10 ՄԵԴԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտՎերջերս Սերբիայում կայացած Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կաշվե ձեռնոցի մարտիկները հաջող են հանդես եկել նվաճելով 10 մեդալ, որից 2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է Բռնցքամարտի պատանիների հավաքականի /տղաների /գլխավոր մարզիչ ԱՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը. «Ընդհանուր 10 մեդալ նվաճեցին մեր մարզիկները, ինչը շատ հաջող եմ համարում, ես գոհ եմ մեր մարզիկներից։ Ոսկե մեդալ նվաճեցին Տիգրան Կիրակոսյանը 50 կգ և Սուրեն Կատվալյանը 60 կգ։Թիմային հաշվարկով մենք 2-րդ հորիզոնականը գրավեցինք։ Սուրեն Կատվալյանը, մեկնարկում հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին, ապա պարտության մատնեց իսպանացի մրցակցին, կիսաեզրափակչում հաղթեց Իսրայելի ներկայացուցչին։ Եզրափակչում էլ ռուս մարզիկին հաղթեց, ամենաբարդը եզրափակիչն էր, քանի որ ռուս մարզիկը շատ ուժեղ ու փորձառու էր, սակայն Սուրենը կարողացավ ավելի ուժեղ գտնվել նրանից։ Մյուս ոսկե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը ընդհանուր 2 մենամարտ անցկացրեց։ 4։1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի ներկայացուցչին, մենամարտը շատ բարդ տրվեց։ Եզրափակչում ոսկե մեդալի համար թեժ պայքարում, կրկին 4։1 հաշվով հաղթեց ռուս մրցակցին։ Երկու հակառակորդներն էլ շատ ուժեղ էին։
Իսկ ահա արծաթե մեդալակիր ԿԱՐԵՆ ԶԱԽԱՐԱՅԱՆՆ էլ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ բացառիկ զրույցում նշեց այսպես.
- 57 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Սկզբից վաղաժամ հաղթեցի մակեդոնացի մրցակցիս, հենց մենամարտի առաջին ռաունդում։ Երկրորդ մենամարտում 5։0 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս, մենամարտի երրորդ ռաունդում։ Կիսաեզրափակչում պարտության մատնեցի ռուս մրցակցիս։ Ափսոս, եզրափակչում ծնկի վնասվածքի պատճառով հրաժարվեցի մենամարտել Սլովակիայի ներկայացուցչի հետ։ Այդպես արժանացա արծաթե մեդալի։ Այս արծաթե մեդալս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին մաղթելով խաղաղ, անփորձանք ծառայություն։
Մեդալից բացի, ադրբեջանցի մարզիկին հաղթելը ինձ համար պատվի հարց էր, իմանալով, որ մրցակիցս ադրբեջանցի է լինելու, ռինգում միայն մտածում էի նրան հաղթելու մասին։ Ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի հետագա մրցաշարերի ժամանակ կարողանամ ավելի լավ հանդես գալ ու նվաճել ոսկե մեդալ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ