Համերգից հետո ի՞նչ է ասել Ազնավուրը Հայկ Պետրոսյանին
Արխիվ 16-20
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, ՀՀ Ազգային հերոս, կենդանի լեգենդ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ վերջերս կրկին Հայաստանում էր` գրեթե մեկ շաբաթ: Նրա ներկայությունը հայ հանդիսատեսը վայելեց հունիսի 1-ին «Քեզ համար Ազնավուր» համերգի ընթացքում, ուր տիրում էր ազնավուրյան սիրով ֆրանսա-հայկական մթնոլորտ, սակայն բեմում ոչ թե շանսոնյեն էր, այլ հնչում էին նրա սիրելի կատարումները` դասականից, շանսոնից մինչեւ ջազ, իսկ ջազային կատարումներն առանձնահատուկ դուր եկան աշխարհահռչակ հայազգի շանսոնյեին: Երեկոյին համ ու հոտ տվեց երգիչ, հումորիստ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով, թերեւս, ֆրանսիական մթնոլորտում մեծանալով, ավելի հասկանալով էր կատարում մեծն ֆրանսահայի երգերը եւ արժանանում Ազնավուրի ժպիտներին ու ծափերին:
«Իրավունքի» հետ զրույցում Հայկը պատմեց, որ համերգից հետո, չնայած ինքն ամաչել ու չի համարձակվել մոտենալ Ազնավուրին, բայց ամեն դեպքում նրանք հանդիպել են. «Համերգի ընթացքում մի պահ նմանակում էի Ազնավուրի շարժումները, հանդիսատեսին էլ խնդրեցի, որ թույլ տան ինձ զգալ իբրեւ Ազնավուր, իրենք էլ` իրենց զգան Փարիզում, դա «les deux guitars» երգի ժամանակ էր, ինձ թվում է` լավ ստացվեց: Համերգից հետո, ճիշտն ասած, շատ ամաչում էի մոտենալ Ազնավուրին, ուղղակի կողքից նայում էի, ինչպես են մարդիկ նկարվում եւ շփվում իր հետ, բայց, մի պահ խոսեց ինձ հետ, ասաց` «Tres tres bien – formidable», ինչը նշանակում է` շատ, շատ լավ էր, հրաշալի»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Շառլ Ազնավուրի մասին Հայկ Պետրոսյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»: