնում են, որ մինչ այդ էլ, ՇՀԿ միջոցառումների շրջանակներում, ադրբեջանական կողմը ակտիվ կապի մեջ է եղել ռուսական պատվիրակության հետ` փորձելով Պուտինի հետ հանդիպում կազմակերպել: Սակայն նրանց ուղիղ պատասխանել են, որ Պուտինի գնահատմամբ` Ալիեւն անձամբ իրեն խաբել է, եւ դա հենց այնպես չի անցնելու:
Ռուսական աղբյուրը գնահատում է այսպես. «Երկու վայրկյան՝ այդքան տեւեց առաջնորդների ձեռքսեղմումը։ Բարեկամական գրկախառնություններ չեղան։ Ալիեւի ձեռքը սեղմելուց հետո Պուտինը շարունակեց իր աշխատանքը՝ ողջունելով միջոցառման մյուս մասնակիցներին։ Եվ Իլհամ Հեյդար օղլուն տխուր կերպով իջեցրեց ձեռքերը եւ... վերջ։ Սա մեր առաջնորդի՝ Ադրբեջանի նկատմամբ, մեղմ ասած, սառեցման լուրջ դրսեւորում է»: Ավելին, մի շարք փորձագետներ գնահատել են նման սառնության հետեւանքները, թե դա նաեւ ՌԴ-ում ադրբեջանական լոբբիստների, ինչպես նաեւ՝ ռուսական համապատասխան ծառայությունների համար է ազդանշան՝ Բաքվի էլիտայի հետ ցանկացած ոչ պաշտոնական, հատկապես բարեկամական շփումներ «թունավոր» են, եւ այդ տրամաբանության մեջ պետք է լինի նաեւ վերաբերմունքը ՌԴ-ում ադրբեջանական դիասպորի հետ: Չէ, լուծում դեռ կա. ըստ Մարիա Զախարովայի, եթե Ալիեւը ցանկանում է անցնել դրական դինամիկայի, ապա նախ Ադրբեջանում պահվող ՌԴ 13 քաղաքացիները պետք է ազատ արձակվեն: Թե դրա տակ ինչ կա, կարելի է հասկանալ. եթե Ալիեւը ցանկանում է շարունակել խորանալ հակառուսական կուրսով, ինչպես Փաշինյանի դեպքում է, էլի իր որոշելիքն է: Միայն թե հետեւանքներ կլինեն:
Ու այդ հետեւանքները, դատելով միջոցառումների այն շարքից, որն Ալիեւը տեսավ Չինաստանում՝ սկսած ՇՀԿ-ից, վերջացրած Պեկինում ռազմական շքերթով, իրոք կարող են շատ լուրջ լինել: Ռազմական շքերթը, ինչ խոսք, իր տեխնիկական հանգեցվածությամբ արդեն իսկ ակնարկ էր արեւմտյան բլոկին, որ նախագահ Սիի հիմնական թեզը՝ միաբեւեռ աշխարհը անարդար լինելու եւ այն փոխելու անհրաժեշտության մասին մերկապարանոց չէ: Առավել եւս, երբ այն համեմվեց մեկ ուշագրավ դետալով: Իհարկե, ցուցադրական մեսիջ էր, որ Պուտինը Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի շքերթից առաջ ամբիոն բարձրացավ նախագահ Սիի կողքին՝ աջ կողմում, որն ամենապատվավոր եւ հարգված հյուրի տեղն է: Իսկ ձախ կողմում` երկրորդ ամենապատվավոր տեղը քայլում էր Հյուսիսային Կորեայի առաջնորդը՝ ընկեր Կիմը: Առաջին եռյակում տեղ գտած լիդերները, ինչպես այս պատկերը գնահատել է արեւմտյան փորձագետներից մեկը, տիրապետում են ոչ պակաս, եթե ոչ ավելի մեծ ռազմական պոտենցիալի, քան ողջ ՆԱՏՕ-ն: Ընդ որում, բառացիորեն բոլոր ռազմական ուղղություններով` «Ստրատեգիական, տեխնոլոգիական զինատեսակներից, նավատորմից եւ ավիացիայից սկսած, մինչեւ զորքի թվակազմ, պատրաստվածության մակարդակ, մարտական փորձառություն, մոտիվացիա, մոբիլիզացիոն պոտենցիալ եւ այդպես շարունակ: Ամենակարեւորը. ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որտեղ ամեն մի հարց կարող է քննարկվել ամիսներով` բազմաթիվ «հավասար» անդամ-պետությունների պատճառով, որոնց շահերը հաճախ ուղղակիորեն իրար հակասում են, այս եռյակի դեպքում որոշումների ընդունումը բազմապատիկ անգամ ավելի արագ, մոբիլ ձեւով է կատարվում` երեք լիդերների որոշումով: Ու ստանում ենք արեւմտյան «հեգեմոն» աշխարհի համար չափազանց տխուր պատկեր»,- գրում է փորձագետը:
Իհարկե, պետք է ավելացնել մյուս ուժերին, որոնք առաջին եռյակում չկային, բայց շատ հեռվում էլ չէին՝ Իրան, Բելառուս եւ այդպես շարունակ: Այստեղ կարող էր լինել նաեւ Հնդկաստանը, բայց փաստը, որ Մոդին նոր-նոր է սկսել Պեկինի հետ հաշտեցման գործընթացը, իհարկե, «մի քիչ շատ» էր դարձնում նրա մասնակցությունը ոչ ռազմական շքերթին: Վերջապես այն, որ չինական շքերթն առաջնորդում էր ԽՍՀՄ-ի դրոշը, հազիվ թե ընդամենը խորհրդանշական ժեստ էր, այլ շատ լուրջ ազդակ անձամբ Թրամփին, ով փորձում է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակը վերագրել ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ից արձագանքը չուշացավ. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքով՝ «Նախորդ վարչակազմի թուլությունը Մոսկվային եւ Պեկինին ավելի մոտեցրեց», եւ սա «սարսափելի իրադարձություն» է, որի համար Վաշինգտոնն այժմ ստիպված է վճարել։ Նաեւ. «Նախագահ Թրամփը մեզ՝ Պաշտպանության նախարարությունում, հրահանգել է պատրաստ լինել մեր զինված ուժերի պատմական վերականգնմանը, վերականգնել մեր ռազմական ոգին եւ վերականգնել զսպման ուժը: Ոչ թե այն պատճառով, որ մենք հակամարտություն ենք փնտրում։ Մենք դա չենք փնտրում, եւ մենք դա հստակորեն հայտարարել ենք՝ Չինաստանին, Ռուսաստանին եւ այլոց»: Եթե ԱՄՆ-ն «հակամարտություն չի փնտրում», ուրեմն պետք է նստի բանակցելու: Բայց եթե «զինված ուժերի պատմական վերականգնում» են անում, ապա դա շատ ժամանակ եւ միջոցներ կպահանջի: Իսկ եթե փորձեն Եվրոպային էլ պատրաստել, դա արդեն երկար տարիների թեմա է: Մինչդեռ Չինաստանը ցույց տվեց, որ արդեն այս պահին է պատրաստ, իսկ ռուսական բանակի մարտունակությունը մոտենում է լավագույն ժամանակների մակարդակին: Ընկեր Կիմի մասին խոսելն էլ պետք չէ՝ նա միշտ է պատրաստ: Պատրաստության փուլում է նաեւ Իրանը եւ այլն:
Չէ, նման է, որ բանակցելը միակ տարբերակն է:
Եվ վերադառնալով Ալիեւին. իսկ ի՞նչ է նա մտածում անել այս իրավիճակում…
Еես նաեւ https://t.me/iravunk/57352
