Չհայտարարված ընտրարշավի պերճանքն ու թշվառությունը
ՎերլուծությունՓաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է բացահայտ նախընտրական քարոզարշավ՝ այս հարցում ունենալով երկու հենասյուն՝ ժողովրդի մեջ ներարկված վախը պատերազմից եւ ցածր կրթական մակարդակ ունեցող մանիպուլացվող այն զանգվածը, որն աստիճանաբար վերածվում է աղանդի՝ հենց իր «վարդապետությամբ»։ Այս զանգվածի համար է, որ Աննա Հակոբյանը նախաձեռնեց «կրթությունը նորաձեւ է» արշավը, եւ մարդիկ, փոխանակ ինքնակրթվեին, նետվում էին լուսանկարվելու Փաշինյանի եւ յուր զուգընկերուհու հետ՝ որպես հավաստիք, թե կիրթ են ու նորաձեւ:
Պատերազմի սպառնալիքը Փաշինյանը դարձրել է քարոզչական հիմնական գործիք։ Ձեզ խաղաղություն եմ բերել, վախեցե՛ք, թե չէ կորցնելու եք այն. սա է նրա վերջին ուղերձների ստուգաբանությունը։ Ուղիղ խոսքի մակարդակով հնչում է, իբր «հասել ենք խաղաղության», բայց ենթատեքստը մեկն է՝ բացարձակ մոլորեցում, ու կրկին՝ ստրատեգիական վախեցում սեփական ժողովրդին, որը, ըստ երեւույթին, հենց Նիկոլի իրական վախն է։
Այն, ինչ ամառային արձակուրդներին ներկայացվեց՝ որպես «մշակութային բում», իրականում ոչ այլ ինչ է, քան քարոզչական մոլորեցում՝ փայլուն շղարշ մի իրականության վրա, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ, փակվող դպրոցներ,վերացող ինքնիշխանություն եւ համատարած ազգայինի ապամոնտաժում։ Մարզերում անցկացվող համերգները՝ 20-25 հազարանոց հանդիսատեսով, միայն մեկ նպատակ ունեն՝ բեմադրել «նորմալ երկրի» պատրանքը։ Իսկ երեւանյան ճոխ համերգները եւ անտանելի խցանումները ներկայացվեց իբր խաղաղության հաստատման հրճվանքի «պերեդոզ»:
Ի վերջո, ո՞րն է խաղաղության գինը։ Թեեւ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանն «ավելի անկախ է, քան երբեւէ», իրականությունն արմատապես հակառակն է։ «Սրբազան պայքար» շարժման 18 անդամների կալանքի երկարաձգումը, բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված վրեժխնդիր կալանքը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկումը ցույց են տալիս, որ այս «խաղաղությունը» ունի բացարձակ բռնապետական երանգ։ Եվ երբ հարց է հնչում, թե ինչու ընդդիմությունը լուռ է կամ անգործունակ, պատասխանը ցավալիորեն միանշանակ է՝ չկոնսոլիդացվածություն:
ՆՈՐԻՑ 2021՝ ԷԼԻ ԳԵՐԻՆԵՐ, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
ԱԺ խորհրդարանական ամենամեծ ընդդիմության՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի՝ 2026-ին մասնակցելու մասին հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ վկայում է մեկ բան՝ հայաստանյան ընդդիմադիր դաշտը կրկին մտել է շարժման մեխանիկական ռեպրոդուկցիայի փուլ։ Արդյոք այս նույն կերպ շարժումը կրկին բախվելու է նույն պատին, ինչ 2021-ին՝ առանց ռազմավարական վերափոխման, առանց լայն ընդդիմադիր միավորում ստեղծելու ջանքերի: Անկասկած՝ այո, որովհետեւ Լեւոն Քոչարյանն ասում է. «Մենք տեսնում ենք, որ հիմնական ընդդմադիր քաղաքական ուժը «Հայաստան» խմբակցությունն է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Այս պահին, անգամ իշխանությունները չունեն բավարար ռեյտինգ»։ Ինչպես «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում է ասվում՝ կարեւորը իրենք են ու Ամերիկան, հինգ տարի անց էլ, ոչ մի դաս չքաղած, քթներից այն կողմ չեն տեսնում:
Իսկ ընդդիմադիր Քոչարյանի եւ իշխանական Փաշինյանի գործունեության արդյունքը քաղաքական բանտարկյալներն են, որոնք մնում են նույն վիճակում՝ պլյուս-մինուս մի քանի ամիս կալանքի տակ։ Ո՛չ ազատ, ո՛չ դատված, ո՛չ դատաքննված, ո՛չ արդարացված։ Աստված չանի, բայց տպավորություն է, որ ցմահ սպասման ռեժիմում են:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Փաշինյանն իր վերջին ուղերձներում հայտարարում է, որ Հայաստանը հասել է պատմական վերելքի՝ անկախության, ինքնիշխանության, բարեկեցության եւ տուրիզմի տեսանկյունից։ Ասում է՝ «այժմ արդեն լավ է», ու ապագան իբր եկել է։
Սակայն բոլորն էլ հասկանում են՝ «տնտեսական ակտիվության 7 տոկոս» ցուցանիշը ստացվել է հիմնականում դրամավարկային քաղաքականության դեֆորմացիայից, ոչ թե արդյունաբերական վերելքից։ Ինչպես միշտ, մենաշնորհային օլիգոպոլիաներն ու պետբյուջեի վակուումն են ապահովել այդ թվերի արհեստական վերելքը։ Զբոսաշրջության թվերն էլ՝ կրկին քանակի, ոչ որակի մասին են, որոնք առնվազն անհամեմատելի են երկրի պաշտպանունակության, ռազմավարական անվտանգության եւ ներսում լեգիտիմ իշխանություն ունենալու բացակայության հետ։ Եվ մինչ նա մարդկանց ականջին հերթական լափշան է կախում, մյուս կողմից էլ հետեւողական շարունակում է խեղել պատմությունը:
Նիկոլ Փաշինյանը՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ բացահայտ կերպով հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը եղել է ԽՍՀՄ-ի կողմից ներշնչված դոկտրինա, այլ ոչ թե ազգային ինքնագիտակցության արտահայտություն: Ըստ էության, նա լիովին ջնջում է հետխորհրդային Հայաստանի պատմական ենթատեքստը՝ պնդելով, թե դա եղել է թակարդ, որը խաթարել է Հայաստանի իրական անկախությունը։ Իրականում սա քարոզչական հերթական շրջադարձն է՝ ուղղված սեփական դավաճանությունը լեգիտիմացնելու նպատակին: Ինչքան դավաճանությունը խորանում է, այնքան արդարացումները դառնում են ավելի փիլիսոփայական եւ ինֆորմացիոն աղմուկի մեջ լուծվում, ուտվում ու կամաց-կամաց ստեղծում պատրանք, թե՝ ի՞նչ մանիպուլիացիա, գրեթե աստվածաշնչյան ճշմարտություն է հնչում Փաշինյան Նիկոլի շուրթերից։
Ահա այսպես ձեւավորվում է քարոզչական նախընտրական ամբողջ պսիխոզը, որի գլխավոր նշաններն են՝ վախի քարոզը, զանգվածային հիպնոսը՝ աղմկոտ միջոցառումների տեսքով, ընդդիմության չկազմակերպվածությունն ու հուսահատությունը, պատմության խեղումը՝ Ղարաբաղյան շարժման վարկաբեկման միջոցով։
Երկիրը մտել է ֆիկտիվ զարգացումների նոր փուլ՝ անորոշ ապագայի ներքո։ Իսկ ընդդիմադիր դաշտը դեռ տատանվում է՝ արդյո՞ք պետք է ընդհանրապես մեկ ճակատում հանդես գալ, երբ ընդդիմության մի մասը լատենտ նիկոլականությամբ է զբաղված: Սակայն սա դեռ նոր «վերջնախաղ» չէ։ Սա նույն խաղն է՝ նոր բեմադրությամբ։ Իսկ իրականությունը շարունակվում է մնալ փակ դռների հետեւում. պատերազմը՝ մարդկանց սրտերում գուցե դեռ չավարտված, խաղաղությունը միայն թղթի վրա գրված, իսկ պետությունը՝ ժողովրդից օտարված։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
