Ozempic-ը ոչ միայն օգնում է նիհարել, այլև երիտասարդացնում է․ հետազոտություն
ՀասարակությունՄարմնի քաշի նվազեցման համար նախատեսված «Ozempic» հանրահայտ դեղամիջոցը կարող է ոչ միայն իջեցնել քաշը, այլև դանդաղեցնել ծերացումը։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները «TruDiagnostic» ընկերությունից։ Նրանց տվյալներով՝ դեղամիջոցի մեջ պարունակվող սեմագլուտիդը «կարող է դանդաղեցնել կենսաբանական ժամացույցը» և դրականորեն ազդել օրգանիզմի առողջության վրա։
Հետազոտությանը մասնակցել են ՄԻԱՎ-ի հետ կապված լիպոհիպերտրոֆիայով 108 մարդ՝ հիվանդություն, որի դեպքում օրգանիզմում ավելորդ ճարպ է կուտակվում և արագանում է բջիջների ծերացումը։ Մասնակիցների կեսը 32 շաբաթ շարունակ «Օզեմպիկ» է ստացել, հաղորդում է Bild-ը։
«Նրանք, ովքեր սեմագլուտիդ էին ստանում, հետազոտության ավարտին միջինը 3,1 տարով ավելի երիտասարդ էին կենսաբանական տեսանկյունից», - ասել է բիոինֆորմատիկայի դոկտոր Վարուն Դվարական։
Գիտնականները նշում են, որ երիտասարդացումը հատկապես նկատելի է եղել ուղեղի և իմունային համակարգի աշխատանքում. այս ոլորտներում կենսաբանական տարիքը նվազել է գրեթե հինգ տարով։ Հետազոտողները կարծում են, որ դեղամիջոցը բարելավում է նյութափոխանակությունը և նվազեցնում բորբոքումը, ինչը հենց այդ ազդեցությունն էլ ապահովում է։
