ԷՇ, ՄԻ ՍԱՏԿԻՐ, ՄԻՋԱՆՑՔԸ ԿԲԱՑՎԻ, ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԿՈՒՏԵՍ
ՎերլուծությունՄեր վերջին համարում` օգոստոսի սկզբներին, կանխատեսել էինք. «Շատ նման է, որ միանգամայն հետաքրքիր օգոստոս է լինելու, ընդ որում, իրավիճակը կարող է գնալ ինչպես ծայրահեղ սրացման, այնպես էլ՝ մեծ կայունության ուղղությամբ: Դրանով էլ, կրկնենք, կորոշվի նաեւ Հարավային Կովկասի հարցը»: Այն, որ սպասելիքներն արդարացան, տեսանելի է…
«ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»` ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԹԵՔՈՒՄՈՎ
Նկատի ունենք օգոստոսին կայացած երկու միջոցառում` գլոբալ մասշտաբի եւ ուղղակիորեն մեզ հետ կապված: Գլոբալ, ավելի ճիշտ` պատմական մասշտաբ ուներ Ալյասկայում կայացած Պուտին-Թրամփ հանդիպումը, որի դետալները դեռ երկար ժամանակ աստիճանաբար տեսանելի կդառնան: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա նկատի ունենք Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայացած Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը: Սկսենք այս երկրորդից:
Իհարկե, վաշինգտոնյան հանդիպման տեսանելի մասին, ստորագրված փաստաթղթերին արդեն իմաստ չունի անդրադառնալ. դրանք լայնորեն հայտնի են: Դրանով հանդերձ, միանգամայն էական հարցեր դեռ մնում են: Ու ամենակարեւորը` այդ ամենից ի՞նչ կարելի է սպասել:
Ընդհանրական իմաստը սա էր. նախաստորագրված տեսք ստացավ հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիր» կոչվածը: Ապա, ԱՄՆ-ն ներկայացվեց` որպես «Զանգեզուրի միջանցքի» կենտրոնական ֆիգուրա. այդ ուղին, ըստ ծրագրվածի, պետք է գործի ամերիկյան վերահսկողության տակ: Բայց երբ այդ ամենին մոտենում ենք գործնական իմաստով, ապա այն լավատեսությունը, որը փորձում են այս հերթական դավաճանական քայլի տակ դնել հայաստանյան իշխանությունները, ընդամենը «մեկ բաժակ ջրում փոթորիկի» տպավորություն է թողնում:
Այսինքն, ի՞նչ ասել է «խաղաղության պայմանագրի» նախաստորագրում. Տեսնես այդ ո՞ր մի «խելքի պուտուկն» է այդ տերմինը մոգոնել: Այսինքն, նախաստորագրել մի փաստաթուղթ, որը համարում ես վերջնական տեսքի բերված, ծիծաղելի է: Կարելի է ինչ-որ բան նախաստորագրել, բայց միայն ընթացիկ փուլում` մատնանշելու համար այն ուղղությունը, որով կողմերն ուզում են առաջ գնալ: Բայց երբ հայտարարվում է, թե բանակցություններն ավարտված են, կա պայմանագրի վերջնական տեքստ, եւ ստորագրելու փոխարեն այն ընդամենը նախաստորագրում են, դա մեկ բան է նշանակում` վերջնական ոչ մի բան էլ չկա: Այն է` ե՞րբ կստորագրվի այդ փաստաթուղթը, մեկ ամսի՞ց, մեկ տարո՞ւց, թե՞ առհասարակ չի ստորագրվի, մեղմ ասած, մնում է անորոշ: Նույն վիճակը, որը կար մինչ այս նախաստորագրելը: Ուրեմն` ի՞նչ տվեց դա. գործնականում` ոչ մի բան էլ չտվեց:
Քարոզչական դաշտում, իհարկե, կողմերն ինչ-որ բանով օգտվեցին: Գանք ամենավերեւից. Թրամփը սրանով հերթական «խաղաղասիրության գալչկան» դրեց իր անվան դիմաց` սկսելով քարոզել, թե, տեսեք, վեց ամսում վեց հակամարտություն եմ լուծել, ինձ Նոբելյան մրցանակ պետք է տաք: Թեեւ իրականում այդ վեց «կարգավորված» հակամարտությունն էլ, մոտավորապես, Գրելանդիան գրավելու ոճի մեջ է. մեծ աղմուկ, բայց տակը բան չկա: Նիկոլը հնարավորություն ստացավ միացնել իր սովորական քարոզը, թե, տեսեք, խաղաղություն եմ տանում երկիրը, ինչը կդնի արդեն մեկնարկած իր քարոզարշավի տակ: Բայց ընտրություններին դեռ 7-8 ամիս կա, եւ այս ընթացքում անգամ «ժեխը» կհասկանա, որ նախաստորագրված, անգամ` ստորագրված «խաղաղության պայմանագիրը» ու իրական խաղաղությունը միանգամայն այլ բաներ են: Ալիեւն էլ քարոզում է, թե բոլոր հարցերը կարողացավ լուծել: Բայց իրական վիճակը, որ սուր հակամարտության մեջ է մտել միանգամից Ռուսաստանի եւ Իրանի հետ, անգամ Հեյդարովիչի քարոզչական շահն է զգալիորեն նվազեցնում:
«ԹՐԱՄՓԻ ՄԻՋԱՆՑՔԸ» ԴԵՊԻ Ո՞ՒՐ
Նույն պատկերն է` մյուս փաստաթղթի հետ կապված, որով Նիկոլը պարտավորվում է «Զանգեզուրի միջանցք» բացել եւ այն տալ ամերիկացիների կառավարմանը: Փորձում են քարոզել, թե դա կդառնա արեւելքն արեւմուտքին կապող տնտեսական մեգանախագիծ, որը կողմերին տասնյակ ու տասնյակ միլիարդավոր դոլարների օգուտ է բերելու: Բայց իրականում բոլորն են հասկանում` ոչ մի նման մեգանախագիծ էլ չի կարող լինել (այդ պայմանավորվածությունների եւ այդ կողմերի շրջանակներում): Շատ պարզ պատճառով. այդ «մեգամիջանցքը» հասնելու է Կասպից ծովին եւ այնտեղ բախվելու է ռուս-իրանական տանդեմին: Հիմա էլ խոսում են Կասպից ծովի կարգավիճակը փոխելու մասին: Միայն թե Կասպից ծովում Նիկոլ չկա, որ կարողանան սովորական մանիպուլյացիաներով այն «միլիոնավոր տոննաներով բեռների» համար թափանցիկ դարձնեն: Այնտեղ շատ կոնկրետ ռուս-իրանական ուժերն են, եւ եթե ուզում են իրական մեծ միջանցք սարքել, պետք է նախ պարտության, ավելին` ռազմական պարտության մատնեն 5-6 հազար միջուկային մարտագլխիկ ունեցող Ռուսաստանին, ինչպես նաեւ Իրանին: Հակառակ դեպքում ո´չ մի միջանցք, ո´չ մի միլիոնավոր տոննաներով բեռներ, ո´չ մի միլիարդների եկամուտներ էլ չի լինի: Եվ այդ դեպքում «մեգանախագիծը» կվերածվի ընդամենը Ադրբեջանից Նախիջեւան գնացող երկաթուղու, որը լավագույն դեպքում, այն էլ` մի 4-5 տարուց կարող է հասնել Թուրքիա:
Եթե այդ միլիարդավոր դոլարների սպասելիքները չլինեն, բիզնեսմեն- նախագահ Թրամփի ինչի՞ն է պետք այդ «մեգանախագիծը»: Որը, չմոռանանք, ընդամենը հուշագրի տեսքով է: Սա կարելի է համեմատել Թրամփի մեկ այլ «մեգանախագծի» հետ` Ուկրաինայի հանքային ու հատկապես` բազմամետաղային ռեսուրսների հայտնի պատմության հետ: Մեծ աղմուկ-աղաղակով, Զելենսկուն պարտադրելով, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեցին, ընդ որում` հենց փաստաթուղթ ստորագրեցին, այլ ոչ թե` հուշագիր նախաստորագրեցին: Ու հետո միայն պարզվեց, որ բազմամետաղային հիմնական հանքավայրերի կեսից ավելին ռուսների վերահսկողության տակ են: Ընդ որում, ամերիկացիները կարող են այդ հանքերից օգտվել, բայց պետք է ռուսների հետ պայմանավորվեն, ու նման առաջարկ Մոսկվայից հնչել է: Նույնն է «Թրամփի միջանցքի» պարագայում. եթե ամերիկացիները ցանկանում են այդ մեխանիզմից շահույթ, պետք է պայմանավորվեն ռուսների հետ, ընդ որում, հաշվի առնելով նաեւ Իրանի գործոնը: Հակառակ դեպքում պետք է փորձեն Կասպից ծովն ուժով բացել, ինչպես որ ուկրաինական հանքերի դեպքում` կարող են փորձել դրանք վերադարձնել Կիեւի վերահսկողության տակ: Միայն թե որքանո՞վ է իրատեսական, մեծ հարցական կա:
Տես նաեւ https://t.me/iravunk/56817