Հայաստանը խաղում է տանը եւ ունի նոր մարզիչ. Ռոբերտո Մարտինեսը` Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին
ՍպորտԱշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։
Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է առաջիկա հանդիպումների մասին՝ անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականին։
«Ֆավորիտ լինելը մեզ համար նորություն չէ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մենք հաղթել ենք բոլոր 10 խաղերում, նույնը՝ Ազգերի լիգայում: Այստեղ ընդամենը 6 խաղ կա, և սխալվելու իրավունք չունենք: Պետք է հարգել մրցակիցներին: Հայաստանը խաղում է տանը և ունի նոր մարզիչ: Հունգարիան կայուն թիմ է, հատկապես տնային խաղերում, և, հավանաբար, դա կլինի խմբի ամենաբարդ հանդիպումը:
Մենք պետք է պատրաստվենք տակտիկապես, ֆիզիկապես և էմոցիոնալ: Դիոգու Ժոտայի բացակայությունը կդառնա միավորող և խթանող գործոն: Սա առաջին հավաքն է առանց նրա: Հավաքականի նպատակը հաղթանակն է, ոչ թե խաղացողների փոփոխությունը հանուն փոփոխության: Ազգերի լիգայում հաղթելուց հետո կարևոր է շարունակել և զարգացնել այն, ինչ արել ենք վերջին երկու ամսում: Մենք հետևում ենք բազմաթիվ ֆուտբոլիստների, հավաքականի դռները բաց են, սակայն անհրաժեշտ է ստեղծել մրցակցային միջավայր: Մեր նպատակն է հասնել այնտեղ, ուր դեռ չենք հասել՝ հաղթել Աշխարհի առաջնություն:
Ինչու՞ 21 համարի խաղաշապիկը տրվեց Ռուբեն Նևեշին. դա Դիոգու Ժոտայի ընտանիքի որոշումն էր: Այդ մասին ավելի լավ է նա խոսի: Նրա և Դիոգու Ժոտայի միջև սերտ կապ կար:
Պորտուգալիան միշտ խաղում է հաղթանակի համար, և մենք ընդունում ենք այդ ճնշումը: Պետք է կատարելագործել տակտիկան, խաղային ասպեկտները և այն ամենը, ինչ մեզ հասցրեց Ազգերի լիգայի հաղթանակին: Սեպտեմբերը բարդ ամիս է, քանի որ խաղացողների համար սկսվում է նոր մրցաշրջան: Կարևոր է լավ մեկնարկել: Սա մեծ մարտահրավեր է»,- մասնագետի խոսքն է մեջբերում Record-ը։
