Արտերկրից ժամանած գորիսեցու բարձերի մեջ ո՛չ բուրդ էր, ո՛չ բմբուլ…
ՔրեականՔՐԵԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացվեց Սյունիքի մարզային եւ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ: Համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին` կեսգիշերից քիչ անց, անձնական մաքսային զննման ենթարկվեց արտերկրից Հայաստան մուտք գործած Գորիս քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդը: Նրա տոպրակում եղած երկու բարձերում հայտնաբերվեց պոլիէթիլենային երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։
ԸՆԿԵՐՈՋԸ ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼ Է «ԽԻՄԿԱ»-ՈՎ
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազեւի փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդ իր մոտ եւ տանը պահում է մեծ քանակությամբ մարիխուանա, որից պատրաստում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, այն օգտագործում անձամբ ու նաեւ իրացնում։ Օգոստոսի 26-ին` ժամը 18:30-ին, Տիմիրյազեւի փողոցում ձերբակալվեցին եւ իրենց վարած «Շկոդա» մակնիշի մեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին 40-ամյա տղամարդու հարեւանները` նույն փողոցի բնակիչ 37 եւ 48 տարեկան տղամարդիկ: 37-ամյա վարորդը հայտնեց, որ ավտոմեքենայում ունի «խիմկա» տեսակի թմրանյութ։ 15 րոպե անց Տիմիրյազեւի փողոցում ձերբակալվեց նաեւ 40-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, նաեւ` երեք փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 6,5 գրամ զանգվածներով։ Նա հայտնեց, որ փաթեթներում «խիմկա» տեսակի թմրամիջոց է։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա նույն թմրամիջոցից հյուրասիրելու եղանակով իրացրել է ընկերոջը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 40-ամյա տղամարդու տան զննությամբ բակում հայտնաբերվեց մարիխուանայով լցված երեք արկղ՝ ընդհանուր 3 կիլոգրամ 700 գրամից ավելի քաշով, նաեւ` «խիմկա» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված իրեր ու պարագաներ:
Օգոստոսի 27-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն զանգվածով մեկ փաթեթ եւ մոխրագույն հետքերով կաթուցիչ։
ՊԱՌԱՎԱՔԱՐՑԻ 60-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԶԵՆՔԻՑ
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին Պառավաքար գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել երկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ տարբեր տրամաչափի 15 փամփուշտ։
