Փեզեշքիանն ադրբեջանցի է, մենք նույն արյունն ունենք․ Ալիև
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում խոսել է Իրանի հետ հարաբերությունների մասին։
Ըստ Ալիևի՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը ազգությամբ ադրբեջանցի է, և սա է իրենց փոխըմբռնման հիմքը։
«Պեզեշքիանը ազգությամբ ադրբեջանցի է։ Նա և ես նույն արյունն ունենք։ Մենք նույն լեզվով ենք խոսում։ Մեզ թարգմանիչ պետք չէ։ Նա ադրբեջաներեն պոեզիայի իր գիտելիքները ցուցադրել է հանրային միջոցառումներից մեկի ժամանակ, և նրան որևէ գրառում պետք չէր։ Նա շատ տաղանդավոր մարդ է», - ասել է Ալիևը։
Նա «լիակատար սուտ» է անվանել այն տեղեկությունը, որ Ադրբեջանը մտադիր էր «գրավել Զանգեզուրը և փակել Իրանի և Հայաստանի միջև սահմանը»։
«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Դա շատ հեշտ էր անել 2020 թվականի նոյեմբերին։ Դա շատ հեշտ էր անել վերջին հինգ տարիների ընթացքում։ Դա ընդամենը 40 կիլոմետր է, ռազմական տեսանկյունից դա շատ ժամանակ չի պահանջի։ Դուք պարզապես գալիս և վերցնում եք այն երկու կողմերից՝ Նախիջևանից և Ադրբեջանի այս կողմից», - ասել է Ադրբեջանի նախագահը։